Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, Ֆրանսիայում, Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների պատասխանատուների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ շեշտելով՝ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։
Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատը գրեթե միաձայն ընդունեց բանաձևը, որով կոչ է անում կառավարությանը պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, իսկ Բաքվից պահանջում Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերել, հայ ռազմագերիներին ազատ արձակել։ Կես ամիս անց Հայաստանին աջակցող և Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ առաջարկող բանաձև ընդունեց նաև Ֆրանսիայի Ազգային ժողովը։
Կարևելով այս քաղաքական ուղերձները իրականություն դարձնելը՝ Արայիկ Հարությունյանը երեկ Փարիզում հույս է հայտնել, որ «Արցախի ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ավարտին կհասցվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում»:
Խոսելով Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակից՝ Հարությունյանը շեշտել է՝ Արցախը կապված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնություն ունեցող Լաչինի միջանցքով, իսկ Ադրբեջանը, Արցախի նախագահի խոսքով, ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապը արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը:
«Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար», - ասել է նախագահը:
44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ իր ելույթում Ադրբեջանի նախագահը սպառնալիքներ, մեղադրանքներ, պահանջներ, դժգոհություններ, ռազմատենչ հայտարարություններ էր հնչեցրել Հայաստանի հասցեին՝ կրկին բարձրացնելով նաև «Զանգեզուրի միջանցքի» հարցը և կրկին այն կապելով Լաչինի միջանցքի հետ: Իլհամ Ալիևի հայտարարություններից հետո Հայաստանի վարչապետն ասել էր, թե Բաքուն Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու մտադրություն ունի։ Այս հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով ադրբեջանցիները մոտ 4 ժամ «բնապահպանական պատճառաբանությամբ» փակ պահեցին ճանապարհը։ Ստեփանակերտը սադրանք, խաղաղ բնակչությանը հոգեբանական ահաբեկչության ենթարկելու փորձ որակեց Հայաստանի և Արցախի միջև ցամաքային կապի ընդհատումը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Զանգեզուրի միջանցքը Հայաստանի պարտավորությունն է», - պնդում է Ալիևը