Մատչելիության հղումներ

Վաշինգտոնը պատրաստվում է Patriot-ներ փոխանցել Կիևին


Patriot զենիթահրթիռային համակարգ, արխիվ
Patriot զենիթահրթիռային համակարգ, արխիվ

Միացյալ Նահանգների վարչակազմը պատրաստվում է Patriot զենիթահրթիռային համակարգեր փոխանցել Ուկրաինային: Որոշումը կարող է ընդունվել արդեն այս շաբաթ, հաղորդում է CNN-ը՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան պաշտոնյաներին:

Այս պլանը դեռ պետք է հաստատի պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը: Երեք պաշտոնյաներ CNN-ին հաստատել են, որ Օսթինի համաձայնությունն արդեն կա:

Քանի Patriot կստանա Ուկրաինան՝ CNN-ի զրուցակիցները չեն ասել: Patriot մեկ մարտկոցը սովորաբար բաղկացած է ռադարից, հրամանատարական կետից, օժանդակ սարքավորումներից և մինչև 8 տեղակայումից, յուրաքանչյուրը՝ 4 հրթիռով:

Այս հզոր և ժամանակակից հակաօդային պաշտպանության համակարգը Ուկրաինային փոխանցելու մտադրությունների հաստատումը ամերիկյան պաշտոնյաներից ստացել է նաև Reuters գործակալությունը:

Եթե Ուկրաինան իսկապես ստանա Patriot-ը, դա կլինի ամենահզոր և առաջադեմ հակահրթիռային զենքը, որ դաշնակիցները տրամադրել են ուկրաինացիներին:

Patriot համակարգերը կարող են լիցքավորել տարբեր մոդիֆիկացիաների հրթիռներ՝ ներառյալ նրանք, որոնք կարող են խոցել թիրախները մինչև 80 կիլոմետր հեռավորության և մինչև 20 կիլոմետր բարձրության վրա: Համակարգը նախատեսված է գերձայնային արագությամբ թռչող թիրախներ ոչնչացնելու համար և կարող է միաժամանակ հետևել մինչև 125 թիրախի ու խոցել դրանցից 6-ը:

Ուկրաինան վաղուց էր խնդրում արևմտյան դաշնակիցներից ռուսական հարձակումներից պաշտպանվելու համար այնպիսի հզոր միջոց, ինչպիսին Patriot-ն է:

Հոկտեմբերից Ռուսաստանը պարբերաբար զանգվածային ռմբակոծության է ենթարկում Ուկրաինայի կենսական նշանակության էներգետիկ օբյեկտները՝ ձմռան ցրտին առանց լույսի, ջրի և ջեռուցման թողնելով միլիոնավոր ուկրաինացիների:

Տարբեր գնահատականներով՝ մինչ օրս չի վերականգնվել էներգետիկ ենթակառուցվածքների նույնիսկ կեսը: Ամեն օր երկրում հովհարային անջատումներ են, իսկ հարձակումներից անմիջապես հետո ամբողջ քաղաքներ օրերով զրկված են լինում և՛ լույսից, և՛ ջրից:

XS
SM
MD
LG