Մատչելիության հղումներ

Ջուրը հունվարի 1-ից կթանկանա


Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ), ուսումնասիրելով «Վեոլիա ջուր» ընկերության՝ սակագներն ավելացնելու հայտը, որոշեց շուրջ 9 դրամով թանկացնել ջուրը սովորական սպառողների համար, անապահովների համար այն կմնա անփոփոխ։

Պատճառաբանելով բարձր գնաճը՝ «Վեոլիա ջուրը» դեռ ամռանն էր սակագները բարձրացնելու հայտ ներկայացրել՝ առաջարկելով բոլոր խմբերի, այդ թվում՝ անապահովների համար ջուրը թանկացնել 9 դրամով՝ սահմանելով 209 դրամ։

ՀԾԿՀ-ն, մոտ երեք ամիս ուսումնասիրելով հայտը, օրերս իր հաշվարկներն էր ներկայացրել՝ առաջարկելով անապահովների համար 180 դրամ սակագինն անփոփոխ թողնել, սակայն մյուսների համար հունվարի 1-ից մեկ խորանարդ մետրի սակագինը 208.42 դրամ դարձնել՝ գործող 200-ի փոխարեն։

Հանձնաժողովի ուսումնասիրությունից հետո Կառավարությունը հայտարարեց՝ անկախ կարգավորողի վերջնական որոշումից անհրաժեշտության դեպքում չեզոքացնելու են թանկացումը։

Գործող իշխանությունները դեռ 2018-ին՝ խորհրդարանական ընտրությունների նախաշեմին էին խոստանում, որ մինչև 2024-ը խմելու ջուրը չի թանկանալու, սակայն 2022-ի հունվարի 1-ից այն մոտ 20 դրամով թանկացավ։

XS
SM
MD
LG