Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանին օգնության միջոցառումների համալիր է առաջարկել, այդ թվում՝ իրավիճակը գնահատելու համար առաքելություն ուղարկել Ադրբեջանի հետ սահման, Բելառուսի համազգային հեռուստատեսության եթերում հայտարարել է ռազմական կառույցի գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ անդրադառնալով անցած չորեքշաբթի Երևանում անցկացված ՀԱՊԿ գագաթնաժողովին։
Ստանիսլավ Զասը, սակայն, չի հստակեցրել, թե առաքելությունն ինչ լիազորություններ է ունենալու, որտեղ է տեղակայվելու ու որքան ժամանակով։ Միայն հաստատել է, թե անդամ պետություններն աջակցել են այդ առաջարկը։
«Ընդհանրապես, ՀԱՊԿ-ի կողմից որպես օգնություն Հայաստանին առաջարկվող միջոցառումների համալիրը (իսկ դրանք տարբեր միջոցներ են. ռազմական, այդ թվում՝ առաքելություն ուղարկել այս սահման, որը իրատեսորեն կգնահատի այնտեղ տիրող իրավիճակը), գտավ բոլոր պետությունների աջակցությունը։ Միակ բանը, որին չի հաջողվել հասնել, այնտեղ ստեղծված իրավիճակի համախմբված գնահատումն է», - ասել է Ստանիսլավ Զասը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Հասարակությունը սկսել է տեսնել ու հասկանալ իրականությունը»․ Իոաննիսյանը ՀԱՊԿ-ի մասինՊաշտոնական Երևանն էլ դեռ չի պարզաբանում՝ ինչ առաքելության մասին է խոսել Զասն, ու արդյոք Երևանը կողմ է այդ առաջարկին:
Հայ-ադրբեջանական սահման ՀԱՊԿ առաքելության ուղարկումը ժամանակի վատնում է որակում իշխանական պատգամավոր, խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։ Պատգամավորը հիշեցնում է՝ ռազմական դաշինքի ներկայացուցիչներն ադրբեջանական ներխուժումից հետո մի քանի անգամ եկել են ու տեղում ծանոթացել իրավիճակին, Երևանը կառույցից հիմա այլ բան է ակնկալում:
«Առաջնայինը, որ պետք է ՀԱՊԿ-ն անի, ռազմաքաղաքական գնահատական տա Ադրբեջանի գործողություններին, տա գնահատական, որ Ադրբեջանը ագրեսոր է և օկուպացրել է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը, այսինքն՝ ակնհայտ փաստ, որ ամբողջ աշխարհ է այդ փաստին տիրապետում և ընդունել այդ փաստը, և ավելի քան ապացուցված է, բայց մեր գործընկերները առ այսօր չեն ճանաչում այդ փաստը և տարբեր ձևերով խուսանավում են այդ հարցին պատասխանել», - նշեց Խաչատրյանը:
Հայկական կողմը անցած շաբաթ Երևանում անցկացվող ՀԱՊԿ գագաթնաժողովի ընթացքում հրաժարվել էր ստորագրել ռազմական դաշինքի խորհրդի հռչակագիրը և սեպտեմբերի 13-ի Ադրբեջանի ներխուժման վերաբերյալ ՀԱՊԿ արձագանքի որոշումը։ Երևանը պարզաբանել էր, որ քաղաքական գնահատականի բացակայության պատճառով է հրաժարվել ստորագրել փաստաթղթերը, դրանք ուղարկվել են լրամշակման։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանի իշխանությունը չի համակերպվելու ՀԱՊԿ անգործության հետ. Ալեն ՍիմոնյանԵթե ի վերջո կառույցում համաձայնություն չլինի, ի՞նչ քայլեր կձեռնարկի հայկական կողմը, արդյոք Երևանը կսկսի կառույցից դուրս գալու գործընթաց։
«Այդ գործողությունները պարտադիր չի, որ դրսևորվեն միայն ՀԱՊԿ-ից դուրս գալով: Տեսեք՝ վարչապետի կողմից չստորագրելը նույնպես լուրջ գործողություն է և համարձակ քայլ է, որը վարչապետը արեց և սա արեց այն բանից հետո, երբ մեր սպասումները չարդարացան, և ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չկատարեց, և մեկ անդամ արդեն ՀՀ-ն որոշակի շատ լուրջ և կտրուկ քայլ արեց՝ չստորագրեց, որովհետև չէր էլ կարող ստորագրել, քանի որ ի՞նչը ստորագրեր, ինչի՞ համար են Հայաստանին օգնում, որ ում դեմ պայքարի, որ ինչի՞ց պաշտպանվի», - հավելեց պատգամավորը:
ՀԱՊԿ փաստացի անգործության պայմաններում Երևանը չի լքում կառույցը կամ սառեցնում անդակամցությունը, քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ պատճառը Մոսկվայից սպասվող ուղիղ վտանգներն են։
«Հայաստանի իշխանությունների շարժառիթները այս պարագայում պարզ են՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ թեկուզ այդ կազմակերպությունում անդամակցությունը սառեցնելու պարագայում Մոսկվան արդեն ուղիղ քայլեր է ձեռնարկելու Հայաստանի դեմ, և այստեղ վտանգներն առաջին հերթին գալիս են Ռուսաստանից, այլ ոչ թե ինչ-որ երրորդ ուժերից, և դա հաշվի առնելով է Երևանն այս փուլում նմանատիպ քաղաքականություն վարում», - ասաց նա:
Իշխանությունները դեռ հույս ունեն՝ կառույցում կգան ընդհանուր հայտարարի, և լրամշակված ՀԱՊԿ փաստաթղթում տեղ կգտնի քաղաքական գնահատականը։ Իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանն այդ գնահատականի բացակայությամբ է պայմանավորում նաև հայ-ադրբեջանական սահմանին հրադարի խախտումները։