Հայաստանի վարչապետի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա, հայտարարել է Ադրբեջանի նախագահը։
Ելույթ ունենալով միջազգային համաժողովում՝ Իլհամ Ալիևն ասել է. - «Բրյուսելի հանդիպումը պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Բայց Հիքմեթ Հաջիևը (Ադրբեջանի նախագահի խորհրդական) երեկ ինձ տեղեկացրեց, որ իր հետ կապ են հաստատել Շառլ Միշելի (Եվրոպական խորհրդի նախագահ) գրասենյակից ու տեղեկացրել, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպել միայն Ֆրանսիայի նախագահ Մակրոնի մասնակցությամբ։ Դա նշանակում է, որ հանդիպումը տեղի չի ունենա»։
Փաշինյանն ու Ալիևը վերջին անգամ հանդիպեցին հոկտեմբերի 31-ին Սոչիում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ։ Սոչիում ընդունված համատեղ հայտարարությամբ երեք երկրների առաջնորդներն ընդգծեցին խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը՝ տարածաշրջանում կայուն և երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Սոչիի պայմանավորվածություններից 10 օր անց, սակայն, Երևանն ու Բաքուն կոշտ մեղադրանքներ սկսեցին փոխանակել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Սպառնալիքներ, պահանջներ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Իլհամ Ալիևի կողմից