Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ և երկրի փաստացի ղեկավար այաթոլա Ալի Խամենեին այսօր գովեստով է խոսել զանգվածային անկարգությունների զսպման գործում Բասիջի աշխարհազորայինների դերակատարության մասին: Բասիջի ջոկատները գործում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կազմում:
«Բոլորս տեսել ենք վերջին իրադարձություններում Բասիջի գործողությունները, տեսել ենք, թե ինչպես են Բասիջի մարտիկներն իրենց կյանքը զոհաբերել երկրում դաժանությունները կանխելու համար: Նրանք ամեն բան արել են, որ երկիրը չհայտնվի անգրագետ մարդասպանների և ավազակների ձերքում, որ մարդիկ չդառնան դրանց ստրուկները», - հայտարարել է Խամենեին:
Իրանում զանգվածային անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ այն բանից հետո, երբ ոստիկանության բաժանմունքում մահացել է մահմեդական գլխաշորը՝ հիջաբը ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման ենթարկված մի 22-ամյա երիտասարդ կին՝ ծագումով քուրդ Մահսա Ամինին:
Զանգվածային բախումներում զոհվել է մոտ 450 մարդ, այդ թվում՝ երեխաներ: Զոհվել են նաև 57 իրավապահներ: Ավելի քան 18 հազար մարդ ձերբակալվել է, նրանցից մի քանիսը մահվան են դատապարտվել: