Արցախի իշխանությունները պարտավոր են ավելի ներգրավված լինել ռուս խաղաղապահների՝ Ռուսաստանի միջնորդությամբ Ադրբեջանի հետ խոսելու հարցում, «Ազատության» հետ զրույցում ասաց լրագրող, հրապարակախոս Թաթուլ Հակոբյանը:
«Ես դա չեմ ուզում անվանել բանակցություն խոսելու հարցում, որովհետև եթե Արցախի մեր իշխանությունները՝ նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, չխոսեն, տեղի է ունենալու հետևյալ շատ վտանգավոր բանը՝ խոսելու է Հայաստանը միայնակ, Հայաստանի առաջ նորից դնելու են պարտարանք, թղթեր, Հայաստանը կարող է ստիպված լինել կրկին գնալ ցավալի զիջումների, և և Հայաստանի ներսում, և Արցախում ասելու են՝ տեսեք, հերթական դավաճանական քայլը», - նշեց Թաթուլ Հակոբյանը:
Ըստ նրա՝ չի կարելի ամեն ինչ թողնել Հայաստանի վրա. «Այո, Հայաստանը, ի վերջո, ինչ էլ որ ասեն, մայր հայրենիքն է և թև ու թիկունքն է, բայց իրենք պետք է ստանձնեն պատասխանատվություն, որովհետև եթե իրենք չստանձնեն պատասխանատվություն, ամբողջ պատասխանատվությունը հերթական՝ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ դնելու են Նիկոլ Փաշինյանի սեղանին, և մենք հայտնվելու ենք ծանրագույն վիճակի առաջ, և Արցախի՝ հայկական մեր իշխանությունները պատասխանատվություն չեն կրելու»:
Վերլուծաբանն ընդգծեց՝ չի կարծում, թե սա արդար է, հավելեց՝ պետք չէ վախենալ, մտնել բանակցությունների մեջ և ստանձնել պատասխանատվություն:
«Այնպես որ այս պատային վիճակը կարող է պայթել Հայաստանի համար չափազանց անկանխատեսելի հետևանքներով: Ինչո՞ւ եմ ասում Հայաստանի, որովհետև քանի դեռ ռուս խաղաղապահները Արցախում են, այնուամենայնիվ Ալիևը խոհեմ է, և Ալիևը երբեք չի գնալու Արցախում բախման, կարող է փոքր բախումների գնա, փոքր, ինչպես նախկինում է արել, այդ տարբեր հատվածներում, ինչպես վերջինը եղավ Բերդաձորի հատվածում, հարվածները ստանալու է Հայաստանը», - ասաց նա:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ.
Արցախում շրջափակման 28-րդ օրն է: Հայաստանին ու աշխարհին կապող միակ ճանապարհը էկոակտիվիստներ ներկայացող ադրբեջանցիները շարունակում են փակ պահել:
Արցախի կառավարությունը պահուստային պաշարից որոշ մթերքներ է բաժանում խանութներին: Մինչև շրջափակումը ամեն օր հարյուրավոր տոննաներով սնունդ, դեղորայք, այլ ապրանքներ էին մտնում Արցախ, հիմա ոչինչ չի մատակարարվում, վառելիքի պակասն էլ ավելի է սրում իրավիճակը։
Լաչինի միջանցքը շարունակում է բաց մնալ միայն ռուս խաղաղապահների համար: Արցախի բուժհաստատություններում տասնյակ ծանր հիվանդներ կան, որոնք երևանյան մասնագիտացված բուժկենտրոններում բուժումը շարունակելու կարիք ունեն, մինչև այժմ հնարավոր է եղել ընդամենը 15 հոգու տեղափոխել, այն էլ՝ միայն Կարմիր խաչի միջնորդությամբ ու նրանց մեքենաներով: