Ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը մտադիր է հեռացնել Ռուսաստանին տնտեսապես զարգացած 20 երկրների ցանկից և Ուկրաինա ներխուժման հարցը ներառել G-20-ի գագաթնաժողովի օրակարգում։
«Իրադարձությունները, որոնք ազդում են համաշխարհային հանրության վրա, ինչպես Ուկրաինան է և Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումը, հաճախ են առաջնային տեղ են գրավում միջազգային ֆորումներում։ Նման երկրների՝ այս պարագայում Ուկրաինայի տնտեսական վերականգնումն ու վերակառուցումը այնպիսի գործընթաց է, որին համաշխարհային հանրությունը պատրաստվում է անդրադառնալ և ներգրավվել», - ասում է Սպիտակ տան խոսնակ Ջեն Սաքին:
Սա բարդ դրության մեջ է դնում Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոյին, որն այս տարվա նոյեմբերին Բալիում կայանալիք G-20-ի նախագահն է։ Նա և գագաթնաժողովի մյուս անդամներն այլ օրակարգ ունեն։
«Նախագահ Վիդոդոն ցանկանում է, որ G-20-ի մանդատը պահպանվի։ Որպես զարգացող երկրների ներկայացուցիչ՝ նա ցանկանում է համոզվել, որ համավարակից տուժած երկրների վերականգնման օրակարգը պահպանվի և ներառի նաև էներգետիկ ճգնաժամի, ինչպես նաև հիմնական ապրանքատեսակների գների մատչելության առնչվող հարցերը», - ասում է Synergy Policies վերլուծական կենտրոնի փորձագետ Դինա Պրապտո Ռահարջան:
2014 թվականին Ղրիմի բռնակցումից հետո Մոսկվան դուրս է մղվել առաջատար արդյունաբերական ութ երկրների խմբից, որն այժմ հայտնի է որպես G-7:
Այնուամենայնիվ, քիչ հավանական է, որ Ռուսաստանը հեռացվի G-20-ից, քանի որ այն շատ ավելի մեծ և մրցակցող շահերով պետությունների խումբ է, որը որևէ անդամի հեռացնելու պաշտոնական մեխանիզմ չունի: Այս պահի դրությամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել առաջիկա գագաթնաժողովին՝ Պեկինի աջակցությամբ։
Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Գրեգորի Փոլինգը կարծում է, որ Բայդենը չի ցանկանա Պուտինի հետ նույն սենյակում լինել. «Կարծում եմ, որ Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն էլ չի լինի, եվրոպացի մի քանիսը առաջնորդներ էլ չեն լինի: Այս փաստը Ջակարտային շատ ծանր վիճակում կդնի։ Արդյո՞ք նրանք պատրաստ են հյուրընկալել Պուտինին հինգ կամ վեց առաջնորդների փոխարեն»։
G-20-ի համանախագահող դեսպան Դայան Տրիանշյահ Ջանին հայտարարել է, որ Ինդոնեզիան հաշվի կառնի անդամ երկրների տեսակետները՝ միաժամանակ պահպանելով G-20 տնտեսական համագործակցության ֆորումի առաքելությունը: Արձագանքելով այն քննադատությանը, որ Մոսկվային G-20-ի մասնակցությունից զրկելու Արևմուտքի պահանջը խաթարում է գագաթնաժողովի օրակարգը և պառակտում առաջացնում՝ Սպիտակն տան խոսնակն ասել է, որ Պուտինն ինքն իրեն է մեկուսացրել աշխարհից և «միջազգային ֆորումներում տեղ չունի»։