Այսօր օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի մի շարք շրջաններում, այդ թվում Խարկովում։ Ըստ տեղից ստացվող հաղորդումների, ռուսները շարունակում են ռմբակոծել ուկրաինական բնակավայրերը։ Գիշերն էլ ռմբակոծության տակ էր Խերսոնը, որտեղ հրթիռակոծվել էր նաև ծննդատունը։ Թեժ է իրավիճակը նաև Բախմուտի արվարձաններում։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խարկովը ռմբակոծվել է, օդային տագնապ է հայտարարվել նաև Կիևում և Ուկրաինայի այլ շրջաններումԱրդեն հինգ ամիս է, ռուսական բանակը գրոհում է Դոնեցկի մարզի այս քաղաքը, հրետակոծությունները չեն դադարում, գրեթե բոլոր շենքերը ավերված են, իսկ բնակիչների մեծ մասը հեռացել է։ Մինչև պատերազմը Բախմուտում յոթանասուն հազար մարդ էր ապրում, այսօր մի քանի հազարն է մնացել, հիմնականում ծերեր ու երեխաներ, որոնք գրեթե դուրս չեն գալիս նկուղներից։
Նրանց թվում է Գլեբը, ով երազում է պարզապես դուրս գալ և զբոսնել ընկերների հետ. - «Երազում եմ, որ պատերազմն ավարտվի։ Սա իմ ամենամեծ երազանքն է։ Հետո հնարավոր կլինի ուրիշ բաների մասին երազել։ Երազում եմ ընկերներիս հետ զբոսնել, բայց նրանք չկան, հեռացել են քաղաքից»։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի նոր զեկույցի համաձայն, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի սկզբից ի վեր գրեթե յոթ հազար ուկրաինացի խաղաղ բնակիչ է զոհվել։ Վիրավորների թիվն էլ մոտենում է 11 հազարի։
ՄԱԿ-ը հավելում է, թե իրական զոհերի թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ ակտիվ ռազմական գործողությունների գոտուց տեղեկությունը գալիս է ուշացումով։
Մինչդեռ տասը ամիս տևող պատերազմի վերջը չի երևում։ Կիևը բոլոր ամբիոններից հայտարարում է որ ազատագրելու է գրավված բոլոր տարածքները՝ նեռարյալ Ղրիմը, իսկ Մոսկվան շարունակ կրկնում է՝ գրավված տարածքները Ռուսաստանի անբաժան մասն են։ Եվ միայն այս իրողության ներքո է Կրեմլը պատրաստ բանակցել պատերամին վերջ տալու համար։
«Առայժմ խաղաղ կարգավորման որևէ ծրագիր գոյություն չունի», - այսօր ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ պնդելով, որ խաղաղ համաձայնագրի ցանկացած նախագիծ, որը կշրջանցի չորս նոր ռուսական տարածաշրջանների մուտքը Դաշնության կազմ, «ընդունելի լինել չի կարող»։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պեսկով․ «Ցանկացած խաղաղ պլան պետք է հաշվի առնի Ռուսաստանի կազմ մուտք գործած նոր տարածքների առկայությունը»Մինչ կողմերը քաղաքական ու տարածքային պահանջներ են առաջ քաշում, իրավիճակը ճակատում բարդ է երկու կողմերի համար էլ։ Բախմուտի մոտ ռուսներն են փորձում ամեն գնով քաղաքը գրավել, իսկ Կրեմեննայա քաղաքի մոտ, որը Լուգանսկի մարզում է, ուկրաինացիներն են փորձում առաջ գնալ։ Տեղի վարչակազմից «Ազատության» ուկրաինական ծառայությանը փոխանցել են, որ ռուսական հրամանատարությունը և քաղաքացիական ծառայողները արդեն լքել են Կրեմեննայան, որի մոտ շարունակվում է ուկրաինական հակահարձակումը։
Պատերազմը նաև պարբերաբար հասնում է Ռուսաստանի տարածք։ Եվ խոսքը ոչ միայն սահմանամերձ Բրյանսկի և Կուրսկի մարզերի մասին է, որտեղ պաթյունները ռազմական օբյեկտներում սովորական են դարձել, այլև խորը թիկունքում գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտների մասին։
Այսպես, դեկտեմբերի 5-ին և 26-ին անօդաչու սարքերը հարվածել էին Ուկրաինայի հետ սահմանից 700 կիլոմետր հեռու գնտվող Էնգելսի ռազմավարական ավիացիոն բազային։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Պայթյուններ ՌԴ Էնգելս քաղաքի օդանավակայանի մոտ, 3 մարդ զոհվել էՈւկրաինայի անվտանգության խորհրդի և ազգային պաշտպանության քարտուղար Օլեքսի Դանիլովը նախօրեին հայտնել է, որ Ռուսաստանը ռազմավարական ռմբակոծիչները Սարատովի մարզից տեղափոխում է Հեռավոր Արևելք։