Արցախի մանկական հիվանդանոցում իրավիճակը կրիտիկական է, տարբեր դեղեր վերջանում են, բանջարեղենը՝ ևս. մասնագետ

Բժշկական կենտրոն, արխիվ

Արցախից ՀՀ տեղափոխված 4.5 ամսական տղայի վիճակը ծանր է, բայց կայուն

«Երեխան գտնվում է երկրորդ հիվանդասենյակում, բայց քանի որ շատ ընկալունակ է շրջապատի վիրուսների նկատմամբ, մենք մաքսիմալ սահմանափակում ենք իր մոտ այցերը», - 4.5 ամսական արցախցի փոքրիկի մասին է պատմում «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանը։ Անգամ հայրիկն է դռներից այն կողմ՝ հեռավար շփվում որդու հետ։ «Ընդերային լեյշմանիոզը» ինֆեկցիոն ծանր հիվանդություն է, բժիշկներն ասում են՝ ցանկացած շփում կարող է վտանգել երեխայի կյանքը, նա հիմա ցածր իմունիտետ ունի։

Տղայի վիճակը ծանր է, բայց կայուն։ Նա երկու օր առաջ Կարմիր խաչի միջնորդությամբ ու ուղեկցությամբ Ստեփանակերտից տեղափոխվեց Հայաստան։ Մինչև այդ «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի գլխավոր բժիշկ Հռիփսիմե Ապրեսյանն արցախցի իր գործընկերների հետ հեռավար էր հետևում փոքրիկի բուժման ընթացքին:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ծանր վիճակում գտնվող 4 ամսական երեխան Ստեփանակերտից տեղափոխվել է Երևան

«Արցախում երեխան արդեն ստանում էր իր բուժումը, այնտեղ սկսվել է բուժումը, և ի շնորհիվ այնտեղի մասնագետների տիտանական աշխատանքին՝ իսկապես մենք ծայրահեղ ծանր վիճակից հասել ենք ծանր վիճակի: Սահմանափակ հնարավորություններ կան այնտեղ շարունակելու առումով: Կան բաներ, որ պարզապես հնարավոր չէ, օրինակ՝ ոսկրածուծի ֆունկցիայի անհրաժեշտության դեպքում այնտեղ հնարավոր չի լինել, իսկ ինչ մնում է հիվանդության հիմնական բուժումը, սկսվել է այնտեղ», - նշեց նա:

Փոքրիկի բուժումը շարունակվում է, մայրը հիվանդասենյակից «Ազատությանը» նրա լուսանկարները փոխանցեց՝ դեմքի դեղնությունը կամաց - կամաց անցնում է, վիճակը՝ կայունանում։ Բժիշկները դեռ չեն կարող ասել, թե երբ երեխան դուրս կգրվի, ասացին՝ մանրակրկիտ ու երկարատև բուժում պահանջող հիվանդություն է։

Հազվադեպ հանդիպող այս վարակը կենդանիներից է փոխանցվում մարդուն, հաճախ մլակների խայթոցի միջոցով։ Փոքրիկն Արցախի մանկական հիվանդանոց էր տեղափոխվել անկանոն տենդի, ավշային հանգույցների մեծացման, մոմագույն մաշկի ու ընդհանուր թուլության ախտանշաններով։

«Քանի որ ունենում ենք կողմնակի այլ հիվանդությունների գումարում իմունոդեֆիցիտի պատճառով վիրուսների, բակտերիաների գումարում, հնարավոր չէ կանխատեսել: Դեպքեր են լինում՝ հենց 10 օր է տևում, ունեցել ենք դեպքեր՝ անգամ 3-4 ամիս շարունակվել է բուժումը», - հավելեց Հռիփսիմե Ապրեսյանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բժիշկների համաշխարհային ասոցիացիան Բաքվին կոչ է անում ապահովել անվտանգ անցումը Լաչինի միջանցքով

Արցախի «Արևիկ» մանկական հիվանդանոցում այս պահին 10 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: Հիվանդանոցի դեղորայքային պաշարները սպառվում են։ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոնի նյարդաբանների թիմի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը շրջափակված Արցախում է մնացել։ Երկու ամիսը մեկ նա ու իր գործընկերը Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում կոնսուլտացիաներ են անցկացնում, նյարդաբանների վերապատրաստում։ Ասում է՝ տեղում իրավիճակը կրիտիկական է, իրենց հսկողության տակ գտնվող 87 երեխա էպիլեպսիա ունի, նրանց հակացնցումային դեղերը վերջանում են:

«Կան հիվանդներ, որոնք ստանում են դեղեր, որոնք առկա չեն Արցախում և բերվում էին Հայաստանից, և վաղ թե ուշ կարծում եմ՝ մենք պիտի ունենանք դեպքեր ցնցումներով երեխաների, որոնք ընդունվում են հիվանդանոց: Բացի այդ, կա պակաս որոշակի ցավազրկողների, հակաբիոտիկների, որոշակի դոզաներով հորմոններ չկան, որոնք խիստ անհրաժեշտ են, հատկապես սուր իրավիճակներում», - նշեց նա:

Մանկական նյարդաբանն ասում է՝ նաև փոքրիկներին այդքան անհրաժեշտ կաթնախառնուրդի ու բանջարեղենի խնդիր կա Արցախում, իրենց դիմած մինչև մեկ տարեկան երեխաների զգալի մասը կաթնախառնուրդով է սնվում. «50 տոկոսը մեզ դիմած հիվանդների մինչև մեկ տարեկան, այսինքն՝ կրծքի հասակի, ստանում է կաթնախառնուրդ, որը ոչնչով փոխարինել հնարավոր չէ, որովհետև կովի կաթը, մենք բոլորս գիտենք՝ մանկաբույժներս, որ լավ չի այդ տարիքի երեխաների համար: 15 րոպե առաջ ես կոնսուլտացիայի էի մի երեխայի կրծքի հասակի, որն արդեն հավելյալ սնունդ էր ուտում կողքից, ու բանջարեղեն չկա, ընդհանրապես բանջարեղեն չկա, այսինքն՝ մամաները նախապես առել են բանջարեղենը խանութներից, պատրաստել են փոքր բալիկների համար պյուրե և պահեստավորել սառցարաններում, որպեսզի երեխաների վիտամինները չպակասեն»:

«Էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանիցներն արդեն 15 օր է, ինչ փակ են պահում Արցախը Հայաստանի կապող միակ ճանապարհը։ Արցախի առողջապահության նախարարությունն այսօր դարձյալ հայտարարել է՝ հերթական վիրահատությունները դադարեցված են, «Հանրապետական» բժշկական կենտրոնում 10 մարդ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, 4-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Այս օրերին 4.5 ամսական փոքրիկից բացի, մի տարեց քաղաքացի էր դարձյալ Կարմի խաչի միջնորդությամբ տեղափոխվել Հայաստան՝ սրտի անհետաձգելի վիրահատության համար։