Իրավապահները ուղիղ կես տարի է քննում են՝ իրավաչափ էր արդյո՞ք կառավարական առանձնատների մոտ հանրահավաքը հատուկ միջոցներով ցրելու՝ ոստիկանության որոշումը։ Մեղադրյալ, սակայն, ինչպես ընդդիմության ցույցերի ընթացքում ոստիկանության գործողությունները քննող մյուս գործերի դեպքում, չկա։
«Ես ոստիկանությանը կոչ եմ անում՝ հենց հիմա բացեք էդ փողոցը, մենք էդ փողոցով գնում ենք դեպի խորհրդարան։ Կանայք, աղջիկները թող էս կողմ գան, էս փողոցը պիտի բացվի, մեր դիմաց փակ փողոց չկա։ Գնացինք փողոցը բացելու, էդտեղով գնում ենք խորհրդարան», -ընդդիմության երթի ժամանակ հայտարարել է Իշխան Սաղաթելյանը։
Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիրների երթը հունիսի 3-ին կանգ էր առել կառավարական առանձնատների մոտ։ «Դիմադրության» շարժման առաջնորդ Իշխան Սաղաթելյանի այս խոսքերից հետո ընդհարում էր սկսվել, ու ոստիկանությունը հանրահավաքը ցրելու համար լուսաձայնային նռնակներ էր արձակել։ Վեցամսյա քննության ընթացքում, սակայն, դեռ պարզ չի դարձել՝ արդյո՞ք ոստիկանությունը կարող էր հավաքը ցրել լուսաձայնային նռակներով, ավելին՝ դրանք կիրառելիս արդյո՞ք խախտումներ թույլ են տվել, ընդ որում, դեռ հենց այդ օրը հայտնի դարձավ, որ նռնակներից առնվազն երկու ոստիկան թեթև, իսկ մեկ քաղաքացի ծանր վնասվածք էր ստացել։
«Կոնկրետ ուղեղիս վրա չի ընկել, մի քիչ էս կողմ, էն կողմ: Բախտս բերել ա, մեռնեմ Աստծու զորությանը, սաղ ենք մնացել», - ասաց Էդմոնդ Նարգիզյանը:
33-ամյա Էդմոնդ Նարգիզյանը ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակից էր վիրավորվել։ Ոստիկանությունն այդ ժամանակ շտապել էր հայտարարել՝ հատուկ միջոցները կիրառվել են օրենքով սահմանված կարգով՝ օդում, քաղաքացիների համար առավելագույնս անվտանգ տարածության վրա, բայց Նարգիզյանը, որին «Ազատությունը» հանդիպել էր հիվանդանոցում, պատմել էր՝ նրանք շատ մոտ էին:
«Էդ մարդու գլխուղեղի մի մասը պլաստմաս է այսօր դրած, ո՞վ է պատասխան տալու այսօր դրա համար, ո՞վ է նրան հրաման տվել, այդ քաղաքացին հեռվում կանգնած է եղել, որևէ գործողության չի մասնակցել, որևէ սադրիչ գործողություն չի արել», - նշեց ընդդիմադիր Հանրապետականի անդամ Էդուարդ Շարմազանովը:
Ոստիկանությունն այդ օրը չէր տարբերակում խաղաղ հավաքի մասնակիցներին ու սադրիչներին և բիրտ ուժ էր կիրառում, պնդում է ընդդիմադիր Հանրապետականի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Դրանից հետո էր, որ ընդդիմադիրները հանդիպել էին ոստիկանապետի հետ, որն էլ հավաստիացրել էր՝ խախտումներ թույլ տված ոստիկանների լիազորությունները կասեցված են, ծառայողական քննություն է ընթանում։
«Սա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամեն ինչ անում է և անելու ու թքած ունի ժողովրդավարական արժեքների, մարդու իրավունքների վրա և ամեն ինչ անելու է իր իշխանությունը պահելու համար», - նշեց Շարմազանովը:
Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով ամիսներ առաջ անհնազանդության ակցիաներ նախաձեռնած ընդդիմադիրները չեն զարմանում իրավապահների դանդաղկոտության վրա:
«Ակնհայտ է, որ չեն կարող եզրակացնել, որ իրավաչափ է եղել, որովհետև այնքան ակնհայտ է. տեսագրությունները, բազմաթիվ փաստերը: Պարզապես այս մարդիկ թքած ունեն օրենքի վրա, իրավունքի գերակայության վրա և ընդամենը իրենց հանցագործությունների շարանն են մեծացնում: Սա պարզ բացատրություն ունի՝ չեն ուզում, չեն ցանկանում, հակառակը, ուզում են հասարակությանը պահել ճնշման տակ, վախի ազդեցության տակ, որ որևէ մեկը չհամարձակվի իրավունքների մասին բարձրաձայնել, սա է իրավիճակը», - նշեց ընդդիմադիր Արծվիկ Մինասյանը:
Ամռանը ոստիկանության գործողություններից տուժած ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը համաձայն չէ ժողովրդավարության ու մարդու իրավունքների մասին իշխանության պնդումների հետ՝ ընդգծելով՝ բռնության այդ դեպքերը և դրանք չբացահայտելը հաստատում են իր տեսակետը։
«Աբսուրդ է սա և խոսում է այն մասին, որ վերջնականապես Նիկոլ Փաշինյանը և վարչախումբն անցնում է բոլոր սահմանները, երկրում հաստատել է ակնհայտ բռնատիրություն և ով կհամարձակվի իրավապահ մարմիններից պահանջի իրավունքների իրացում, ենթարկվում է անմիջական բռնության», - ասաց Մինասյանը:
Իշխանությունները, մինչդեռ, ինչպես ամռանը, այնպես էլ հիմա իրավաչափ են համարում փողոցներ փակող ցուցարարների նկատմամբ ոստիկանների գործողությունները։ Այսօր էլ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարան վերադարձած ընդդիմադիրներին հիշեցրեց բռնության ենթարկված ոստիկանների մասին։
«Մեկուկես ամիս և ավելի Դուք և Ձեր գործընկերները փողոցներում ոստիկաններին էլ գրկեցիք, էլ հարվածեցիք, էլ վիրավորեցիք, ինչ հնարավոր էր արեցիք: Տիկին Գալստյանը մեջբերում է խաչմերուկի պատմություն, որտեղ ոստիկանների վրա քարեր նետեցին ու ասում է՝ «ես նայել եմ, չեմ բարևել», իրենք պետք է Ձեզ չբարևեն, որովհետև դուք այդ մարդկանց տեսնում եք ու հրահրում եք, որ ձեր աջակիցները քարերով ոստիկանների խփեն: Ամեն տենց դեպքում, երբ ոստիկանների նկատմամբ բռնություն է կիրառվելու, լինելու է համարժեք պատասխան, թող ոչ մեկ դրա մեջ չկասկածի», - ասաց Սիմոնյանը:
Քննչական կոմիտեի տվյալներով, գարնանն ու ամռանը ընդդիմության անհնազանդության ակցիաների ժամանակ ընդհանուր առմամբ տուժել է 30 քաղաքացի, թե քանիսն են տուժել հենց լուսաձայնային նռնակներից, չեն մանրամասնում։
Ոստիկանությունից փոխանցում են, որ երկու ծառայող ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ «անհնազանդության ակցիայի ժամանակ քաղաքացիների նկատմամբ բարձր բարեկրթություն ու զսպվածություն չցուցաբերելու և ոչ արհեստավարժ գործելու համար»։ Ընդամենը սա. մինչդեռ իրավապահների վիճակագրությունն առավել հարուստ է ցուցարարների դեպքում։ Ըստ քննչական կոմիտեի, 27 ընդդիմադիր մեղադրվում է ոստիկանների օրինական պահանջին չենթարկվելու ու ոստիկանի նկատմամբ բռնության հոդվածներով, 7 հոգու գործ էլ արդեն դատարան է հասել։