Մատչելիության հղումներ

Արկադի Դուբնով. «Երևանյան հավաքի նպատակը՝ փրկել ՀԱՊԿ-ը փլուզումից»


Հայաստան - Բողոքի ցույցը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի դեմ, Երևան, 23-ը նոյեմբերի, 2022թ.
Հայաստան - Բողոքի ցույցը ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի դեմ, Երևան, 23-ը նոյեմբերի, 2022թ.

«Հայաստանի վարչապետի ելույթի պահին Ղրղըզստանի նախագահ Ժապարովն ակնոցն էր մաքրում, Պուտինը փաստաթղթեր էր ընթերցում, Լուկաշենկոն զրուցում էր օգնականի հետ, իսկ Ռահմոնը փորձում էր հարմար տեղավորվել աթոռին». - առանձնացնելով այդ դրվագը՝ "Росбалт" կայքի Տելեգրամ ալիքը կարծես ցանկանում է փոխանցել, որ Երևանում ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի մասնակիցները ներկա էին որևէ բան չպարտադրող հանդիպման, որի ընթացքում պետք է ինչ-որ հայտարարություններ հնչեցնել, ճաշել ու տուն վերադառնալ:

Մինչդեռ, ըստ "Независимая газета"-ի, երևանյան հավաքի նպատակն էր փրկել ՀԱՊԿ-ը փլուզումից:

Այդ կարծիքն է հայտնել հետխորհրդային տարածքի հարցերով փորձագետ Արկադի Դուբնովը: Ներկայիս քաոսային և անկանխատեսելի իրավիճակում շատերը, այդ թվում՝ Հայաստանում, դժգոհություն են հայտնում ՀԱՊԿ-ի անզորության, կամ ինչպես փորձագետն է որակում՝ «իմպոտենցիայի» կապակցությամբ:

Երևանում հնչում են ՀԱՊԿ-ից հեռանալու կոչեր, քանի որ պաշտպանական կառույցից օգուտ չկա: Բայց դժվար թե Հայաստանը գնա այդ քայլին, քանի որ դա կհարվածի Ռուսաստանի ինքնասիրությանը, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով:

Առավել հավանական է, որ ոչինչ չստանալով՝ Հայաստանը կորդեգրի իր շահերին անմիջականորեն չառնչվող մնացած հարցերի նկատմամբ բացարձակ անտաբեր դիրք և այն միշտ կբացատրի Ադրբեջանի հետ սահմանին առկա լարվածությամբ:

«КоммерсантЪ»-ը նշում է, որ Հայաստանը շարունակում է օգնություն ակնկալել ՀԱՊԿ-ից, թեպետ նախօրեին Դաշնության խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը, դրանից առաջ էլ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հստակ ասել էին, որ հայ-ադրբեջանական սահմանային խնդիրը ՀԱՊԿ-ի լիազորություններին հետ կապ չունի:

ՀԱՊԿ-ի լիդերները չափազանց տարբեր տեսակետներից են ընկալում այդ կառույցի նպատակները: Հայաստանի բոլոր դիմումներին տրվել են լղոզված պատասխաններ:

Զարմանալի չէ, որ ՀԱՊԿ-ի գագաթնաժողովի գումարման ժամին Երևանում տեղի են ունեցել բողոքի ցույցեր և հնչել են «Փա՛ռք Ուկրաինային», «Ռուսաստանը թշնամի է», «Դուրս գանք ՀԱՊԿ-ից» կարգախոսները:

Գործնականում ՀԱՊԿ-ը մեկ անգամ է ակտիվություն դրսևորել, երբ մասնակցել է Ղազախստանում ներքաղաքական ճգնաժամի կարգավորմանը:

Հայաստանի հարցում կազմակերպությունը սահմանափակվել է հակամարտությունը խաղաղ եղանակով կարգավորելու անհրաժեշտոության մասին հայտարարություններով և ինչ-որ փուլում ինչ-որ առաջարկ ներկայացնելու մշուշոտ խոստումներով:

Երևանյան հավաքին են անդրադարձել նաև արևմտյան լրատվամիջոցները՝ Euronews-ը, BBC-ն, լրատվական գործակալությունները, տարբեր երկրների պետական այրեր: Նրանց ուշադրությունից չի վրիպել ավանդաբար Ռուսաստանի դաշնակիցը համարվող Հաաստանում հակակրեմլյան ցույցերի փաստը:

Լիտվայի անկախության շարժման լիդեր, Գերագույն խորհրդի նախագահ, ապա հետխորհրդային Լիտվայի խորհրդարանի նախագահ, երկրի առաջին ղեկավար Վիտաուտաս Լանդսբերգիսի թոռը՝ Լիտվայի ներկայիս արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսը նոյեմբերի 23-ին Թվիթերում գրել է, թե Պուտինի երևանյան այցի դեմ բողոքող հայերն իրեն հիշեցրել են 1990-ին Գորբաչովի Վիլնյուս կատարած այցի դեմ բողոքող լիտվացիներին:

Այն ժամանակ Գաբիելիուս Լանդսբերգիսը 10 տարեկան էլ չէր: Լիտվայում տեղակայված էր խորհրդային բանակը, որն 91-ին գրոհել էր Վիլնյուսի հեռուստաաշտարակը, փողոցներում կրակ բացել մարդկանց վրա, սպանել շատերին:

Բայց դա վաղուց անցյալում է, ռուսական զորք այնտեղ չկա, 2004-ին Լիտվան միացել է ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG