Մոսկվան մտահոգված է Լաչինի միջանցքի արգելափակմամբ

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվան ակնկալում է տրանսպորտային կապերի վերականգնում ամենամոտ ապագայում։

«Մենք մտահոգված ենք Լաչինի միջանցքի արգելափակմամբ, որը պայմանավորված է հանքավայրերի շահագործման հարցերի շուրջ կողմերի տարաձայնություններով», - հայտարարել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը՝ չհստակեցնելով, թե ում նկատի ունի «կողմեր» ասելով։

Նրա խոսքով՝ իրավիճակի թուլացման համար Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և խաղաղապահ զորակազմը այս օրերին ակտիվ աշխատանքներ են տանում, և Մոսկվան ակնկալում է «տրանսպորտային կապի լիարժեք վերականգնում ամենամոտ ժամանակներս»։

Մարիա Զախարովան հատուկ ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը գտնվում է Ռուսաստանի խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: «2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելիս կողմերը համապատասխան պարտավորություն են ստանձնել, որոնց պետք է անշեղորեն հետևեն»,- հայտարարել է ռուսաստանցի դիվանագետը՝ անթույլատրելի համարելով քաղաքացիական բնակչության համար խնդիրներ ստեղծելը:

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև անթույլատրելի և անարդյունավետ է որակել ռուս խաղաղապահների հասցեին մեղադրանքները՝ առանց հստակեցնելու, թե որ կողմից են դրանք հնչում, և շեշտել է՝ «որտեղից էլ որ դրանք հնչեն»։

Դեկտեմբերի 12-ի առավոտից փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բրյուսելը, Վաշինգտոնն ու Փարիզը Ադրբեջանին կոչ են անում բացել Լաչինի միջանցքը