Աշխարհի հինգ առաջատար թերթեր պահանջում են ազատել Ասանժին

Միացյալ Թագավորություն - WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժը Ուեսթմինսթրի դատարանում, Լոնդոն, 13-ը հունվարի, 2020թ.

Աշխարհի հինգ առաջատար թերթեր հանդես են եկել ԱՄՆ-ի կառավարությանը հասցեագրված համատեղ հայտարարությամբ, որով պահանջել են չեղարկել WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ներկայացված մեղադրանքը:

Կոչը ստորագրել են ամերիկյան The New York Times-ը, բրիտանական The Guardian-ը, ֆրանսիական Le Monde-ը, գերմանական Der Spiegel-ը և իսպանական El Pais-ը:

Այդ լրատվամիջոցները նշում են, որ Ասանժի դատական հետապնդումը հակասում է Ամերիկայի Միացյալ Նահանգների Սահմանադրությանը:

Հինգ թերթերի գլխավոր խմբագիրների համատեղ ուղերձում նշվում է, որ WikiLeaks-ի կողմից հրապարակված գաղտնի փաստաթղթերը, այդ թվում՝ դիվանագետների և գաղտնի ծառայությունների նամակագրությունը, լրատվամիջոցներին ընձեռել են ամերիկյան դիվանագիտության ներքին խոհանոցի և միջազգային իրավունքի ենթադրյալ խախտումների մասին տեղեկությունները հասարակությանը հասցնելու հնարավորություն:

Ընդհանուր հաշվով WikiLeaks-ը 2012 թվականի դրությամբ հրապարակել է ավելի քան 250 հազար փաստաթղթեր:

Հինգ թերթերի գլխավոր խմբագիրներն ընդգծել են, որ այդ փաստաթղթերի հիման վրա լրագրողական հետաքննությունները մինչև հիմա շարունակվում են:

«Հրապարակումը հանցագործություն չէ»,- ասվում է ԱՄՆ-ի իշխանությանը հինգ համաշխարհային առաջատար թերթերի գլխավոր ղեկավարների համատեղ ուղերձում:

Ասանժին ԱՄՆ-ում հեռակա կարգով ընդհանուր հաշվով ներկայացրել են 18 մեղադրանք, այդ թվում՝ լրտեսության հոդվածով: Նա կարող է դատապարտվել գործնականում ցմահ պատժաչափի՝ ավելի քան 100 տարվա ազատազրկման:

Բրիտանիայի դատարանը հավանություն է տվել Ասանժին ԱՄՆ արտահանձնելու որոշմանը: Փաստաբանները պետք է բողոքարկեն վճիռը: Բրիտանական բանտում Ասանժի առողջական վիճակը կտրուկ վատթարացել է: