Երրորդ օրն է Արցախը շրջափակման մեջ է. ադրբեջանական կողմը Լաչինի միջանցքի Շուշիի հատվածում շարունակում է, իրենց ձևակերպմամբ, բնապահպանական ցույցը, և արդեն 25 ժամ է Արցախը նաև գազ չունի. 120 հազար բնակիչ մնացել է առանց ջեռուցման:
«Մենք չգիտենք, թե սա ինչքան է շարունակվելու, մենք անցնում ենք խնայողական ռեժիմի, խնայողական ռեժիմ նաև կառավարության համար», - հայտարարեց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:
Արցախի պետնախարարն առավոտյան հայտարարեց՝ վառելիք առաջնահերթ կտրամադրվի միայն շտապօգնության ծառայությանը, հասարակական տրանսպորտին ու հատուկ ծառայություններին. Արցախում արդեն իսկ առաջացել է բենզինի, դիզվառելիքի, հեղուկ ու սեղմված գազի պակաս: Ստեփանակերտից լուսանկարներ են տարածվում, որոնցում մարդիկ գազի փոքրիկ բալոններով հերթ են կանգնել լիցքավորման կայանի մոտ:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արցախում գազով ջեռուցվող կրթական հաստատություններն այսօրվանից անորոշ ժամանակով կփակվենԱդրբեջանական կողմը Հայաստանից դեպի Արցախ ձգվող գազատարը, որ տեղ-տեղ նաև ադրբեջանական դարձած տարածքով է անցնում, այս տարվա մարտին էր փակել, ապա այդտեղ փական տեղադրել՝ հենց Լաչինի միջանցքի տարածքում:
Այսօր «Ազերիգազը» հայտարարություն է տարածել, թե իրենք գազի այս անջատման հետ կապ չունեն։ Անլուրջ է, ըստ պետնախարար Ռուբեն Վարդանյանի. - «Իրենք կարան ամեն ինչ ասեն, բայց այսօրվա դրությամբ մենք գազ չենք ստանում»:
Գազ չլինելու պատճառով 36 դպրոց այսօրվանից փակվել է, փոքրիկների չի ընդունել 27 մանկապարտեզ:
«Ուսումնարաններից երեքից երկուսը դաս չեն արել, 4 բուհից երեքը դաս չեն արել և 4 քոլեջից ոչ մեկը դաս չի արել», - ներկայացրեց Արցախի Կրթության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մինասյանը:
Մինասյանի տեղեկացմամբ՝ այսօր գործել են միայն այն դպրոցները, որտեղ փայտե վառարաններ կան, կամ ջեռուցումը հոսանքով է։ Գազի բացակայությունն ու Արցախի միակ ճանապարհի փակ մնալը խնդիրներ են ստեղծել առողջապահական համակարգում. Ստեփանակերտի հիվանդանոցի վերակենդանացման բաժնում 11 ծանր հիվանդ կա, 2-ը ծայրահեղ ծանր, նրանց Երևան հասցնել չի ստացվում: Արցախի հիվանդանոցներում այժմ դադարեցվել են պլանային վիրահատությունները՝ վառելիքի խնայողության համար:
Ստեփանակերտցիներն այսօրվանից անցել են փայտե վառարանների:
«Տունը տաքացնում էինք գազով, դե հիմա քանի որ գազը կտրել են, ստիպված անցել ենք փայտի: Մենք նախորոք մտածել ենք, որ քանի այստեղ ենք ապրում, հնարավոր է՝ մի օր էլ գազ չլինի, դրա համար այնպես ենք միացրել, որ եթե գազ չլինի, փայտի անցնենք», - ասաց Ստեփանակերտի բնակիչներից Բերտա Պողոսյանը:
Ուսուցչուհի Բերտա Պողոսյանը 6 անչափահաս երեխա ունի, դպրոցը, որտեղ աշխատում է ու որտեղ նաև իր երեխաներն են սովորում, փայտով է տաքացվում, այսօր այդտեղ դասերը չեն ընդհատվել: Բերտան ասում է՝ իր 30 առաջինցիներից 24 -ն այժմ դասի են: Կան արցախցիներ, որ այս օրերին անորոշության մեջ են, ասում է, շատ հուզվում են, բայց հուսահատվածներ չկան:
«Տարբեր տրամադրության, բայց ոչ ոք չի էլի մտածում՝ վերջ, մտածում ենք, որ կպայքարենք, էս դժվարությունն էլ կհաղթահարենք, ինչ-որ լուծում անպայման կլինի դրական, այդպես ենք սպասում էլի», - նշեց ուսուցչուհին:
Մեկ այլ արցախցի՝ Լիանա Ոսկանյանը ուշադիր եղանակի տեսությանն է հետևում: 5 փոքրիկների մայր է՝ շուտով վեցերորդը կունենա. - «Դե Աստված մեր կողմից է այսօր, շատ տաք էր մեր մոտ, գարնանային արև էր մեր մոտ, նույնիսկ էլեկտրական տաքացման կարիք չկար»
Առաջիկա օրերին Արցախում ջերմաստիճանը կբարձրանա մինչև 5 աստիճանով, տաք օդային հոսանքներ են գալիս՝ սա միակ լավ լուրն է, որ այսօր միմյանց են փոխանցում Արցախում: Լիանան ասում է՝ երեկ, երբ գազն էլ անջատեցին, բնակիչներն սկսեցին անհանգստանալ, սնունդ կուտակել, այսօր նա խանութում հաց չէր գտել:
«Հացն է շուտ սպառվում խանութներում, քիչ քանակությամբ են խանութներին հացը տալիս, չեմ հասցրել վերցնեմ, բայց երեկվանից դեռ ունեմ», - ասաց նա:
Արցախի կառավարությունից վստահեցնում են սննդի պաշարներն այս պահին բավարար են: Հետևում են, որ գների անհիմն թանկացում չլինի։ Արցախն այս պահին Հայաստանից, որևէ տեղից ոչինչ ստանալ չի կարող, Արցախը պաշարված է արդեն 58 ժամ։
«Ինչքան էլ ուզում են ճանապարհը փակեն, մեզ վախեցող չկա», - նշեց Լիանան:
«Վերջին կտոր հացն էլ կկիսենք», -ասում է ստեփանակերտցի Լիանա Ոսկանյանը, երկու ամսից ծննդաբերելու է՝ վստահ է՝ Ստեփանակերտի ծննդատանը: