Իրանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 14-ին հեռախոսով քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային զարգացումներին առչվող մի շարք հրատապ հարցեր:
Նախարարները նշել են, որ հարկ է երկխոսության և փոխըմբռնման մոտեցումներով կարգավորել վերջին շրջանում առաջացած հարցերը և մտահոգություն են հայտնել այսօրվա հանրային հռետորաբանության կապակցությամբ:
«Այդ համատեքստում կարևոր են համարվել երկու արտաքին գերատեսչությունների մամլո վարչությունների շփումները, որոնք կարող են օգտակար դառնալ», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հրապարակած հաղորդագրությունում:
Վերջին ժամանակաշրջանում Թեհրանը և Բաքուն մեղադրանքներ են փոխանակում։ Ադրբեջանը հայտնում է Իրանի օգտին լրտեսող ցանց բացահայտելու և կասկածյալներին կալանավորելու մասին: Իրանն, իր հերթին, հայտարարել է, որ Շիրազում խոշոր ահաբեկչությունը կազմակերպել են ադրբեջանցիները:
Աբդոլլահիանը և Բայրամովը պայմանավորվել են առաջիկայում շարունակել շփումները:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում