Չնայած իշխանությունների խոստումներին՝ նախորդ թանկացումից ուղիղ մեկ տարի անց՝ հունվարին, խմելու ջրի սակագինը դարձյալ կբարձրանա՝ այս անգամ մոտ 9 դրամով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության հայտը, սովորական սպառողների համար 208.42 դրամ սահմանեց գինը։ Անապահովների համար այն կմնա անփոփոխ՝ 180 դրամ մեկ խորանարդ մետրի համար։
Բարձր գնաճի պատճառաբանությամբ «Վեոլիա ջուրը» ամռանն էր սպառողների բոլոր խմբերի համար սակագները բարձրացնելու հայտ ներկայացրել։ Կարգավորող հանձնաժողովը հայտը շուրջ երեք ամիս ուսումնասիրելուց հետո օրերս իր հաշվարկները ներկայացրեց ու այսօր էլ վերջնական որոշումն ընդունեց։ Գործադիրը խոստանում է, որ քաղաքացիները չեն զգա շուրջ 9 դրամի թանկացումը։ Մեկ շաբաթ առաջ կառավարությունը շտապեց հայտարարել՝ փոխհատուցելու են տարբերությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուրը հունվարի 1-ից կթանկանա, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում սուբսիդավորում է խոստանումՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը մանրամասնում է. «Կառավարությունը նախատեսում է տարբերությունը սուբիսդավորել, այսինքն՝ հաշիվները կներկայացվեն նույն այսօրվա գործող գներով»:
Չի բացառվում, որ ջուրը հաջորդ տարի նույնպես կթանկանա։ Սակագները որոշվում են բանաձևի միջոցով. «24-ից հետո այս պահին նույն էլի այդ բանաձևը կա, որտեղ ջրի ծավալ, սղաճ, էլեկտրաէներգիայի գնի մեծություն, այդ բոլոր մեծությունները հաշվի առնելով՝ պետք է հասկանանք՝ ինչքան է ստացվում»:
Գործող իշխանությունները 2018-ի խորհրդարանական ընտրություններից առաջ էին խոստանում, որ մինչև 2024-ը խմելու ջուրը չի թանկանալու, սակայն 2022-ի հունվարի մեկից այն մոտ 20 դրամով թանկացավ։ Այս տարվա ընթացքում նաև գազի ու հոսանքի սակագները բարձրացան:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Չորս տարի ջրի սակագնի բարձրացման զսպումն արժեցել է ավելի քան 24 միլիոն դոլարՊետությունը քաղաքացիների գրպանից է սուբսիդավորելու թանկացումը, հանձնաժողովի նիստի ընթացքում նկատեց «Սպառողների ասոցիացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը. «Համակարգի պահպանությունը, համակարգի անվտանգությունը, ծախսերն ու պետական սուբսիդիաները, բոլորի աղբյուրը մեկն է՝ սպառողի գրպանը, ուրիշ աղբյուր չկա: Եթե պետությունը սուդսիդավորում է, նշանակում է՝ նորից մեր գրպանից է սուբսիդավորում», - ասաց նա:
Հայաստանի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 2017 թվականից է 15 տարով վարձակալության տրվել «Վեոլիա ջրին»։ Մինչև ժամկետի ավարտն ընկերությունը պարտավորվել է կրճատել ջրի կորուստները, առնվազն 37.5 միլիարդ դրամի կապիտալ նորոգման աշխատանք կատարել։
«Վեոլիա ջուրը» վստահեցնում է, որ ջրի կորուստները նվազում են՝ նախկին շուրջ 80 տոկոսի փոխարեն այն այս տարի 69 տոկոս կկազմի։ Թանկացումներին զուգահեռ չեն պակասում սպառողների դժգոհությունները մատակարարվող ծառայությունների որակից։ Բնակիչները շատ են դժգոհում ջրի որակից, նաև՝ հաճախակի վթարներից, որոնց մասին հաղորդագրությունները գրեթե ամենօրյա են։
Ի՞նչն է այս իրավիճակի պատճառը. ֆրանսիական ընկերության գլխավոր տնօրեն Մարիաննա Շահինյանն ասում է՝ Հայաստանի ջրամատակարարման ցանցը հին է, իսկ նորոգման համար այնքան ներդրումներ են անում, որքան պայմանագրով է նախատեսված։
«Մենք այս տարի արդեն իսկ 22-ը գրեթե ավարտված է, թիվը մոտավոր ճշգրտությամբ կարող եմ ասել, արդեն իսկ իրացրել ենք 3.5 միլիարդ ներդրում, որը որ մոտ 300 միլիոնով ավելի է, քան պայմանագրի գերագույն շեմը, և բնական է՝ 3 անգամ էլ ավելի անենք, տեղ կա անելու, որպեսզի հասկանաք, թե ինչի մասին է խնդիրը: Մարդիկ ուզում են միանգամից արդյունք ստանալ, մենք մոռանում ենք, որ մենք ունենք համակարգեր, որոնք շատ մեծ ներդրումների կարիք ունեն, և դրանով է պայմանավորված նաև պետության մասնակցությունը, որովհետև «Վեոլիան» այս հսկա համակարգի մեջ միայնակ չի կարող գործել», - ասաց նա:
Ֆրանսիական ընկերության տնօրենը վստահեցնում է՝ իր անձնակազմը գերծանրաբեռնված է աշխատում՝ Հայաստանում տարեկան շուրջ 24 հազար վթար է լինում։