Մատչելիության հղումներ

Ջուրը հունվարի 1-ից գրեթե 9 դրամով կթանկանա, կառավարությունը սուբսիդավորում է խոստանում


Ջուրն, ամենայն հավանականությամբ, հունվարի 1-ից գրեթե 9 դրամով կթանկանա։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ),ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտն, իր հաշվարկներն է ներկայացրել։

Հանձնաժողովն առաջարկում է 2023 թվականից մեկ խորանարդ մետր ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

Ջուրն այս տարի արդեն մեկ անգամ թանկացել էր 20 դրամով, և ահա ընդամենը 8 ամիս անց՝ օգոստոսին, ֆրանսիական ընկերությունը կրկին սակագների բարձրացում պահանջեց՝ պատճառաբանելով Հայաստանում առկա բարձր գնաճը։

«Վեոլիա ջուրը» պահնաջում էր բոլոր խմբերի, այդ թվում՝ անապահովների համար 209 դրամ սահմանել։ Կարգավորող հանձնաժողովն իրականացրած մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում, առաջարկում է անապահովների համար սակագինը անփոփոխ թողնել՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար, սակայն, ՀԾԿՀ-ն, ըստ էության, բավարարում է ընկերության առաջարկը և գրեթե հենց նույն սակագին է առաջարկում՝ 208.5 դրամ։

Հայաստանի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 2017 -ից 15 տարով վարձակալության է տրվել այս ֆրանսիական ընկերությանը։

Դեռ 2018-ին ՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։ Խոստում, որն այդպես էլ չպահվեց։

«Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», - ասել էր Փաշինյանը։

Ջրի թանկացման հայտը հանձնաժողովը կքննարկի նոյեմբերի 29-ի նիստում, հենց այդ օրն էլ որոշում կընդունի։

Այսօր ավելի ուշ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնեց, որ Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։

«Այսինքն մինչև 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա», - նշված է նախարարության հաղորդագրությունում։

XS
SM
MD
LG