Լաչինի միջանցքի հետ կապված իրավիճակը ցույց է տալիս, որ Բաքուն շարունակում է ցեղասպանության քաղաքականություն վարել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ, երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանը, կոպտորեն խախտելով իր միջազգային պարտավորությունները, արգելափակել է միակ կյանքի ճանապարհ հանդիսացող Լաչինի միջանցքը՝ այդպիսով կտրելով Լեռնային Ղարաբաղը Հայաստանից և արտաքին աշխարհից։ Մինչ մենք այս քննարկումն ենք անցկացնում, Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը զրկվել է ազատ տեղաշարժի իրավունքից. մայրերը բաժանված են երեխաներից, անբուժելի հիվանդ մարդիկ չեն կարողանում բժշկական պարագաներ և օգնություն ստանալ։ Ավելին՝ ձմռան ցրտաշունչ պայմաններում Ադրբեջանը խափանել է Լեռնային Ղարաբաղի գազամատակարարումը», - հայտարարել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:
Միրզոյանը շեշտել է՝ Լեռնային Ղարաբաղը կանգնած է պարենի, էներգիայի և ընդհանուր հումանիտար ճգնաժամի անմիջական սպառնալիքի առջև և իրավիճակը չկարգավորվելու դեպքում, ըստ ԱԳ նախարարի, կբերի աղետի։
«Նման պայմաններում Ադրբեջանի ղեկավարությունը պնդում է, որ իրենք պատրաստ են ապահովել հայերի իրավունքներն ու անվտանգության երաշխիքները, և որ ոչ մի միջազգային մեխանիզմ կամ ներկայություն չի պահանջվում: Այն, ինչ հիմա ունենք, ի ցույց է դնում, թե ինչպես են նրանք պատկերացնում այդ երաշխիքները»,- ասել է Միրզոյանը։
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել իր պարտավորությունները, որոնք ձեռք են բերվել տարբեր բազմակողմ ձևաչափերում։
«Ցավով պետք է արձանագրեմ, որ անվտանգային իրավիճակը որևէ էական բարելավման չի ենթարկվել։ Չնայած միջազգային հանրության կոչերին՝ Ադրբեջանը շարունակում է օկուպացված պահել Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Մենք շարունակաբար առերեսվում ենք Ադրբեջանի աճող ռազմական հռետորաբանությանը, որը բացահայտորեն սպառնում է մեր ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը», - ասել է Միրզոյանը՝ շեշտելով՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ավարտից երկու տարի անց հայ ռազմագերիների հայրենադարձության խնդիրը մնում է չլուծված։
«Ադրբեջանական կողմը շարունակում է իր խեղաթյուրումները՝ հումանիտար խնդիրներն արհեստականորեն հակակշռելու և հայ ռազմագերիների վերադարձը սակարկության առարկա դարձնելու նպատակով, ինչը բացարձակ անընդունելի է և չպետք է հանդուրժվի միջազգային հանրության կողմից», - նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Ադրբեջանական բանտերում, Բաքվի հաստատած տվյալներով, 38 գերի է պահվում։ Նրանց մեծ մասն արդեն դատապարտվել է տարբեր մեղադրանքներով՝ սահմանն ապօրինի հատելուց մինչև ահաբեկչություն: Հայկական կողմի չհաստատված տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է շուրջ ութ տասնյակ հայ գերի։ Բաքուն բազմիցս հայտարարել է, թե վերադարձրել է բոլոր գերիներին՝ ադրբեջանական բանտերում պահվող քաղաքացիներին անվանելով «ահաբեկիչներ»։
Դեկտեմբերի 13-ին երեկոյան Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է Արցախի գազամատակարարումը՝ շեշտելով՝ «եղանակային նման պայմաններում երկնագույն վառելիքի մատակարարման դադարեցումը հումանիտար ու տնտեսական ահաբեկչություն է, որը հետևողականորեն իրականացնում է Ադրբեջանը Արցախի խաղաղ բնակիչների դեմ»։
Դեկտեմբերի 12-ի առավոտից էլ փակ է Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արդեն մեկ օր է Արցախը գազ չունի. 120 հազար բնակիչ մնացել է առանց ջեռուցման