Ըստ Մելիքյանի՝ պարկեշտ չէ լրագրողներին առաջնագիծ տանելով սպառնալը

Ճնշում լրագրողների նկատմամբ. Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի հերթական սկանդալային հայտարարությունը քաղհասարակության վրդովմունքն է հարուցել։ Այս անգամ Անդրանիկ Քոչարյանի թիրախում լրատվամիջոցների ներկայացուցիչներն էին։

«Անդրանիկ Քոչարյանի գործը չէ ասել, թե որտեղ պետք է լինեն լրագրողներն ու ինչպես պետք է աշխատեն», - ասաց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագա Աշոտ Մելիքյանը։

Քոչարյանը երեկ Ազգային ժողովի ամբիոնից դժգոհեց լրագրողներից, որոնք նախօրեին փորձել էին մամուլի հետ հազվադեպ շփվող պաշտպանության նախարարին հարցեր ուղղել։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահին սա դուր չէր եկել։ Նախ, ԱԺ միջանցքում հավաքված լրագրողներին նա «չինական պատ» անվանեց, ապա հայտարարեց՝ լրագրողներն էլ պիտի գնան սահման, 25-օրյա ուսումնական հավաքներին։

«Միջանցքում տեսա չինական պատ պաշտպանության նախարարի դեմը։ Օպերատորները շարվել էին, բոլորն արգելափակել էին։ Եռամսյա հավաքները փոխարինվում են 25-օրյա ուսումնական հավաքների, որին մասնակից են դառնալու բոլորը, այդ բոլորի մեջ արդեն այդ չինական պատերը կվերանան», - ասաց Քոչարյանը։

Անդրանիկ Քոչարյան

Խոսքի ազատության կոմիտեի նախագահն ասում է՝ պարկեշտ չէ լրագրողներին առաջնագիծ տանելով սպառնալը։ Մելիքյանը Քոչարյանի հայտարարությունն անընդունելի է համարում։

«Այս ոճի կարծիքները, որը որ, կարծես թե, Անդրանիկ Քոչարյանի համար նորմ է դարձել, ուղղակի անընդունելի են և անթույլատրելի», - ասաց Մելիքյանը։

Պետական պաշտոնյաները մի կողմից վրդովվում են լրագրողների հարցերից, մյուս կողմից կոչ անում ավելի ակտիվ լուսաբանել բանակի բարեփոխումները։

Խոսքի ազատության կոմիտեի նախագահն ընդգծում է՝ դրա համար անհրաժեշտ է, որ ուժային կառույցների պաշտոնյաները կապեր ունենան և շփվեն լրատվամիջոցների հետ։

«Ժամանակն է, որ բարձրաստիճան պաշտոնյաները, հատկապես ուժային ոլորտի պատասխանատուները, վերանայեն իրենց գործելաոճը և հասկանան, որ վերջին տարիների ընթացքում իրենք շատ վատ են աշխատում հասարակության հետ», - ասաց Մելիքյանը։

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն առաջին անգամը չէ նման հայտարարություն անում։ Իշխանությունների հրաժարականի պահանջով ընդդիմության հանրահավաքների շրջանում էլ Քոչարյանը ցուցարարներին էր առաջարկում սահման ուղարկել։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ակցիաներից բերման ենթարկվածներին զորահավաքների ուղարկելը պահեստազորի սպան «պատժիչ գործիք» է համարում