10 տարիների ընթացքում սահմանին Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գինը անփոփոխ թողնելը դեռ չի նշանակում, որ շարքային սպառողների համար կապույտ վառելիքը չի թանկանա։ Տարածքային կառավարման նախարարությունը պարզաբանում է՝ սակագները որոշելիս հաշվի են առնվում ոչ միայն մատակարարվող վառելիքի սահմանային գինը, այլև մի շարք այլ գործոններ՝ օրինակ, «Գազպրոմ Արմենիայի» ներքին ծախսերը, շահույթները և այլն։
Հայաստանցիների համար գազը վերջին անգամ թանկացել է այս ապրիլին շուրջ 5 դրամով, այժմ սովորական սպառողները մեկ խորանարդ մետրի համար 143,7 դրամ են վճարում։
«Գազպրոմ Արմենիան ունի ներդրումային ծրագիր մոտակա չորս տարվա համար և նախատեսում է մոտավորապես 60 միլիարդ դրամի չափով գումար ներդնել տնտեսության մեջ, գազամատակարարման համակարգի մեջ։ Դա անշուշտ կարող է ազդել գազի սակագնի վրա։ Կամ ընթացիկ ծախսերը կարող են ավելանալ՝ ենթադրենք աշխատավարձերը բարձրացնում է և այլն», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Սուրեն Պարսյանը։
Հայաստանի կառավարությունը երեկ հայտարարեց, թե Ռուսաստանի հետ պայմանավորվել են տասը տարի ժամկետով սահմանին գազի գինն անփոփոխ թողնել։ Փոխարենն այս ժամանակահատվածում Հայաստանը «Գազպրոմ Արմենիային» շուրջ 350 միլիոն դոլար կվճարի՝ ռուսական ընկերության նկատմամբ նախկինում չկատարած պարտավորությունների պատճառով։
Բանն այն է, որ «Գազպրոմ Արմենիային» պատկանող «Հրազդան ՋԷԿ»-ի հինգերորդ էներգաբլոկի կառուցման համար ռուսական ներդրումները չեն վերադարձվել։
2013-ին կնքված հայ-ռուսական «գազային» պայմանագրով Հայաստանը պարտավորվել էր ապահովել այդ բլոկի կառուցման ու արդիականացման համար արված ռուսական ներդրումների վերադարձը։ Երկարատև բանակցություններից հետո երկու երկրները պայմանավորվել են, որ տասը տարիների ընթացքում Հայաստանն ընկերությանը տարեկան շուրջ 35 միլիոն դոլար է վճարելու։ Ինչը, ըստ Հայաստանի իշխանությունների, հնարավորություն է տալիս այս ամբողջ ժամանակահատվածում սահմանին կապույտ վառելիքի գինը նույնը պահել։
Սուրեն Պարսյանը այսպիսի երկարաժամկետ համաձայնությունը անչափ կարևոր է համարում, ասում է՝ Հայաստանի տնտեսության համար խիստ անհրաժեշտ է այսպիսի կանխատեսելիությունը. - «Տասը տարվա համար երկարաժամկետ գազամատակարարման պայմանագիր ունենալը Հայաստանի Հանրապետության համար, կարծում եմ, կարևոր նշանակություն ունի կանխատեսելիության, նաև բիզնեսի համար ծախսերի հաշվարկման տեսանկյունից»
Դեռ անցած տարի էր հայտնի, որ կողմերը համաձայնել են այս տարբերակին։ Այն ժամանակ «Ազատության» հարցմանն ի պատասխան գործադիրից վստահեցրել էին՝ եթե տասը տարիների ընթացքում ռուսական կողմն այդուհանդերձ որոշի թանկացնել գազը, պայմանավորվածությունը չի գործի։
Այս տարվա հուլիսին երկու երկրների կառավարությունները Մոսկվայում ստորագրել են այս պայմանավորվածության արձանագրությունը։ Երեկ գործադիրն այն ուղարկեց Հանրապետության նախագահի գրասենյակ՝ հաստատման։
«2013 թվականին կնքվեց Ռուսաստան - Հայաստան գազամատակարարման պայմանագիրը։ Այդ պայմանագրով հայկական կողմը ստանձնել էր պարտավորություն, որ Հրազդան 5-րդ էներգաբլոկի եկամտաբերությունը պետք է ապահովի։ Եվ այդ եկամտաբերությունը չի կարողացել ապահովել հայկական կողմը, քանի որ այդ էներգաբլոկի կողմից արտադրված էլեկտրաէներգիան չի կարողացել հայկական կողմը արտահանել Իրան», - ասաց Սուրեն Պարսյանը։
Բացի գազից, այս տարի քաղաքացիների համար թանկացան նաև էլեկտրաէներգիան և ջուրը։ Գործադիրից ամռանը չէին բացառել, որ դրամի արժեվորման շրջանում գազի ու հոսանքի սակագները գուցե նվազեն։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից նույնպես հայտարարում են՝ կարելի է դիտարկել վերանայման հարցը։
Բայց սակագների նվազեցում մինչև այս պահը չի եղել, ավելին՝ ջուրն, ամենայն հավանականությամբ, հունվարից դարձյալ կթանկանա։ Այս դեպքում կառավարությունը խոստացել է սուբսիդավորել տարբերությունը։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջուրը հունվարի 1-ից կթանկանա, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում սուբսիդավորում է խոստանում