Ռմբակոծվել են ուկրաինական Խերսոն, Խարկով և Կրիվոյ Ռոգ քաղաքները

Ռուսական ռմբակոծության հետևանքները Խարկովում

Ուկրաինական քաղաքները՝ Խերսոնը, Խարկովը, Կրիվոյ Ռոգը , այսօր կրկին հայտնվել են ռուսական ռմբակոծության տակ, կան զոհեր:

Օկուպացված Դոնեցկի իշխանություններն էլ պնդում են, թե առավոտյան ուկրաինական զինուժն է քաղաքը ռմբակոծել` «Գրադ» բազմակի հրթիռային կայաններով։ Զոհվածների և վիրավորների մասին օկուպացիոն իշխանությունները դեռ չեն հայտնում։

Չնայած որոշ փորձագետներ կարծում էին, թե ձմռանը ռազմական գործողությունները տեմպը կնվազի, իրականում այս օրերին իրավիճակը թեժ է նաև ճակատներում։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբն այսօր հայտնել է, թե բանակը լուրջ առաջխաղացում է ունեցել Լուգանսկի շրջանի կարևոր հատվածում, Դիբրովո բնակավայրի մոտ։

Կատաղի մարտեր են նաև Դոնեցկի շրջանում. այստեղ էլ ռուսներն են առաջ գնում մի քանի ուղղությամբ, և արդեն Բախմուտ քաղաքի արվարձաններում են։

Երեկ Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը հայտնել էր նոր բնակավայր գրավելու մասին. - «Դոնեցկի ուղղությամբ ռուսական զորքերի հարձակողական գործողությունների արդյունքում Վոդիանոյեի հիմնական հատվածը մեր վերահսկողության տակ է»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը պատրաստվում է Patriot-ներ փոխանցել Կիևին

Մինչ Ռուսաստանը ակտիվացնում է հարձակողական գործողությունները, թիրախավորում ենթակառուցվածները, Արևոմւտքն է'լ ավելի է մեծացնում ռազմական աջակցությւոնը Ուկրաինային։ Նախօրեին ամերիկյան մամուլը գրել էր, որ Վաշիգնտոնը մտադիր է Կիևին տրամադրել գերժամանակակից զենիթահռթիռային Patriot համակարգեր։

Երեկ Ուկարիանայի նախագահի աշխատակազմի ներակայցուցիչ Օլեքսիյ Արեստովիչը հայտարարել էր, որ այդ համակարգերը Ուկաինա կհասնեն արդեն առաջիկա օրերին։

Այսօր Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, թե ԱՄՆ նախագահի վարչակազմը կարող է Ուկրաինային այնպիսի սարքավորումներ փոխանցել, որոնք ինքնաթիռների չկառավարվող զինամթերքը վերածում են «խելացի ռումբերի»։

Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարության խոսնակ Յուրի Իգնատը «Ազատության» Настоящее время ծրագրի եթերում փաստել է, որ Վաշինգտոնի այս աջակցությունը աննախադեպ է՝ հավելելով միաժամանակ, որ Կիևն ավելի մեծ օգնության կարիք ունի. - «Ամերիկացիները հետևողական են։ Կցանկանայի, որ բոլոր այն երկրները, որոնք աջակցում են Ուկրաինային թե՛ կարեկցանքով, թե՛ բարոյապես, թե՛ հայտարարություններով ու ցավակցություններով, նաև զենքով աջակցեն։ Պայքարելու համար միջոցներ են պետք։ Միացյալ Նահանգները դա հասկանում է։ Հասկանում ենք, որ բոլորն ագրեսոր պետությանը նայում են հակամարտությունը չսրելու մտավախությամբ, այստեղ և միջուկային զենքի սպառնալիքն է և այլն։ Ուստի Ուկրաինան զենքը ստանում է փուլերով»։

Ուկրաինական կողմը բոլոր հարթակներից հայտարարում է, թե արևմտյան, առաջին հերթին, ամերիկյան ռազմական օգնությունն աննախադեպ է, սակայն շեշտում, որ ուկրաինական բանակին ռուսներին հաղթելու համար ավելի շատ, ավելի արդիական, ավելի հեռահար զենք է անհրաժեշտ։

Կիևը միաժամանակ պնդում է, որ զինամթերքի հետ կապված խնդիրներ ունի նաև Ռուսաստանը: Ուկրաինայի հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը օրերս ասել էր, թե ռուսական հրթիռների պաշարները սպառվում են, և նրանց զինանոցում եղածը կբավականացնի միայն մի քանի զանգվածային հարվածների համար. - «Այո, Ռուսաստանը շարունակում է հրթիռներ արտադրել։ Սակայն այդ թիվը համեմատելի չէ հին պաշարների հետ, որոնց մեծ մասն արդեն սպառել է Մոսկվան։ Ռուսական բանակը հրթիռների հետ կապված խնդիր արդեն այսօր ունի»։

Չնայած այս պնդւոմներին` ռուսական հարվածները շարունակվում են անդադար։ Ավելին՝ The New York Times-ը, վկայակոչելով բրիտանացի վերլուծաբաններին, օրերս գրել էր, թե Ռուսաստանը հրթիռակոծության համար օգտագործում է նոր թևավոր հրթիռներ, որոնք արտադրվել են արևմտյան վերջին պատժամիջոցներից հետո։