Մատչելիության հղումներ

«Հասարակությունը սկսել է տեսնել ու հասկանալ իրականությունը»․ Իոաննիսյանը ՀԱՊԿ-ի մասին


Այն, որ ՀԱՊԿ-ում հիմնականում Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրներ են անդամակցում, և որ այդ երկրները հիմնականում պաշտպանում են Ադրբեջանին, Իրազեկ քաղաքացիների միավորում հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի պարզ իրողություն է համարում։

Թեև ռուսական քարոզչության հետևանքով հասարակության լայն շերտերը դա չէին տեսնում, սակայն շատերին վաղուց էր հայտնի՝ շեշտեց Իոաննիսյանը՝ նկատելով՝ մարդիկ սկսում են հասկանալ՝ այն, ինչ քաղհասարակությունն էր ասում, ճիշտ էր։

«Ես կհիշեմ այն ժամանակաները, երբ Ռուսաստանը միլիարդավոր դոլարների հարձակողական զենք էր վաճառում Ադրբեջանին, հասարակությանը համոզում էին, որ «դե, հրթիռները տալիս է, հրթիռների պուլտերը չի տալիս»։ Ինչ-որ սենց ախմախություններ, բայց հասարակության մի մասը դրան հավատում էր։ Ժամանակի ընթացքում հասարակությունը սկսեց տեսնել տարբեր օբյեկտիվ իրողությունների արդյունքով որ չէ, դա այդպես չէ։ Բարեբախտաբար նաև ռուսական պրոպագանդան Հայաստանում ինչ-որ առումով թուլացավ և հասարակությունը սկսեց տեսնել իրականությունը, հասարակությունը սկսեց տեսնել այն պարզագույն իրողությունները, նույն սեպտեմբերի 13-14-ի հարձակման դեպքերը, երբ որ ամբողջ աշխարհն էր արձանագրում, որ դա Հայաստանի դեմ ռազմական հարձակում է, Ռուսաստանը դա չասեց, Ռուսաստանը կրկնում էր Ադրբեջանի ասածը։ Մարդիկ դա տեսնում են ու մարդիկ սկսում են հասկանալ, որ այն, ինչ քաղհասարակությունն էր ասում, ճիշտ էր», - ասաց ՀԿ ներկայացուցիցչը։

Սեպտեմբերի 13-14-ը հայ-ադրբեջանական սահմանին մարտերի կապակցությամբ պաշտոնական Երևանը օգնության համար դիմել էր Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին: ՀԱՊԿ-ը իրավիճակը գնահատելու նպատակով առաքելություն ուղարկեց Հայաստան, օգնության հարցը դեռևս քննարկվում է:

Անցած շաբաթ Երևանում կայացավ ՀԱՊԿ գագաթնաժողովը։ Երևանը կազմակերպությունից քաղաքական գնահատական էր ակնկալում, որը սակայն, այդպես էլ չհնչեց։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց ստորագրել ՀԱՊԿ հռչակագիրը և Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին նախագիծը դաշինքի քաղաքական գնահատականի բացակայության պատճառով։

Երեկ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստաիսլավ Զասը բելառուսական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում խոստովանել է, որ ՀԱՊԿ գագաթնաժողովում չի հաջողվել հասնել ստեղծված իրավիճակի համախմբված գնահատմանը։

Իոաննիսյանի հետ հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG