Մատչելիության հղումներ

Լաչինի միջանցքում իրավիճակը բարդացնում է Բաքվի և Երևանի միջև խաղաղության բանակցությունները․ Գալուզին


Լաչինի միջանցքի շուրջ սրացումը բարդացնում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման աշխատանքները, այսօր ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Անկասկած, Լաչինի միջանցքի շուրջ ներկայիս սրացման միջադեպերը չեն կարող չբարդացնել բանակցությունների ֆոնը, այդ թվում՝ խաղաղության պայմանագրի շուրջ», - ասել է փոխարտգործնախարարը՝ նշելով, որ ռուսական կողմը եռանդուն ջանքեր է գործադրում տեղում իրավիճակը կարգավորելու համար:

«Մենք ակնկալում ենք հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով համատեղ աշխատանքի շուտափույթ վերսկսում», - ասել է Գալուզինը՝ շարունակելով․ - «Մենք կարծում ենք, որ այս դեպքում փաստաթղթի շուրջ համաձայնության ժամկետն այնքան էլ կարևոր չէ: Գլխավորն այն է, որ Բաքուն և Երևանը կարողանան հասնել փոխադարձ ընդունելի լուծման, որը կերաշխավորի կայուն և արդար խաղաղություն տարածաշրջանում»։

Դիվանագետի խոսքով՝ ռուսական կողմը պատրաստ է աջակցել բանակցային գործընթացին՝ հոկտեմբերի 31-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության համաձայն։

Դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը չկայացավ։ Այն հետաձգվեց՝ հայկական կողմի խնդրանքով։ Այս պահին արտգործնախարար Միրզոյանի առաջնահերությունը Լաչինի միջանցքի վերագործարկումն ու Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հարցերն են, հայտարարեց Արտգործնախարարության խոսնակը։ Ավելի ուշ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը վերահաստատեց՝ դժվար է կառուցողական և արդյունավետ հանդիպումներ ունենալ չդադարող սպառնալիքների և ուժի գործադրման նորանոր դրսևորումների պայմաններում:

Արդեն երկու շաբաթ է՝ Ադրբեջանը փակած է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

XS
SM
MD
LG