Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումներն, ադրբեջանական կողմից Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը:
Ընդլայնված խորհրդակցության մասնակիցներն իրենց մտահոգություններն են հայտնել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն օրերս հայտարարեց, թե չի պատրաստվում «Ղարաբաղի հայերի ճակատագիրը քննարկել» Հայաստանի իշխանությունների, ինչպես նաև արտաքին խաղացողների ու նրանց ներկայացուցիչների հետ՝ կոնկրետ մատնանշելով Ռուսաստանից Ղարաբաղ վերադարձած Ռուբեն Վարդանյանին, որ վերջերս ստանձնեց Արցախի պետնախարարի պաշտոնը:
«Պատրաստ ենք խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ, «բայց ոչ Մոսկվայի կողմից ուղարկված [Ռուբեն] Վարդանյանի նմանների, որի գրպանում ռուս ժողովրդից գողացված միլիարդներն են։ Նրան Մոսկվայից ուղարկել են հստակ օրակարգով», - ասել էր Ալիևը՝ շարունակելով․ - «Եթե որոշ երկրներից, չլինեն արտաքին միջամտություն ու Ղարաբաղի հայերի հետ մեր կապերին խոչընդոտելու փորձեր, գործընթացը շատ ավելի լավ կզարգանա»։
Արձագանքելով Ադրբեջանի նախագահին՝ Վարդանյանը ողջունել է Արցախի հետ ուղիղ երկխոսություն սկսելու նրա ցանկությունը՝ շեշտելով՝ Արցախն այս գործընթացում պետք է սուբյեկտային լինի։
Երեկ Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայնն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ստեփանակերտն էլ համաձայն չէ Բաքվի առաջարկին՝ ուղիղ խոսել Ղարաբաղում ապրող հայերի հետ։ Փոխարենը՝ Լեռնային Ղարաբաղն առաջարկում է օգտվել թեկուզ փաստացի արդեն երկու տարի չգործող Մինսկի խմբի ձևաչափից։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ստեփանակերտը համաձայն չէ Ղարաբաղում ապրող հայերի հետ ուղիղ խոսելու Բաքվի առաջարկին