Բանտարկյալների փոխանակումը լրտեսական ֆիլմի կադրեր է հիշեցրել
Զենքի մաքսանենգության համար ԱՄՆ-ում դատապարտված գործարար Վիկտոր Բուտի և թմրադեղի մաքսանենգության համար Ռուսաստանում դատապարտված բասկետբոլիստուհի Բրիթնի Գրայների փոխանակումը երեկ իրականացվեց ճիշտ լրտեսական սյուժեով ֆիլմերի սցենարով:
Չեզոք տարածքում՝ տվյալ պարագայում Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիի օդանավակայանի թռիչքուղու վրա կայանված են երկու մասնավոր օդանավեր: Ժամանում են մեքենաներ, որոնցից դուրս են գալիս փոխանակվող անձինք և նրանց ուղեկցողները: Նրանք մոտենում են միմյանց, մեկ-երկու խոսք փոխանակում, ապա ուղևորվում դեպի օդանավեր:
Դա տևեց րոպեներ, սակայն փոխանակումն իրականացնելու համար պահանջվեցին ծանր բանակցությունների ամիսներ: Վիկտոր Բուտին առավոտյան ժամը երեքին են բանտում կարգադրել վեր կենալ և հավաքել իրերը:
Ամերիկայում հուսով էին, որ փոխանակման տարբերակով ազատություն կստանա նաև Ռուսաստանում լրտեսեության մեղադրանքով դատապարտված Փոլ Ուիլանը, սակայն բանակցությունների արդյունքում կողմերը համաձայնեցրել են մեկական բանտարկյալի փոխանակումը:
Միացյալ Նահանգների պետական քարտուղար Էնթոնի Բլինքենն ասել է, որ ընտրությունը փաստորեն մեկի և զրոյի միջև էր:
«Չենք մոռանում Փոլ Ուիլանին»
Վաշինգտոնը հավաստիացնում է, որ ամեն բան կարվի մի օր նաև Ուիլանին տուն վերադարձնելու համար: Այդ է նշել իր ուղերձում նախագահ Ջո Բայդենը:
«Մենք երբեք չէինք մոռացել Բրիթնիի մասին, չենք մոռանում տարիներ շարունակ անարդար մեղադրանքով Ռուսաստանում բանտարկված Փոլ Ուիլանին: Այստեղ չկար ամերիկացիների միջև ընտրություն անելու հարց, ժամանակին, երբ հնարավորություն եղավ, վերադարձրեցինք անարդար բանտարկված Թրևոր Ռիդին: Ռուսները նույն կերպ չեն ընկալում Ուիլանի և Բրիթնիի գործերը: Բայց մենք կշարունակենք նրան ազատելու ջանքերը»,- ասել է Բայդենը:
Բանտում մնացած Ուիլանը փաստաբանների միջոցով իր հիասթափությունն է հայտնել հարցի նման հանգուցալուծման կապակցությամբ և խնդրել է նախագահ Բայդենին փոխանցել, որ անհրաժեշտ է ավելին անել իր ազատումն ապահովելու համար:
Պետքարտուղար Բլինքենը երեկ ասել է, Վաշինգտոնը պատրաստ է որոշ կարևոր ոլորտներում շարունակել շփումները Մոսկվայի հետ: Ենթադրվում է, որ տեսանելի ապագայում երկու երկրները կարող են շարունակել բանակցությունները բանտարկյալների փոխանակման շուրջ:
Էնթոնի Բլինքենի խոսքով, ամերիկյան իշխանությունները զրուցել են Ուիլանի և նրա ընտանիքի անդամների հետ:
«Մենք ունեցանք Ուիլանի հետ անցած 24 ժամում կապ հասtատելու հնարավորություն: Մեկ բան կարող եմ նշել՝ նա անչափ բարեհամբույր է և անչափ խիզախ մարդ է»,- ասել է Էնթոնի Բլինքենը:
Կա նոր փոխանակումների հնարավորություն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն էլ այսօր ասել է, որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատկան ծառայությունների շփումները գործնականում երբեք չեն ընդհատվել:
«Արդյո՞ք հնարավոր են նոր փոխանակումներ, այո, հնարավոր են, դա բանակցությունների և փոխզիջումների հարց է»,- ասել է Պուտինը
USB ֆլեշ կրիչը՝ լրտեսության գործում իրեղեն ապացույց
Փոլ Ուիլանն ունի ամերիկյան, կանադական, բրիտանական և իռլանդական քաղաքացիություն, ժամանակին ծառայել է ԱՄՆ-ի զինված ուժերի ծովային հետևակում:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Վաշինգտոնը Մոսկվային կրկին հորդորում է ընդունել բանտարկյալների փոխանակման առաջարկը2006 թվականից նա սկսել է այցելել Ռուսաստան: Սովորել է ռուսերեն: 2018-ին ռուսները նրան ձերբակալել են «Մետրոպոլ» հյուրանոցում:
Մեղադրող կողմի պնդմամբ, Ուիլանը կադրային հետախույզ է և Մոսկվայում ստացել է USB ֆլեշ կրիչ, որում եղել է անվտանգության դաշնային ծառայության տնտեսական անվտանգության բաժնի մասին կարևոր տեղեկատվություն:
Ուիլանը հերքել է մեղադրանքը և պնդել, թե Մոսկվա է ժամանել ռուս կնոջ հետ ամուսնացող իր ամերիկացի ընկերոջ հարսանիքին մասնակցելու համար: Նա ասել է, թե կրիչում պետք է լինեին իր լուսանկարները ռուսաստանցի վաղեմի բարեկամ, զինծառայողի հետ, որոնք արվել են Մոսկվայի մարզում Սեգիև Պոսադ ավանի եկեղեցական համալիրի տարածքում:
Զենք ու զինամթերք դիկտատորներին
Ռուսաստանի բանակի նախկին զինվորական թարգմանիչ և առևտրական Վիկտոր Բուտին ձերբակալել են 2008-ին Թայլանդում և 2010-ին փոխադրել են Ամերիկա, որտեղ զենքի մաքսանենգության հոդվածով դատապարտել են 25 տարվա ազատազրկման:
Դատարանն ապացուցված է համարել այն, որ Բուտը զենք և զինամթերք է վաճառել հարավամերիկյան, աֆրիկյան և մերձավորարևելյան բռնապետական ռեժիմներին:
Արևմտյան մամուլում նրան անվանել են «Զենքի բարոն» և «Մահվան վաճառական»: Ըստ Կենտրոնական հետախուզական վարչության փորձագետների, Բուտը զենքի ապօրինի բիզնեսի աշխարհում ամենահայտնի վաճառականներից էր:
Օլիմպիական կրկնակի չեմպիոնի տխուր ոդիսականը
Բրիթնի Գրայներն ԱՄՆ-ի բասկետբոլի կանանց հավաքականի կազմում մեկ անգամ դարձել է աշխարհի չեմպիոն և երկու անգամ օլիմպիական ոսկի է վաստակել: Վերջին տարիներին խաղացել է Եկատերինբուրգի թիմի կազմում:
Նա ձերբակալվել է Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում՝ կանեփի յուղ Ռուսաստան բերելու համար: Նա պնդել է, որ 0.7 գրամ նյութը բժշկից ստացած դեղատոմսով է գնել: Այն ունի ցավազրկող ազդեցություն:
Նա ասել է, թե գիտեր, որ նյութն արգելված է Ռուսաստանում, և ԱՄՆ-ից Ռուսաստան մեկնելիս սխալմամբ է սրվակները դրել պայուսակը: Դատարանում նա ասել է, թե զղջում է արարքի համար և ներողամտություն է հայցում: Նրան դատապարտել են 9 տարվա ազատազրկման:
Բուտը և Գրայները բանտերից դուրս գալուց առաջ նախ ներում են ստացել համապատասխանաբար ԱՄՆ-ում և Ռուսաստանում և հարկադրված չեն լինի շարունակել պատժի կրումն իրենց երկրներում: