Մատչելիության հղումներ

Դրամի համեմատ դոլարի կտրուկ արժեզրկման պատճառով հայաստանյան ՏՏ ոլորտը լրջագույն խնդիրների է բախվել


Դրամի համեմատ դոլարի կտրուկ արժեզրկման պատճառով հայաստանյան ՏՏ ոլորտը լրջագույն խնդիրների է բախվել, շատ ընկերություններ բարձրաձայնում են փակվելու վտանգի մասին։

Արտասահմանյան հաճախորդների համար համակարգչային ու բջջային ծրագրեր պատրաստող «Էսթերոքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Արմեն Ադամյանի խոսքով՝ դոլարի արժեզրկման պատճառով հիմա ոչ միայն չեն կարող ընդլայնել 40 աշխատակից ունեցող բիզնեսը, այլև պահուստային միջոցների հաշվին են աշխատում։

«Մեր ունեցած նախորդ պահուստների հաշվին հիմա կարելի է ասել դիմակայում ենք, որը անվերջ հնարավոր չի: Այո, կարող ենք 6 ամիս և այլն դիմակայել, բայց հնարավոր չի», - ասաց Ադամյանը:

Ռուս-ուկրաինական պատերազմից հետո ռուսաստանցիների ու նրանց ֆինանսական միջոցների մեծ ներհոսքը հանգեցրեց դրամի կտրուկ արժևորման։ Եթե տարեսկզբին Հայաստանում մեկ դոլարն արժեր շուրջ 480 դրամ, ապա այժմ բանկերն այն վաճառում են 402 դրամով։ Սա խիստ հարվածել է արտասահմանյան գործընկերների հետ դոլարով աշխատող անհատներին ու կազմակերպություններին։

«Մենք էլ մեր քաղաքականությունն ենք անում, նոր գործընկերներ ենք ման գալիս, որ կարողանանք ավելի շատ դիմակայել, բայց եթե էս վիճակում գնաց, արդեն հետ ենք գնում էլի», - ընդգծեց Ադամյանը:

ՏՏ ընկերությունները կառավարությունից աջակցություն են ակնկալում. Արմեն Ադամյանի խոսքով իրենց խոստումներ են տվել. «Հինգ ամիս առաջ են եղել հանդիպումներ կառավարության հետ, Կենտրոնական բանկի հետ, խոստացվել է, որ ինչ-որ բաներ կարվեն, բայց մինչև հիմա դեռ ոչ մի արդյունք չունենք»:

Ի՞նչ է անում գործադիրը Հայաստանում ամենահեռանկարայինը հռչակված ոլորտի հոգսը թեթևացնելու համար։ Վերջերս հայտնի դարձավ Էկոնոմիկայի նախարարության առայժմ քննարկվող մի նախագծի մասին, որով IT ընկերություններին արտոնություններ կտան՝ որոշակի ժամանակահատվածով վերադարձնելով նրանց վճարած եկամտահարկը։ Նախագիծը դեռ մշակման փուլում է, շատ մանրամասներ դեռ չի հաղորդվում։

«Դա արագ լուծման տարբերակներից մեկն է և իր պարզ մեկնաբանությունը ունի՝ երբ որ եկամտահարկը նայում ենք 20 քանի տոկոս է և դոլարը քսան քանի տոկոսով ընկել է, ոնց որ եղավ այդ ընկածի փոխհատուցում էլի, իրար հետ նմանեցվող բաներ են, բայց կարծում եմ, որ դա երկարաժամկետ լուծում չէ», - նշեց «Էսթերոքս» ընկերության հիմնադիր-տնօրենը:

Տնտեսագետի կարծիքով՝ մեկ ոլորտին այսչափ աջակցություն տրամադրելը արդար չէ

«Խոսքը գնում է չորս ամսվա եկամտային հարկի վերադարձը՝ շուրջ 16 միլիարդ դրամի մասին: իմ կարծիքով՝ այդ մեծ ծավալի աջակցությունն այդքան էլ արդարացված չէ», - ասաց տնտեսագետ Հայկազ Ֆանյանը:

Տնտեսագետի կարծիքով՝ մեկ ոլորտին այսչափ աջակցություն տրամադրելը արդար չէ, մասսայական օգնությունն, ըստ նրա, այժմ ոչ նպատակահարմար է. «Կառավարության աջակցությունը թիրախային պետք է լինի, վերջին հաշվով մարդիկ, որ զբաղվում են նաև բիզնեսով նաև պետք է մտածեն իրենց արտադրության ռիսկերի մասին և փորձեն միջոցներ ձեռնարկել այդ արտարժութային ռիսկերը զսպելու նպատակով»:

Իսկ աջակցության ի՞նչ այլ գործիքներ կարող է կիրառել գործադիրը։ Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը մի քանիսն է թվարկում՝ հարկային արձակուրդ, արտոնյալ վարկեր, սուբսիդիաներ։ Մեխանիզմերը բազմազան են, ասում է փորձագետը:

«Ուղղակի պետք է հասկանալ մի քանի բան՝ կառավարությունը ինչքան իրեն կարող է թույլ տալ, ինչ նպատակի համար է դա իրականցվում, ինչքանով է դա արդյունավետ», - ընդգծեց Ֆանյանը:

Տնտեսագետները համոզված են՝ տուժած ոլորտներին աջակցելու համար դոլարի արհեստական թանկացումը նույնպես լուծում չէ, սա էլ ավելի մեծ թանկացումների կհանգեցնի՝ հարվածելով սոցիալապես ոչ ապահով շերտին։

Դրամի կայունության ու գնաճի վերահսկման պատասխանատու Կենտրոնական բանկն անցնող ամիսների ընթացքում պարբերաբար հայտարարում է՝ եթե միջամտեին փոխարժեքի շուկային ու փորձեին էժանացնել դրամը։ Գնաճը շատ ավելի բարձր կլիներ։ Հրապարակված վերջին տվյալներով՝ 12-ամյսա գնաճը 9.5 տոկոս է կազմում։ Գլխավոր դրամատան կանխատեսմամբ՝ թանկացումները շարունակվելու են։

XS
SM
MD
LG