Ջրի սակագնի հավանական բարձրացման լուրից հետո Կառավարությունն այսօր շտապեց տեղեկացնել՝ անհրաժեշտության դեպքում սուբսիդավորելու է թանկացումը բոլոր խմբերի սպառողների համար։
Իշխանությունները խոստանում են, որ մինչև 2024 թվականը խմելու ջրի թանկացումը քաղաքացիներն իրենց գրպանի վրա երկրորդ անգամ չեն զգա։ Պատճառաբանելով բարձր գնաճը՝ «Վեոլիա ջուր» ընկերությունն ամռանը սակագները բարձրացնելու հայտ էր ներկայացրել՝ առաջարկելով բոլոր խմբերի, այդ թվում՝ անապահովների համար ջուրը թանկացնել 9 դրամով՝ սահմանելով 209 դրամ։
Սակագներ սահմանող կառույցը՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ), մոտ երեք ամիս ուսումնասիրելով հայտը, օրերս իր հաշվարկներն է ներկայացրել՝ առաջարկելով անապահովների համար 180 դրամ սակագինն անփոփոխ թողնել, սակայն մյուսների համար հունվարի 1-ից մեկ խորանարդ մետրի սակագինը 208.42 դրամ դարձնել՝ գործող 200-ի փոխարեն։
Հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո Կառավարությունը հայտարարեց՝ անկախ կարգավորողի վերջնական որոշումից անհրաժեշտության դեպքում չեզոքացնելու են թանկացումը։
Այս իշխանությունները դեռ 2018-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էին խոստանում ՝ մինչև 2024-ը խմելու ջուրը չի թանկանալու։
«Մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջրի թանկացում տեղի չի ունենալու», - ասել էր Փաշինյանը։
Այս խոստումը, սակայն, չպահվեց։ Այս տարեսկզբից, երբ ջուրը 20 դրամով թանկացնելու որոշում ընդունվեց, վարչապետ Փաշինյանն արդեն այլ տեսակետ ուներ. - «Այո՛, մենք կարող ենք պահել մինչև 2024-ը, որ ջրի գինը չբարձրանա, բայց 24-ին էնքան բարձրանա, որ ինքը համաչափության խնդիր ունենա»։
Թանկացումներին զուգահեռ չեն նվազում սպառողների դժգոհությունները ծառայությունների որակից։
Երևանյան բակերից մեկի բնակիչներն ահազանգում են՝ 4 տարի է նույն խնդիրը կրկնվում է՝ կեղտաջրերը բակ են լցվում, գարշահոտից պրծում չունեն. «Գալիս են, մաքրում են, գնում են, բայց նորից զասարենի է լինում, նենց որ էդ հարցը պետք է մասնագիտորեն լուծվի, ուրիշ ոչինչ: Իհարկե, դուրս որ տալիս է, սանիտարական ոչ մի նորմին չի համապատասխանում, երեխեքը խաղում են, մտնում են ներս, վարակ է...»:
Այսպիսի ահազանգեր տարբեր բնակավայրերից պարբերաբեր են լինում, սպառողները շատ են դժգոհում նաև հաճախակի ջրանջատումներից։ Վթարային ջրանջատումների մասին հաղորդագրությունները գրեթե ամենօրյա են։
Ֆրանսիական ընկերությունն այս քննադատություններին հրապարակավ չի արձագանքում։
Հայաստանի խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգը 2017 թվականից է 15 տարով վարձակալության տրվել «Վեոլիա ջրին»։ Մինչև ժամկետի ավարտը ընկերությունը պարտավորվել է կրճատել ջրի կորուստները, առնվազն 37.5 միլիարդ դրամի կապիտալ նորոգման աշխատանք կատարել։
Կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլիխանյանը վերջին տվյալներն է ներկայացնում, թե որքանով է իրականացվել այս պարտավորությունը. «Դինամիկան որ նայում ենք, տեսնում ենք, որ էն տարին, երբ ինքը եկավ, տարվա համեմատ էլի կորուստների կրճատում ապահովել է այսօրվա դրությամբ: 17 թվին իր գործունեության առաջին տարին էր, եղել է 78.5 տոկոս, 21 թվին՝ 73.7 տոկոս, մոտ 5 տոկոսային կետով նվազեցում կա»:
Այս հունվարին բացի ջրից, թանկացել էին նաև հոսանքն ու գազը։ Կարգավորող հանձնաժողովից տեղեկացրին՝ այս ծառայությունների սակագները վերանայելու հայտ այս պահին չունեն։ Ջրի թանկացման հարցը հանձնաժողովը կքննարկի նոյեմբերի 29-ի նիստում, հենց այդ օրն էլ որոշում կընդունի։