15-րդ օրն է՝ Արցախը բլոկադայի մեջ է: Վերջին օրերին սպասում կար, որ այսօր՝ դեկտեմբերի 26-ին, Լաչինի միջանցքը փակած ադրբեջանցիները հեռանալու են այդտեղից, ճամփան բացվելու է: Այդ մասին ռուս խաղաղապահների անցակետ հասած արցախցիներն էին լսել:
«Ասաց նա, որ ամսի 26-ին տեղի է ունենալու բարձրագույն ղեկավարության հանդիպում, որի ընթացքում վերջնականապես այս հարցը լուծվելու է, և ասաց, որ ճանապարհը պետք է որ բացենք», - պատմում է «Վաղվա Արցախ» կուսակցության ղեկավար Տիգրան Պետրոսյանը:
Նա այսօր հայտարարեց՝ սպասում են Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական հավաքին, որին նաև Փաշինյանն ու Ալիևն են մասնակցում: Եթե որևէ արդյունք չլինի՝ ճամփան փակ մնա, արցախցիներով վաղը գնալու են Ստեփանակերտի օդանավակայանի տարածք՝ պահանջելու հանդիպում խաղաղապահ զորակազմի հրամանատրի հետ:
«Հիմա մենք ժողովրդով պետք է պարզենք՝ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը մեզ խաբո՞ւմ է, ինչո՞ւ», - ասում է նա:
Պատերազմից հետո արցախցիները վերադարձել են՝ հավատալով, որ ռուս խաղաղապահները եռակողմ հայտարարությանը հավատարիմ իրենց անվտանգությունն են ապահովելու: Հիմա 120 հազար մարդ վանդակում փակվել է, ասում է Պետրոսյանը. «Ձեր պարտականությունները կատարեք, կատարեք, մենք ձեզ կհարգենք»:
Այսօր առավոտյան էլ Հայաստանից մի խումբ քաղաքացիներ ավտոերթով շարժվել են դեպի Արցախ: Նախաձեռնողներից Հայկ Բարսեղյանը տեղեկացրեց՝ Տեղ գյուղի հայկական անցակետում բանակցում են ռուսական կողմի հետ: Ի սկզբանե, հայտարարում է, չեն համաձայնելու, եթե ռուսական կողմն առաջարկի ուղեկցել իրենց ադրբեջանցիների միջով դեպի Ստեփանակերտ:
«Կասկածներ ունենք, որ ադրբեջանական կողմն էլ դեմ չի, որ մենք իրենց մեջով անցնենք, որ իրենք իբր ցույց տան, որ տեսեք՝ մենք ինչ բարի ենք, դրա համար մենք պրովոկացիայի չենթարկվելու, ճանապարհի ստատուս քվոն վերականգնելու համար խաղաղապահի առաջ հավանաբար պայման ենք դնելու, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան իրենց հին գտնվելու վայրը՝ ճամփից հեռու, և չպիտի վերադառնան, և ճամփան պիտի վերադառնա իր հին վիճակին»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Լաչինի միջանցքում իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները․ ԳալուզինԱյսօր, ի դեպ, ադրբեջանական լրատվամիջոցները դադարեցրել են ներկայացնել միջանցքը փակած ցուցարարների առօրյան, ուղիղ հեռարձակում միջանցքից չկա: Միայն մի քանի կադրեր են այն մասին, թե որքան անարգել են ռուս խաղաղապահների բեռները շարժվում Լաչինով։
Իսկ արցախցիները շարունակում են պաշարման մեջ մնալ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Լեռնային Ղարաբաղի կառույցն «Ազատությանը» տեղեկացրեց՝ որևէ նոր պայմանավորվածություն չկա ծանր հիվանդների տեղափոխման կամ մարդասիրական բեռ արցախցիներին հասցնելու վերաբերյալ:
«Գրեչկան, ձեթը, դրանք պրծել ա, կարտոշկան չկա, գազարը, կաղամբը, միրգը, ինչ որ ժողովուրդը տանում է, չունենք կրուպեղեն», - ասում է արցախցի կանանցից մեկը:
Բլոկադայի կես ամսում ամեն օր խորանում է սննդի, դեղորայքի, վառելիքի ճգնաժամը:
«Խմիչքներ կան, բայց կարևորը երեխաների համար սնունդն է, ձավարեղեն, ձեթն է, որ խնդիրն է այս պահին, հույս ունեմ, որ ճանապարհները շուտ կբացվեն, և այս հարցը կլուծվի: Խնայողաբար ենք օգտագործում, որ չպրծնի», - ասում է մեկ այլ տեղացի:
Արցախի կառավարությունը սննդի ու դեղերի շրաջանառության հատուկ ռեժիմ է սահմանում, կտրոնային համակարգի են անցնում, ասում է Արցախի գյուղի ու գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի ղեկավարը:
«Առաջնահերթը եղել է ալյուրը, ձեթը և մի քանի այլ որոշակի ապրանքներ, դրանք արել ենք, սահմանափակումներ ենք արել, անցել կտրոնային, հիմա նույնը մնացած բոլոր ապրանքները հաշվառում ենք, որ անցում կատարենք կտրոնի, որ տեսնենք՝ ինչ ունենք ու ինչ ժամկետում կարող ենք օգտագործել», - նշեց Հրանտ Սաֆարյանը:
Այսօր հրավիրված օպերատիվ շտաբի նիստում քննարկվել են տարբեր սցենարների դեպքում բնակչությանն առաջնային անհրաժեշտության ապրանքներով ապահովվածության հարցը, խնայողական խիստ ռեժիմը պահպանվում է։
Երեկ հազարավոր արցախցիներ Վերածննդի հրապարակ էին հասել՝ «Հայաստան մի գնա զիջումների», «Խաղաղություն ենք ուզում», «Բացեք ճանապարհը» բազմալեզու պաստառներով:
«Ոտքով էլ լինի, ես գալու եմ այստեղ, մասնակցեմ, որ իմ ժողովուրդը պիտի մնա էստեղ, մենք էստեղ ծնվել ենք, պիտի ապրենք, մեր հողն ա, սա Ադրբեջանի հող չի», - ասում է Ռաբելա Հակոբջանյանը:
«Երեք ճանապարհ ունենք»,- հավաքվածներին է դիմել Արցախի պետնախարարը,- «Կամ դանդաղ ինտեգրվում ենք Աբրբեջանին, կամ դուրս ենք գալիս Արցախից, կամ մնում ենք ու պայքարում»: Վարդանյանն իր ընտրությունը կատարել է. «Ես այստեղ եմ, ես պայքարում եմ, ու ես այստեղից չեմ գնալու ու չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին»:
Պետնախարարը խոստացել է՝ Արցախի անկախությանն ու հաջողությանն է ուղղելու իր գիտելիքները, կապերը, ունեցվածքը:
Your browser doesn’t support HTML5