Ռուս խաղաղապահները հակադարձել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության երեկվա հաղորդագրությանը՝ տարակուսանք հայտնելով դրա ձևակերպումների առնչությամբ:
Նախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ առաքելության գործունեության մասին տեղեկագրում հաստատել էր ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը Արցախի Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղի ուղղությամբ: Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը հերքել էր այդ հաղորդումը՝ միաժամանակ դժգոհելով, թե ռուսական կողմը չի առաջնորդվում Արցախի տեղանունների ադրբեջանական տարբերակների ցանկով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի ՊՆ-ը հաստատում է Արցախում Ադրբեջանի զինուժի կողմից հրադադարի խախտումըԼեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի գործունեությունը լուսաբանող Տելեգրամ ալիքի հաղորդագրությունում մասնավորապես ասված է.
«Ռուսաստանյան Դաշնության զինված ուժերը և Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանյան խաղաղապահ զորախումբն ուսումնական և մարտական խնդիրների իրականացման ժամանակ օգտագործում են ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի տեղագրական քարտեզներով սահմանված անվանումները:
Զարմանք է հարուցում քննադատությունը Բաքվից Մաղավուզ բնակավայրի անվան վերաբերյալ, քանի որ ավելի վաղ և ոչ մեկ անգամ, Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկագրերում օգտագործվել են նաև այլ ոչ-ադրբեջանական տեղանուններ՝ Լեռնային Ղարաբաղի տարածքով Ադրբեջանի քաղաքացիների ավտոմեքենաների շարասյուների ուղեկցման համատեքստում: Դա, սակայն, չի հանգեցրել տեղեկատվական տարածքում դժգոհություններ արտահայտելուն: Ավելին, շարասյուների երթուղիների համաձայնեցման և ռուսաստանցի խաղաղապահների հետ փոխգործողության կազմակերպման ժամանակ ադրբեջանական կողմը նույնպես օգտագործում է այդ տեղանունները»:
Շեշտելով, որ ռուսաստանյան խաղաղապահ զորախմբի գործունեությունը կանոնակարգվում է Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի հայտարարությամբ և բազմիցս դրվատանքի է արժանացել այդ թվում Ադրբեջանի պաշտոնատար անձանց կողմից, հաղորդագրությունը մանրամասնում է, որ հրադադարի խախտումները դիտարկվում են խաղաղապահների դիտակետերից՝ օբյեկտիվ վերահսկողության միջոցներով, որոնք թույլ են տալիս դիտարկում իրականացնել օրվա ցանկացած ժամի:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Մոսկվան պատրաստ է տրամադրել ամենաճշգրիտ քարտեզները՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման համար