Իշխանությունը չի համակերպվում այն մտքի հետ, որ Բրյուսովի ռեկտորի ընտրություններում պարտվել է իրենց թեկնածուն ու ընտրվել իշխանության անցանկալի թեկնածուն, ասում է Բրյուսովի ռեկտորի պարտականությունները ժամանակավորապես կատարող Ցոլակ Ակոպյանը։
Նրա պնդմամբ, իշխանությունը բոլոր լծակները գործի է դրել, մի քանի ճակատով գործընթաց սկսել, որ տապալի նորընտիր ռեկտորի պաշտոնավարումը. - «Իշխանությունը չի մարսում էն հանգամանքը, որ բուհի միավորման գաղափարը թույլ չենք տվել, և իրենց թեկնածուն փաստորեն չի հաղթել մեր ռեկտորի ընտրություններում»։
Այսօր Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողներն են այցելել Բրյուսով, փնտրել են բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահին, որ չստորագրի ընտրությունների արդյունքների արձանագրությունը, ասում է Ակոպյանը։ Խորհրդի նախագահը փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանն էր, որին ռեկտորի ընտրություններից օրեր անց պաշտոնից ազատեցին։ Խորհրդի նոր նախագահ դեռ չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Քրեական վարույթներ՝ Բրյուսովի համալսարանի ռեկտորի ընտրությունների դեպքերով«Եկան, որպեսզի մի փաստաթուղթ ներկայացնեն, որտեղ առաջարկվում է չկնքել ընտրված ռեկտորի հետ պայմանագիր, որի իրավական հիմքը բացարձակ չկա», - փոխանցեց Ակոպյանը։
Հարկադիր կատարողները համալսարան են գնացել ռեկտորի պարտված թեկնածու Լեզվի կոմիտեի նախագահ Դավիթ Գյուրջինյանի դիմումի հիման վրա։ Նա դատարան է դիմել ու պահանջել անվավեր ճանաչել ռեկտորի ընտրությունների արձանագրությունը։ Ըստ նրա բողոքի՝ խորհուրդը պատշաճ չի կատարել պարտականությունները՝ թույլ տալով գործընթացի կոպիտ խախտումներ։
«Ես չեմ ուզում այդ թեմայով խոսել։ Դրա համար դիմել եմ իրավապահ մարմին», - ասաց Գյուրջինյանը։
Ռեկտորի պարտականությունները կատարող Ցոլակ Ակոպյանի խոսքով, կառավարությունը իրենց բուհի դեմ լարվեց, երբ աշնանը ուսանողներն ու դասախոսական կազմը պայքարեց բուհերի միավորման նախագծի դեմ։ Մտադիր էին մինչեւ տարվերջ Բրյուսովը, մանկավարժականն ու ֆիզկուլտինստիտուտը միավորել։ Բայց Կարինե Հարությունյանի գլխավորությամբ ուսանողները բողոքիա կցիաներ արեցին ու գործըընթացը կասեցվեց։ Ռեկտորի համար պայքարող մյուս թեկնածուն՝ Դավիթ Գյուրջինյանը կառավարության նախագծին կողմ է։
Բրյուսովում կարծում են, որ այս պատճառով էլ իշխանությունը ամեն ինչ անում է, որ վերընտրված ռեկտորի պաշտոնավարումը տապալվի ու սեփական թեկնածուին անցկացնի։
«Էս ամբողջ վարույթները... բացարձակ ռեկտորի ընտրության արդյունքները չհաստատելու, կառավարության օրակարգ չմտցնելու համար է», - ասաց Ցոլակ Ակոպյանը։
Ռեկտորի ընտրությունները 20 օր առաջ են եղել։ Գյուրջինյանը 8 ձայն է ստացել, Կարինե Հարությունյանը՝ 12։ Քսան քվեարկողից տասը կառավարության ու կրթության նախարարության ներկայացուցիչներ են եղել, և ստացվում է, որ այս կազմից էլ երկու հոգի քվեարկել է, ինչպես բուհում են ասում՝ անցանկալի թեկնածուի օգտին։ Ընտրության արդյունքներից օրեր անց էլ խորհրդի նախագահը չի ստորագրել արձանագրությունը, որից հետո կառավարությունը պետք է նշանակեր ընտրված թեկնածուին։
Ընտրությունից օրեր անց խորհրդի նախագահ համբարձում Մաթևոսյանին ու Կրթության նախարար Դումանյանին ազատեցին զբաղեցրած պաշտոններից։ Դրանից հետո դատախազությունը քրեական վարույթ սկսկեց ռեկտորի ընտրությունների գործով։ Ընտրությունների ընթացքում կատարված խուլիգանության և հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում թույլ տրված կեղծիքների դեպքերի առթիվ։ Թե ինչ կեղծիքների մասին է խոսքը, դատախազությունը չի հայտնում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահները քննում են՝ արդյոք Բրյուսովի ռեկտորի ընտրություններն ուղեկցվել են խուլիգանությամբ
Նախօրեին մեղադրանք է առաջադրվել ռեկտորի խորհրդական Գրիշա Թամրազյանին, ընտրության օրը համալսարանի միջանցքում նախկին նախարար Դերենիկ Դումանյանի հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Այս մասով էլ իշխանական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն է դատախազությանը հարցում ուղարկել՝ Հանրային հեռուստաընկերության ռեպորտաժի մեկնաբանության հիման վրա։
«Բնականաբար Ազգային ժողովի փոխարեն կարաիք ուղարկեիք նաև դուք այդ հարցումը, որովհետև մենք հանձնաժողովի մի քանի անդամներով դիտեցինք էդ տեսանյութը և որոշեցինք... ընդամենը դատախազությունից հարցրել ենք՝ արդյոք դատախազությունը տեղյա՞կ ա էս տեսանյութի բովանդակության մասին, ուսումնասիրե՞լ ա, թե՞ ոչ», - «Ազատությանն» ասաց Գաբրիելյանը։
Արդյո՞ք պատգամավորի հարցումն է պատճառ դարձել Թամրազյանին մեղադրանք առաջադրելու համար։ Գաբրիելյանն ասաց՝ չգիտի։ Գրիշա Թամրազյանը մեղադրանքը չի ընդունում, նրա լիազորությունները դադարեցվել են։ Իսկ վերընտրված, բայց պաշտոնում չհաստատված ռեկտորը երեկվանից արձակուրդում է։