Կոնգրեսականներ Սթիվեն Քոենը և Ջո Վիլսոնը Ներկայացուցիչների տանը օրինագիծ են դրել շրջանառության մեջ, որով նախագահ Ջո Բայդենի վարչակազմին կոչ է արվում ձեռնարկել բոլոր միջոցները Ռուսաստանին զրկելու Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) Անվտանգության խորհրդի (ԱԽ) մշտական անդամի կարգավիճակից։
Նախաձեռնության հեղինակները ներկայացնում են երկու կուսակցությունները՝ Սթիվ Քոենը Դեմոկրատական կուսակցությունից է, Թենեսի նահանգից, իսկ Հարավային Կարոլինայից կոնգրեսական Ջո Վիլսոնը Հանրապետական կուսակցության անդամ է։
2012 թվականին ԱՄՆ Կոնգրեսի պատվիրակության կազմում Ջո Վիլսոնն այցելել էր Հայաստան։
Սթիվ Քոենի ու Ջո Վիլսոնի համատեղ հայտարարությունում նշված է, որ Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման և չհիմնավորված պատերազմի պատճառով Ռուսաստանի ներկայությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում խախտում է ՄԱԿ-ի նպատակներն ու սկզբունքները։
Նրանց կողմից ներկայացված նախագծում նշված է, որ Ռուսաստանը բազմաթիվ անգամներ միտումնավոր ու կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի սկզբունքները՝ ներառյալ Ուկրաինայի չորս շրջաններն անեքսիայի ենթարկելու անօրինական քվեարկությունները, Ուկրաինայի քաղաքներում կատարված վայրագությունները, ինչպես Բուչայում, Ռուսաստանը վտանգում է նաև պարենամթերքի համաշխարհային մատակարարումները։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ֆոն դեր Լայեն. «Այսօրվա դրությամբ զոհվել է ուկրաինացի 20 հազար խաղաղ բնակիչ և 100 հազար զինծառայող»Օրինագիծը նախագահ Բայդենին կոչ է անում ԱՄՆ-ի դաշնակիցների ու գործընկերների հետ համատեղ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերը՝ սահմանափակելու, կասեցնելու կամ դադարեցնելու Ռուսաստանի արտոնություններն ու իրավունքները, որ նա հիմա ունի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում։ Կոնգրեսականները նաև կոչ են անում կասեցնել Ռուսաստանի անդամակցությունը ՄԱԿ-ի այլ կառույցներին և մասնագիտացված գործակալություններին։
Անվտանգության խորհուրդը հիմնադրվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945 թվականի աշնանը։ Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության՝ խորհրդի վրա է դրված աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման պատասխանատվությունը։
Փորձագետները թերահավատ են, որ ԱԽ կազմից Ռուսաստանին հեռացնելու կամ իրավունքները սահմանափակելու ջանքերն արդյունք կտան։ ՄԱԿ-ի կանոնադրությունը որևէ դրույթ չի պարունակում Անվտանգության խորհրդի մշտական անդամին հեռացնելու վերաբերյալ։ Որևէ երկրի հնարավոր է ընդհանրապես հեռացնել ՄԱԿ-ի կազմից, բայց դրա համար անհրաժեշտ է Գլխավոր ասամբլեայի երկու երրորդի քվեարկությունը և Անվտանգության խորհրդի միաձայն համաձայնությունը, որը գործնականում անհնարին է, թեկուզ միայն հաշվի առնելով Ռուսաստանի ներկայությունը խորհրդում։
«Ռուսաստանի համաձայնությունը անհրաժեշտ է, և դա պարզապես տեղի չի ունենա»,- ասել է Human Rights Watch-ի ՄԱԿ-ի գծով տնօրեն Լուի Շարբոնեն, նշելով, որ Չինաստանը նույնպես դժվար թե համաձայնի նման նախադեպի։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Աշխարհի հզորագույն քսան պետությունների մեծ մասը խստորեն դատապարտում է ուկրաինական պատերազմըԱնդրադառնալով Կոնգրեսում շրջանառության դրված նախագծին՝ «Ֆորին Փոլիսի» հանդեսը նշում է, որ թեև Ներկայացուցիչների տան բանաձևերը օրենքի պարտադիր ուժ չունեն, այնուամենայնիվ մտածողություն են ամրապնդում Կոնգրեսում և նախագահի վարչակազմում։
Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու պատճառով միջազգային կառույցներում Ռուսաստանի դերակատարությունը սահմանափակելու մտածողությունը ընթացք է ստանում։ Անցած սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը Անվտանգության խորհուրդը բարեփոխելու կոչ էր արել։