Կանադան ուշադրությամբ հետևում է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձությունների և կոչ է անում Ադրբեջանին՝ բացել այն ու ապահովել ազատ տեղաշարժը՝ խուսափելու հնարավոր հումանիտար հետևանքներից։
Միաժամանակ, Կանադայի արտգործնախարարությունը, տարածած հայտարարությամբ, Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել բանակցությունները՝ խնդիրները խաղաղ երկխոսության միջոցով լուծելու համար։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։