Նվազագույն ամսական աշխատավարձի բարձրացումն պետք է ուղեկցվի համապատասխան տնտեսական հնարավորություններով, իսկ նման հնարավորություններ առայժմ չկան։ Գործադիրը ուսումնասիրել և այսպես է պատասխանել նվազագույն աշխատավարձը 80 հազար դրամ դարձնելու ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկին։
Կառավարությունը նախորդ նիստին չզեկուցվող հարցերի շարքում անդրադարձել է ընդդիմադիրների նախաձեռնությանը՝ նախագծի վերաբերյալ սեփական առաջարկներն ու բացատրությունները ներկայացնելով։
Գործադիրը համարում է, որ նախագծի հիմնավորումերում բացակայում են տնտեսական հիմնարար վերլուծությունները, պարզաբանված չեն ռիսկերը։ Կառավարությունը նշում է՝ նվազագույն աշխատավարձի չհիմնավորված բարձրացումը կարող է հանգեցնել զբաղվածության մակարդակի նվազման, ձևավորել գնաճային ճնշումներ և հարկաբյուջետային ռիսկեր։
Կառավարությունը մտավախություն ունի, որ նվազագույն աշխատավարձի այսչափ բարձրացումը կարող է մի վիճակ ստեղծել, երբ գործատուները, չցանկանալով աշխատավարձ բարձրացնել, կամ կկրճատեն ենթակաների աշխատաժամանակը, կամ ընդհանրապես կազատեն աշխատանքից՝ նրանց հետ արդեն ստվերում աշխատանքային հարաբերությունների անցնելով։
Սա, գործադիրի գնահատմամբ, կհանգեցնի բյուջետային մուտքերի նվազման։
Մինչ կառավարությունը հիմնավորումներ է ներկայացնում, թե ինչու հիմա նվազագույն աշխատավարձը չեն կարող բարձրացնել, խանութներում, շուկաներում գները շարունակում են աճել ու աճել։
«Ինչի՞ ա նախագիծը հիմնավոր և արդիական։ Հետևյալ պարզ տրամաբանությամբ. առաջին անհրաժեշտության ապրանքների գները առաջանցիկ թանկանում են», - ասում է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ ընդգծելով, որ այս թանկացումների պատճառով հատկապես տուժում են աշխատող, բայց աղքատ քաղաքացիները, իսկ նրանց կառավարության հիմնավորումերը այդքան էլ չեն հետաքրքրում։ - «Աշխատող աղքատը ամեն հաջորդ օրն ավելի է աղքատանում, մեղավո՞ր է, որ օրվա իշխանությունները ձախողում են տնտեսական քաղաքականությունը, չեն կարողացել տնտեսությունը դուրս բերել 2020-ի անկումից հետո վերականգնման փուլ։ Այսինքն՝ իրենց խնդիրն է, և իրենց խոստումների մեջ է էդ ամեն ինչը նշված»։
2021 թվականին Հայաստանում 12-ամսյա գնաճը 7,7 տոկոս կազմեց, ինչն աննախադեպ էր վերջին տասնամյակի համեմատ։ Այս թանկացումների ֆոնին մարդկանց եկամուտները նույն համաչափությամբ չեն ավելանում, նվազագույն աշխատավարձը մնաց նույն 68 հազար դրամը, 2100 դրամով, այդուհանդերձ, ավելացավ նվազագույն կենսաթոշակը։
Մասնագետներն ահազանգում են՝ գնաճը շարունակվելու է, նույն մտավախությունն իշխանություններն էլ ունեն, քաղաքացիներն էլ չեն թաքցնում՝ մի կերպ են գոյատևում։
Ընդդիմադիր խմբակցության ներկայացրած նախագծի հիմնավորումներում գրված է՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումն անհրաժեշտ է, քանի որ գործող 68 հազար դրամը չի լուծում սոցիալական խնդիրները և շատ դեպքերում համարժեք չէ աշխատողների գործադրած ջանքերին։ Ընդդիմադիրները հղում են անում Սահմանադրության 82-րդ հոդվածին՝ յուրաքանչյու աշխատող արժանապատիվ պայմանների իրավունք ունի։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը զարմանալի է համարում, որ կառավարությունն այսպիսի հարցերի է անդրադառնում՝ բաց, հանրային քննարկում ծավելելով չզեկուցվող հարցերի շարքում, այնինչ խնդիրն օրակարգային է. - «Այդ կարևորագույն հարցը քննարկվում է առանց քննարկման՝ կառավարությունը հաստատում է՝ նույնիսկ առանց դրա մասին քննարկելու... Որովհետև չեն ուզում բարձրաձայնեն»։
Պատգամավորը վստահ է՝ նվազագույն աշխատավարձը բարձացնելու նախագիծն այս անգամ էլ է մերժվելու ու խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգ չի մտնելու։
Այս կառավարության խոստումներից է մինչև 2026 թվականը նվազագույն աշխատավարձը 85 հազար դրամ դարձնելը։ Ընդդիմադիրների նախագծի վերաբերյալ հրապարակած եզրակացությունում գործադիրը նշում է՝ նվազագույն աշխատավարձի շարունակական բարձրացումն ապահովվելու է՝ համապատասխան հնարավորության առկայության դեպքում։