Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Իրանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում


Իրանի ու Ադրբեջանի լարված հարաբերությունները նոր թափ են հավաքում․ Բաքուն այսօր հայտարարեց, թե Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել և ձերբակալել է Ադրբեջանի հինգ քաղաքացիների, որոնք լրտեսություն են իրականացրել հօգուտ Իրանի Իսլամական Հանրապետության։ Նրանց մեղադրանք է առաջադրվել դավաճանության համար:

Ձերբակալվածների շարքում է Կասպյան նավթային նավատորմի նավերից մեկի նավապետ Զահիր Ասկեֆրովը, ով ըստ ադրբեջանական ԱԱԾ-ի, հավաքագրվել է Իրանի գաղտնի ծառայությունների կողմից, և դրամական պարգևի դիմաց իրանական հատուկ ծառայություններին տեղեկություններ փոխանցել Կասպից ծովում անցկացվող զորավարժությունների, Ադրբեջանում գործող օտարերկրյա ընկերությունների ու նավահանգիստներ բերվող բեռների մասին:

Քննությունը պնդում է, թե իրանական հատուկ ծառայությունների կողմից հավաքագրված երկու այլ ադրբեջանցիներ լուսանկարահանել են նավթային ու գազային երթուղիները, Պաշտպանության նախարարության ու Սահմանային ծառայության անօդաչու թռչող սարքերը և ռազմական օբյեկտները։

Դավաճանության ու լրտեսության մեջ մեղադրվող չորրորդ կասկածյալն, ըստ ադրբեջանական ԱԱԾ-ի, իրանցիներին տեղեկություն է փոխանցել Ադրբեջանում գործող արտասահմանյան կառույցների, երկրում տիրող հասարակական ու քաղաքական իրավիճակի, զորամասերի ու դրանց հրամանատարական կազմի մասին։ Մյուս ձերբակալվածն էլ ռազմական նշանակության այլ տվյալներ է փոխանցել՝ «Տելեգրամ»-ի օգնությամբ։

Լրտեսական ցանցը, ըստ նույն՝ պաշտոնական աղբյուրների, գործել է 2018-ից, բացահայտվել է, սակայն, հիմա՝ Բաքվի և Թեհրանի միջև շաբաթներ շարունակվող փոխադարձ մեղադրանքների ֆոնին, վերջին օրերին երկու երկրները իրենց Արտգործնախարարություն էին կանչել միմյանց դեսպաններին ու բողոքի նոտաներ փոխանցել՝ թշնամալից հայտարարությունների ու ոչ բարեկամական քայլերի կապակցությամբ։

Ավելի վաղ՝ այս ամիս, Բաքուն հայտարարել էր, թե բացահայտել և ձերբակալել է իրանի կողմից Ադրբեջանի տարածքում հիմնադրված ապօրինի զինված խմբի 17 անդամների։ Թեհրանն էլ պնդել էր, թե ադրբեջանական հետք է գտել շաբաթներ առաջ Շիրազ քաղաքում իրականացված արյունալի ահաբեկչության ետևում։

Ավանդաբար սառը հարաբերություններ ունեցող հարևանների միջև լարվածությունը խորացավ ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանը սկսեց փակել Իրանից Հայաստան տանող ճանապարհը, հետո էլ պահանջեց Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» տրամադրել։ Թեհրանը մի քանի անգամ և ամենաբարձր մակարդակով հայտարարել է, թե տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անթույլատրելի է համարում, հետո էլ լայնածավալ զորավարժություններ անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին։

Կրքերը էլ ավելի թեժացան, երբ անցած շաբաթ՝ Թյուրքական երկրների գագաթնաժողովում, Ադրբեջանի նախագահը թափանցիկ ակնարկներով դիմեց Իրանում ապրող միլիոնավոր ադրբեջանցիներին։

«Թյուրքական երկրների սահմաններից դուրս ապրող մեր հայրենակիցների՝ մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունքը պետք է լինի մեր օրակարգում, և այդ ուղղությամբ պետք է անհրաժեշտ քայլեր ձեռնարկվեն։ Ցավոք, ադրբեջանական պետությունից դուրս ապրող 40 միլիոն ադրբեջանցիների մեծ մասը զրկված է այդ հնարավորությունից», - հայտարարել է Իլհամ Ալիևը։

Թեհրանում անմիջապես հասկացել էին՝ ում էին ուղղված Ալիևի խոսքերը․ Մեջլիսի պատգամավորներն այսօր մեղադրել են հարևան երկրի առաջնորդին պատմություն չիմանալու մեջ և հիշեցրել, որ հենց Ադրբեջանն է անջատվել Իրանից, ոչ թե հակառակը։

«Առաջարկում եմ Ադրբեջանի նախագահին կարդալ Գյուլիստանի պայմանագիրը։ Եթե այն չիրագործվեր, Ադրբեջանը կլիներ Իրանի կազմում, և Ալիևը չէր կարող լինել այդ երկրի նախագահը», - հայտարարել է Պատգամավոր Սեյյեդ Ալբորզ Հոսեյնին։

XS
SM
MD
LG