Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանից հանրությունն ակնկալում է ոչ թե քննադատություններ, այլ Մարտի 1-ի վերաբերյալ բացատրություններ. Անդրանիկ Քոչարյան


«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյան, արխիվ
«Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանն ասելիք ունի միայն դատարանում։ Հանրությունը նրանից ակնկալում է լսել ոչ թե քննադատություններ, այլ բացատրություններ 2008 թվականի արյունոտ իրադարձություններում իր որոշումների մասին, իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այսպես արձագանքեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբետ Քոչարյանի քննադատություններին։

«Ռոբերտ Քոչարյանին, օրինակ, ես կարծում եմ՝ շատ-շատերը, մեր հասարակությունն ամբողջությամբ սպասում է նրա բացատրություններին դատաքննության ընթացքում, որն այդպես էլ չի սկսվում», - ասաց Անդրանիկ Քոչարյանը:

Ռոբերտ Քոչարյանը երեկ հարցազրույց է տվել «5-րդ ալիք», «Հ2» և «Երկիր մեդիա» հեռուստաընկերություններին։ Ավելի քան մեկ ժամ տևած հարցազրույցում քննադատել է Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած ներքին ու արտաքին քաղաքականությունը, խոսել է իշխանափոխության անհրաժեշտության մասին: Նա չի բացառել հեղափոխականների հաջողված մեթոդի կիրառումը՝ զանգվածային ճնշումներ՝ ճանապարհներ փակելու միջոցով։

«Ընդդիմադիր ուժերի հայտարարությունները, եթե նկատել եք, նմանատիպ են: Բոլորը հասկանում են, որ վիճակը գնալով վատանում է, բոլորն ընդունում են, որ իշխանությունը պետք է փոխվի, բոլորը հասկանում են, որ իրենք իրենց հոժար կամքով չեն գնալու և իշխանությունը փոխելու ճանապարհը հանրային, զանգվածային ճնշումների միջոցով է կարող լինել», - ասել է Քոչարյանը:

Շուրջ 4 միլիոն դոլար գրավով ազատության մեջ գտնվող Ռոբերտ Քոչարյանի խոսքով՝ եթե կառավարությունը չփոխի գործելաոճը, լրջագույն խնդիր կունենա։ Արտահերթ իշխանափոխությունից մինչև հերթական ընտրություն բոլոր սցենարները քաղաքական սեղանի վրա են։ Ընդդիմադիր ուժերի հայտարարությունները հաստատում են, որ իշխանափոխության օրակարգը ձևավորված է, կազմակերպչական հարցերն են մնում, ասել է Քոչարյանը։ Թե ո՞ր ուժերի համախմբմամբ է հավանական իշխանափոխության իրագործումը, երկրորդ նախագահը փակագծեր չի բացել։

«Հիմա նայեք՝ երկու տարում ուր են հասցրել երկիրը, հիմա ևս երեք տարի սպասե՞ն՝ տեսնեն ընդհանրապես ի՞նչ վիճակում կարող են հայտնվել: Դա չի նշանակում, որ անպայման լինելու է արտահերթ իշխանափոխություն, ամեն ինչ կախված է քաղաքական գործընթացներից, բայց այսօր քաղաքական սեղանի վրա դրած է ամբողջ այդ սպեկտորը՝ հանրային զանգվածային բողոքներ, ճնշումներ նաև փողոցներ փակելով: Այն, ինչ եղել է 18 թվականին», - նշել է Ռոբերտ Քոչարյանը:

Հանրային ճնշմամբ, փողոցներ փակելով սպառնացող Ռոբերտ Քոչարյանին և իր քաղաքական համախոհներին ժողովուրդն արդեն մերժել է, ընդ որում՝ մի քանի սերնդի, հակադարձեց Անդրանիկ Քոչարյանը՝ հարցնելով՝ այդ ո՞ր ուժերի հետ և ինչպե՞ս է պատկերացնում իշխանափոխությունը, երբ Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց որոշումը կայացրել են, Քոչարյանի և ժողովրդի միջև միայն փշալարեր են։

«Իշխանափոխության իր պատկերացումները, ընդ որում՝ բնորոշեց նաև ագրեսիվ գործողություններ: Ռոբերտ Քոչարյանի պարագայում ագրեսիվ գործողություններն անմիջապես պետք է կանխել հենց բնում, որովհետև մեր հասարակությունը չի մոռացել նրա ագրեսիվ գործողությունների թե՛ մասնավոր դեպքերը կապված Պողոս Պողոսյանի սպանությանը, և չի մոռացել նաև Մարտի 1-ը, չի մոռացել ընդհանրապես իր գործողությունները իր պաշտոնավարման ընթացքում», - ասաց «Իմ քայլի» պատգամավորը:

Իշխանափոխության սցենարները անհաջողության են մատնվելու, ասաց իշխանական պատգամավորը՝ շարունակելով՝ Քոչարյանը մոլորության մեջ է, եթե կարծում է, որ ժողովուրդը իշխանությունից հիասթափվել ու փրկչի դերում իրեն է տեսնում։

«Ռոբերտ Քոչարյանը խոսում է պետության հիմքերը քանդելու մասին, այնպես որ այդտեղ ինքը որևէ հաջողության չի կարող հասնել, որովհետև ժողովուրդն իր ընտրությունը կատարել է, և այդ ընտրության պատասխանատուն այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացին է», - ընդգծեց Անդրանիկ Քոչարյանը:

Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցին էլ էր անդրադարձել Հայաստանի նախկին ղեկավարը, մտահոգվել Փաշինյանի՝ «Արցախը Հայաստան է և վերջ» ձևակերպման առնչությամբ։ Դա գուցե ալեգորիկ նշանակություն ունի գործող իշխանության համար, բայց, փաստացի, Արցախը վերածվել է Հայաստանի մարզի կարգավիճակի, ասել է նա։

«Այդ բանաձևերը, նոր այսպես ասենք իշխանության կողմից առաջ քաշված բանաձևերում կա՛մ պետք է Ղարաբաղը հրաժարվի անկախության գաղափարից, կա՛մ Ադրբեջանը պետք է համաձայնվի Ղարաբաղի անկախության հետ, չկա ո՛չ նա, ո՛չ այն: Ես ո՛չ Ադրբեջանում եմ տեսնում այդպիսի մտադրություն, ո՛չ Ղարաբաղում եմ տեսնում այդպիսի մտադրություն: Հիմա հարց է առաջանում՝ ի՞նչ սկզբունքների շուրջ պետք է այս հարցը ստանա իր լուծումը, իմ համար հասկանալի չի», - ասել է երկրորդ նախագահը:

Ղարաբաղյան կարգավորման ու արտաքին քայլերին ուղղված քոչարյանական քննադատություններին իշխանական պատգամվորը նախընտրեց արձագանքել կարճ՝ մեկ օրինակով. «Ո՞նց կարող է Ռոբերտ Քոչարյանն այսօր խոսել Արցախի անվտանգության և դրա մեջ այսօրվա իշխանությունների կատարած քայլերի մասին, երբ որ այդ քայլերն ըստ էության ամրացրել են մեր անվտանգային համակարգը: Ռոբերտ Քոչարյանը, չմոռանանք, եղել է այն միակ ղեկավարը, որը Ադրբեջանի հետ քննարկել է Մեղրիի տարբերակը»:

XS
SM
MD
LG