«Իմ երկրում երիտասարդները մեռնում են, հատկապես կանայք». Հայաստանում պատսպարված իրանցի

«Իմ երկրում երիտասարդները մեռնում են, հատկապես կանայք, որովհետև նրանց պաշտպանության համար ոչ մի օրենք չկա», - երիտասարդ իրանցի կինը ամուսնու և փոքրիկ դստեր հետ նա փախել է Հայաստան. ապաստան է աղերսում։ Նրա անձնական տվյալները հրապարակել չենք կարող, որպեսզի Իրանի իշխանությունները նրան չնույնականացնեն, չգտնեն։

«Քաղաքական պատճառով եմ դուրս եկել Իրանից. ստիպված էի գալ Հայաստան։ Իրանի նոր իշխանությունների ստեղծած պայմաններում իմ ու ընտանիքիս կյանքը վտանգված էր: Իշխանությունների սիրտը չի ցավում իրանցիների համար, դրա համար այդքան հեշտ սպանում են երիտասարդներին», - ասաց «Ազատության» զրուցակիցը։

Իրանում բողոքների ալիքը չի մարում: Սեպտեմբերին գլխաշորը ոչ պատշաճ կրելու համար ձերբակալված աղջկա մահից հետո չդադարող ցույցերն ուղեկցվում են բախումներով, կրակոցներով։ Սպանվել են հարյուրավոր մարդիկ, կան վիրավորներ:

«Հիմա բանտերում պահվող կանայք ահավոր վիճակում են, և ոչ ոք չի կարողանում նրանց օգնել։ Շատերին գիտեմ, դուք նրանց անունները չգիտեք։ Իմ ծանոթներից մի 22 տարեկան աղջիկ Շիրազից էր, 3 ամիս է՝ չգիտենք ուր է, լուր չունենք։ Ոստիկանությունը հորս տուն էր գնացել, ծնողներիս սպառնացել, վախեցրել, ասում էին՝ ասա որտեղ է աղջիկդ, թող հետ գա։ Հիմա խոսում եմ, անհանգստանում եմ, մտածում եմ՝ ավելի լավ է չխոսեմ կամ էլ խոսելիս միայն լավ մարդկանց մասին», - ներկայացրեց իրանցի կինը:

Կարոտում է Իրանը, բայց հայրենիքն անվտանգ չէ իր համար. ասում է. «Ես ազատ աղջիկ էի, մեքենա էի վարում, սար բարձրանում, ըմբոստ էի, բայց հիմա մայր եմ... աղջկաս համար եմ անհանգիստ», շարունակելով, - «վախենում եմ անգամ խանութ գնալ, վախենում եմ աղջկաս հետ մի տեղ դուրս գամ, թեև գիտեմ, որ այստեղ ապահով եմ։ Մինչև աղջկաս ծնվելն էի ուզում դուրս գալ Իրանից, բայց ամուսինս այն ժամանակ չթողեց։ Կանանց խնդիրները տասնամյակներ շարունակ չեն լուծվում Իրանում։ Կինն անհատ չէ, առանց հոր, մոր, ամուսնու նա ոչինչ է. նա չի կարող անգամ երկրից փախչել, սահման հատել»։

«Թռչնի իրավունքով եմ ապրում», - ասում է կինը՝ հույսը Հայաստանում փախստականի կարգավիճակ ստանալն է. -«Միակ խնդիրը հիջաբը չէ, շատերն այսօր այլևս չեն հանդուրժում կրոնը, համաձայն չեն այն մեկնաբանության հետ, որը պարտադրվում է վերևից։ Եթե համաձայն չես այդ ամենի հետ, ուրեմն որպես պատիժ քեզ վրա քարեր կնետեն»

Ամուսնու հետապնդման պատճառով է մյուս կինը երեխաների հետ փախել Իրանից Հայաստան. - «Ամուսինս իսլամից հեռացել է, քրիստոնեություն է ընդունել»:

Զգուշավորությամբ է պատմում մանրամասները, որ չճանաչեն. - «Ամուսինս մեքենայով բուրկայով մի կնոջ էր տեղափոխում... տիկինն իր վրդովմունքն արտահայտեց փողոցն անցնող աղջիկների վերաբերյալ, որոնք հիջաբը, ըստ նրա, ոչ պաշտաճ էին կրում։ Ասում էր՝ սրանց պետք է բանտ տանեն, մազերը լրիվ կտրեն... Ամուսինս անհանգստացած պատասխանեց, թե դա ինչ կրոն է, եթե մի մազի փունջը խնդիր է դառնում»:

Օրեր անց ոստիկանությունն է այցելել այս ընտանիքին. - «Մեր տանը Աստվածաշունչ էին փնտրում։ Դե մենք վախենում էինք և այդպիսի գրքեր տանը չէինք պահում։ Ապացույցներ չգտան, բայց արդեն պարզ էր՝ մեր կյանքին վտանգ է սպառնում։ Նրանք համոզված են, որ կրոնից շեղվողներին պետք է սպանել։ Երբ արդեն Հայաստանում էինք, իմացա, որ մեր հետևից գնացել են ծնողներիս տուն. մորս հրել էին, ուսը կոտրվել էր, հայրս էլ այդ անհանգստությունից սրտի կաթված ստացավ»:

Հայաստանում փախստականների կացարանում են հիմա։ Երեխաներն արդեն դպրոց են գնում, հայերեն են սովորում, ամուսինն աշխատում է, հարմարվել են:

«Հայաստանից միայն փախստականի կարգավիճակ եմ խնդրում, որ երեխաներիս հետ կարողանամ նորմալ ապրել», - ասաց նա:

Այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում 7 տասնյակից ավելի իրանցի է դիմել Հայաստան՝ ապաստանի համար։ Միգրացիոն ծառայության տվյալներով՝ միայն 7-ն է կարգավիճակ ստացել, 13-ի դիմումները մերժվել են, 23-ինը՝ կասեցվել կամ կարճվել, 1-ի կարգավիճակը դադարեցվել է, 30-ը դեռ սպասում են։

Հայաստանում այսօր պատսպարված իրանցիները խոստովանում էին՝ եթե ստիպված լինեն հեռանալ, ապա միայն երրորդ երկիր. այսօրվա Իրանն իրենց համար այլևս փակ է. - «Եթե երբևիցե վերադառնանք, միայն այս ռեժիմի փոփոխությունից հետո, որովհետև կսպանեն մեզ»: