Ըստ ԿԲ-ի՝ բարձր գնաճը դեռևս կպահպանվի

Գնաճը վերահսկող կառույցը՝ Կենտրոնական բանկը շարունակում է թանկ դրամի իր քաղաքականությունը։ Երկրի գլխավոր դրամատունը երեկ որոշեց ևս 0.25 տոկոսով բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ այն սահմանելով 10.75 տոկոս։

Կենտրոնական բանկը հայտարարում է՝ իրենց վարած քաղաքականության, արժևորված դրամի ու արտաքին գործոնների արդյունքում ներմուծվող պարենային ապրանքների թանկացումների տեմպը որոշակիորեն դանդաղում է, բայց բարձր գնաճը դեռևս կպահպանվի։

«Մեր կանխատեսումների համաձայն, դեկտեմբերին որոշակի արագացում կլինի, սակայն, մի փոքր ավելի ցածր քան մենք նախկինում անկալում էինք։ Մեր կանխատեսումը տարվա համար 9-ից 9.5 տոկոսի միջակայքում է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Հրապարակված վերջին տվյալներով՝ հատկապես բարձր է մնում սննդամթերքի գների աճը։ 12 ամիսների ընթացքում սնունդը Հայաստանում թանկացել է 11,1 տոկոսով։

Ամենաշատը թանկացած ապրանքների թվում շարունակում են մնալ հացը, միսը, կաթնամթերքն ու ձավարեղենը։

Աննախադեպ բարձր գնաճը, դրամի էական արժևորումը Հայաստանի տնտեսական տարվա գլխավոր իրադարձություններից էին։ Դրանց հիմնական պատճառներից էր ռուս-ուկրաինական պատերազմից հետո դեպի Հայաստան ռուսաստանցիների մեծ ներհոսքը։

Շարունակվող գնաճի վրա, ըստ տնտեսագետների, ազդում են նաև լոգիստիկ խնդիրները, մասնավորապես, Հայաստանն իր գլխավոր առևտրային գործընկեր Ռուսաստանին կապող վերին Լարսի խցանումները։

Կենտրոնական բանկի նախագահը երեկ հայտարարեց՝ կանխատեսում են, որ գնաճը թիրախային 4 տոկոս ցուցանիշին կմոտենա հաջորդ տարվա երկրորդ կեսին։

«Արդեն վախում եմ ինչ-որ տենց բաներ ասեմ, որովհետև մի քանի անգամ դրա միջով անցել ենք, որ մեզանից անկախ, էկզոգեն գործոններով պայմանավորված, մենք համարյա մոտենում էինք թիրախին, նորից գնացել ենք վերև։ 2023-ի երկրորդ կիսամյակում մոտենում ենք մեր գնաճի թիրախային մակարդակին՝ 4 տոկոս», - ասաց Մարտին Գալստյանը։

Մարտին Գալստյան

Գլխավոր դրամատան ղեկավարի խոսքով՝ միջազգային շուկաների վերլուծությունը ցույց է տալիս, որ պարենային ապրանքների գները գուցե նվազեն։

«Կանխատեսվող հորիզոնում պարենի գները ոչ միայն չեն աճի, այլև կնվազեն, իհարկե, պայմանավորված առաջարկով և ռուս-ուկրաինական ճգնաժամի հաղթահարմամբ հացահատիկ, արևածաղիկ և էդ տիպի ապրանքների համար», - ասաց Մարտին Գալստյանը։

Կենտրոնական բանկի վարած թանկ դրամի քաղաքականությունից անցնող ամիսներին դժգոհում էին արտահանողները, ովքեր դրամի արժևորվան այս շրջանում վնասներ են կրում։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանում սննդամթերքի թանկացումը շարունակում է երկնիշ մնալ. թոշակառուները դժգոհում են