«Առագաստ» սրճարանի զուգարանում 2001-ի սեպտեմբերի 25-ին սպանված Պողոս Պողոսյանի գործով պայմանագրային հիմունքներով աշխատող դատաբժիշկներ Շ.Գ.-ին և Գ.Հ.-ին մեղադրանք է առաջադրվել, որպես խափանման միջոց է ընտրվել պաշտոնավարման կասեցումը, ինչպես նաև երկրից բացակայելու արգել է սահմանվել, փոխանցում է Գլխավոր դատախազությունը։
Ավելի վաղ դատախազությունը տեղեկացրել էր, որ Պողոսյանին կյանքից զրկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով փորձագետներ Շ.Գ-ի և Գ.Հ.-ի կողմից ակնհայտ կեղծ եզրակացություն տալու փաստով քրեական վարույթ է նախաձեռնվել։ Իրավապահները հաստատել էին, որ Պողոսյանի դին զննած փորձագետները կեղծել են եզրակացությունները։
Ըստ իրավապահների, եթե 2001-ին փորձագետները եզրահանգել էին, որ Պողոսյանի մահը վրա է հասել ընկնելու հետևանքով, ապա երկու տարի առաջ, երբ մահվան գործը վերաբացվեց, փորձաքննությունը տրամագծորեն հակառակ պատկեր էր արձանագրել՝ ջավախքցի տղամարդը մահացել է ծեծի հետևանքով։
43-ամյա Պողոսյանի մահվան գործը վերաբացվել է 2019-ին՝ դեպքի ականատես Մեծ Բրիտանիայի քաղաքացի Սթիվեն Նյութոնի բողոքից հետո։ Գործով միակ մեղադրյալը նախկին նախագահի թիկնազորի անդամներից «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանն է՝ անզգույշ սպանության հոդվածով։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իրավապահները հաստատում են՝ Պողոս Պողոսյանի դին զննած փորձագետները կեղծել են եզրակացությունները