Արցախի և Հայաստանի միջև ցամաքային ճանապարհի անխափան գործարկումը չի կարող լինել որևէ բանակցությունների և սակարկման առարկա, ասված է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքված ժողովրդի կոչի մեջ:
Դեկտեմբերի 12-ից սկսած Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ, հիշեցնում են արցախցիները՝ հավելելով, որ դրա արդյունքում ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում` շուրջ 30 հազար երեխա հայտնվել է ծանր կացության մեջ` զրկված լինելով ազատ տեղաշարժի ու դրա հետ կապված բազմաթիվ կենսական հնարավորություններից:
«Հերթական անգամ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի նորմերը և 2020թ. նոյեմբերի 9-ի Եռակողմ հայատարարությամբ ստանձնած պարտավորությունները: Արցախը արտաքին աշխարհին կապող հաղորդակցությունը պետք է առանց նախապայմանների ու անհապաղ վերականգնվի և պայմաններ ստեղծվեն դրա հետագա անխափան գործունեությունն ապահովելու համար:
Շարունակվող պայքարի ընթացքում մենք, ինչպես նախորդ տարիներին, այսօր էլ ունենք մայր Հայրենիքի և համայն հայության համակողմանի աջակցության կարիքը: Արցախի Հանրապետությունը շարունակելու է ջանքեր գործադրել իր ժողովրդի անվտանգությունն ու պաշտպանունակությունը ամրապնդելու համար` համադրելով սեփական կարողություններն ու Ռուսաստանի Դաշնության Խաղաղապահ առաքելության հնարավորությունները», - նշվում է հայտարարության մեջ:
Արդեն երկու շաբաթ շրջափակման մեջ գտնվող արցախցիներն այսօր հանրահավաք էին հրավիրել՝ պահանջելով, որ բնապահպան ներկայացող ադրբեջանցիները բացեն Արցախի «կյանքի ճանապարհը»:
Բաքուն հերքում է, թե Լաչինի միջանցքի արգելափակումը Արցախում հումանիտար ճգնաժամի է հանգեցրել: