«Աշխարհի հզորագույն քսան պետությունների մեծ մասը խստորեն դատապարտում է ուկրաինական պատերազմը», - ասվում է G20-ի առաջնորդների Բալիի գագաթնաժողում ընդունված եզրափակիչ կոմյունիկեում։
Փաստաթղթում միաժամանակ նշվում է, որ «իրավիճակի և պատժամիջոցների վերաբերյալ եղել են տարբեր գնահատականներ»։
Թե Մեծ քսանյակից որ երկիրն է, Ռուսաստանից բացի, այլ գնահատական տվել Ուկրաինայի դեմ պատերազմին, չի հաղորդվում։ Արևմտյան լրատվամիջոցները, սակայն, գրում են, թե այս անգամ շատ ավելի պրագմատիկ էր Չինաստանի դիրքորոշումը, որի ղեկավար Սի Ծինպինը գագաթնաժողովի շրջանակներում առաջին դեմ առ դեմ հանդիպումն ունեցավ ամերիկացի գոծընկերոջ հետ։
Ավելի քան երեք ժամ շարունակված բանակցություններից հետո Սպիտակ տունը հաղորդեց, թե առաջնորդները վերահաստատել են դիրքորոշումը, որ միջուկային պատերազմ չի կարելի թույլ տալ։ Նույն դիրքորոշումը Սին հայտնել էր նաև շաբաթներ առաջ Գերմանիայի ու Ֆրանսիայի առաջնորդների հետ հանդիպումից հետո։
Փորձագետները նշում են՝ դժվար է ասել, թե Պեկինը խախտում է Ուկրաինայի դեմ պատերազմի հարցում ավելի վաղ հայտարարած չեզոքությունը։ Մյուս կողմից, Չինաստանի չորս բարձրաստիճան պաշտոնյաներ, անանուն մնալու պայմանով, օրերս Financial Times-ին ասել էին, թե Պուտինը փետրվարին «Սի Ծինփինին ճշմարտությունը չի ասել հարձակման ծրագրերի մասին»։ New York Times-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, թե Չինաստանի ղեկավարը իրականում տեղյակ էր, բայց ակնկալում էր, որ ներխուժումը կավարտվի արագ և կպսակվի Ռուսաստանի հաղթանակով։
Այժմ՝ շուրջ ինն ամիս անց, Ֆրանսիայի նախագահը հայտարարում է, թե վստահություն ունի, որ Պեկինը կարող է աջակցել Արևմուտքին ռուսներին կանգնեցնելու հարցում. - «Վստահ եմ, որ Չինաստանը կարող է մեր կողմում ավելի կարևոր, միջնորդական դեր ստանձնել առաջիկա ամիսներին և թույլ չտալ, որ վերսկսվեն զանգվածային հարձակումները, որոնց ականատեսն էինք փետրվարին»։
Մինչ Արևմուտքը խնդիրը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հույս է հայտնում, Ռուսաստանը կարճ դադարից հետո երեկ վերստին ինտենսիվ ռմբակոծել է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածները։ Պաշտոնական Կիևի հաղորդմամբ, մեկ օրում ռուս զինվորականները մոտ 100 թևավոր հրթիռ են արձակել։ Առանց էլեկտրաէներգիայի մնացած Լվովի բնակիչները պատմում են, որ ստիպված են մշտապես գրպանում լապտեր պահել։
Ուկրաինայի նախագահն առավոտյան կարճ ուղերձ է հրապարակել՝ տեղեկացնելով, որ երեկվա գնդակոծությունից ժամեր անց էլեկտրաէներգիայի մատակարարումը մեծամասամբ վերականգնվել է. - «Ինձ զեկուցեցին, որ երեկվա ռմբակոծություններից հետո առավոտյան հաջողվել է մեծամասամբ վերականգնել էլեկտրամատակարարումը երկրում։ Մեր ծառայությունները ամբողջ գիշեր աշխատել են, ինչի համար շնորհակաություն եմ հայտնում նրանց։ Մենք հաստատ բոլոր թշմանիներին կհաղթենք, մի քիչ համբերեք։ Ես ձեզ նորմալ օր են մաղթում, առանց հրթիռակոծության»։
«Ուկրէներգոն» իր հերթին հայտնել է, որ նոյեմբերի 15-ին ռուսական հրթիռային հարձակումը «էներգետիկայի ոլորտի պատմության մեջ ամենամեծ հարձակումն էր» և ազդել է Ուկրաինայի բոլոր շրջանների վրա:
Մոսկվայի սանձազերծած պատերազմից տուժում են ոչ միայն ուկրաինացիները
Բելգորոդի մարզում ուկրաինական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է չորսի։ Ռուսական կողմի հաղորդմամբ, գնդակոծվել են Շեբեյկինո, Վալույկի և Գրայվորոնսկի շրջանի բնակավայրերը։
Իսկ Ուկրաինային սահմանակից Կուրսկի նահանգապետը հայտարարել է, թե դասերը հեռավար կլինեն ևս երկու շրջաններում։ «Սա անհրաժեշտ է երեխաների և ուսուցիչների անվտանգության համար», - գրել է նա տելեգրամ ալիքում։
Ավելի վաղ հեռավար ուսուցման էին անցել նաև Ուկրաինային սահմանակից չորս այլ շրջանների դպրոցները։