«Գազպրոմ Էքսպորտ» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների միջև կնքված բնական գազի առաքման պայմանագրի գործողությունը ապրիլի 1-ից կշարունակվի սահմանին գործող բնական գազի պայմանագրային գնով։ Այս մասին այսօր «Ազատության» հարցմանը ի պատասխան` հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից։
Ապրիլի 1-ին լրանում է Հայաստանին գազի մատակարարման մասին պայմանագրի ժամկետը, համաձայն որի Հայաստանի համար ռուսական գազի գինը 1.000 խորանարդ մետրի դիմաց կազմում է 165 դոլար: Գործող պայմանագրի ժամկետը երկարացվել էր 2020թ.-ի դեկտեմբերի 30-ին՝ 2021 թվականի 1-ին եռամսյակի համար։
«Գազպրոմ Արմենիայից» նաև տեղեկացնում են, որ Հայաստանի սպառողներին վաճառվող բնական գազի սակագների ձևավորման վրա ազդում են բազմաթիվ գործոններ, որոնց ազդեցության համալիր վերլուծության արդյունքներով ընկերությունը մշտադիտարկում է սակագների վերանայման հայտ ներկայացնելու նպատակահարմարությունը: Անհրաժեշտություն առաջանալու դեպքում տրվում է պատշաճ ծանուցում: