Իրանում զանգվածային բողոքների 68-րդ օրն է: Անհնազանդության ակցիաների հսկայական ծավալից ու տարածվածությունից մտահոգված և զայրացած այաթոլաները ոստիկաններին, գաղտնի ծառայություններին և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին կարգադրել են ամենախիստ միջոցները կիրառել բողոքի մասնակիցների դեմ:
Իրավապահներն առավել փութաջանորեն են ի կատար ածում հրամանը երկրի քրդաբնակ մարզերում, բայց Թեհրանում և մնացած այլ խոշոր քաղաքներում էլ կոշտ միջոցներ են ձեռնարկվում, մասնավորապես, ջահել ուսանողների նկատմամբ:
Այս ընթացքում Իրանում սպանվել են հարյուրավոր մարդիկ, կան վիրավորներ: Խնդրին է անդրադարձել ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը, որն իրանական զարգացումները ճգնաժամային է որակել:
«Սեպտեմբերի 16-ից ի վեր, երբ սկսվել են համազգային բողոքները, զոհվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում՝ ավելի քան 40 երեխա: Անցած շաբաթավերջին զոհված վեց մարդկանց թվում են երկու տասնվեցամյա պատանիներ: Ցուցարարները սպանվել են Իրանի 31 մարզերից 25-ում: Ավելի քան հարուր մարդ է սպանվել Սիստանում ու Բելուջիստանում»,- ասել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի խոսնակ Ջերեմի Լոուրենսը:
Մինչդեռ, արտասահմանում գործող ընդդիմադիր իրանական իրավապաշտպան կազմակերպությունները պնդում են, որ նոյեմբերի 22-ի դրությամբ զոհվել է առնվազն 378 մարդ, այդ թվում՝ առնվազն 47 երեխա: Հազարավոր ցուցարարներ ձերբակալվել են, նրանցից առնվազն 5-ը դատապարտվել են մահվան:
Քերմանշահի մարզում բնակիչները դուրս են եկել փողոցներ՝ վանկարկելով «Կին, կյանք, ազատություն» կարգախոսը: Տեղի են ունեցել անկարգություններ:
Կարելի է ենթադրել, որ Իրանի ժողովուրդը պատրաստ էր ընդվզելուն, և երիտասարդ կնոջ ողբերգական մահը դարձել է այն կայծը, որը պայթեցրել է իրավիճակը:
Տարիներ շարունակ Իրանը պատժամիջոցների տակ է, ազգային տարադրամի՝ ռիալի արժեքը կտրուկ ընկել է, սղաճ է, անարդարություն, կոռուպցիա, կենսամակարդակի անկում: Վտանգավոր և դյուրավառ խառնուրդ էր: Հենց դա գիտակցելով էլ՝ այաթոլաների ռեժիմը փորձում է բնակիչներին համոզել, թե այդ ամենը նենգ արտասահմանում են ծրագրել:
Այդուհանդերձ, հատկապես հաճախ թիրախավորվում են քրդերը: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակը դրան էլ է անդրադարձել:
«Ըստ մեր աղբյուրների, ավելի քան 40 մարդ անցած շաբաթվա ընթացքում սպանվել է քրդական ավաններում: Այնտեղ վերջին օրերին անվտանգության լրացուցիչ ուժեր են տեղակայվել: Մենք ստանում ենք հաղորդագրություններ քրդական քաղաքներում, մասնավորապես, Ջավանրուդում և Սեքեզում բողոքներն ուժով զսպելու մասին»,- ասել է Ջերեմի Լոուրենսը:
Իրանի ղեկավարը գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին է, որին հաշվետու են և՛ նախագահը, և՛ գործադիր իշխանության մնացած բարձրաստիճան պաշտոնյաները:
Խամենեին և մնացյալ այաթոլաներն այս շրջանում մի քանի անգամ վստահ պնդել են, որ ընդվզումների բուն կազմակերպիչներն «Իրանի ոխերիմ թշնամիներն են՝ Միացյալ Նահանգները և Իսրայելի սիոնիստական ռեժիմը»: Ցուցարարներն էլ «դրսից փող ստացող ազգի դավաճաններ են»:
Բողոքի ակցիաները սկսվել են այն բանից հետո, երբ փողոցներում պարեկություն անող «բարոյականության ոստիկանությունը» մահմեդական գլխաշորը՝ հիջաբը, ոչ պատշաճ ձևով կրելու համար բերման է ենթարկել 22-ամյա ծագումով քուրդ մի կնոջ՝ Մահսա Ամինին: Ջահել կինը բաժանմունքում մահացել է՝ ըստ հարազատների և իրավապաշտպանների ծեծի ենթարկվելու և ըստ ոստիկանների՝ սրտի կաթվածի հետևանքով:
Ողբերգությյան մասին լուրն արագ է տարածվել, և այդ օրվանից էլ Իրանում սկսվել են անդադար ցույցերն ու բախումները: