Մակրոնն Ալիևի հետ հեռախոսազրույցում ընդգծել է ԵՄ առաքելության կայունացնող դերը

Արխիվ

Ֆրանսիայի և Ադրբեջանի նախագահներ Իլհամ Ալիևը և Էմանյուել Մակրոնը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Պրահայում կայացած քառակողմ հանդիպման արդյունքները, հաղորդում է ադրբեջանական կողմը: Նշվում է նաև, որ հեռախոսազրույցը կայացել է ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ։

Ելիսեյան պալատի հաղորդագրության համաձայն՝ զրուցակիցները Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման գործում սերտ համակարգման ցանկություն են հայտնել։ Մակրոնը հայտարարել է, որ նոյեմբերի 19-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակներում հանդիպելու է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Նա վերահաստատել է Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ աջակցել երկու երկրների միջև կարգավորման գործընթացին և աշխատել տարածաշրջանում քաղաքական լուծման հասնելու համար, որը թույլ կտա երկարատև խաղաղություն հաստատել: Էմանյուել Մակրոնը նաև ողջունել է Ադրբեջանի հետ Հայաստանի սահման գործուղված ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը, ասված է Ելիսեյան պալատի հաղորդման մեջ:

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ իր հերթին, Ալիևը նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում չեզոք, անաչառ և հավասարակշռված մոտեցման կարևորությունը։ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե «վերջին օրերին Հայաստանի կողմից հնչեցված հայտարարությունները հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը և խաղաղության օրակարգին», փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի ղեկավարը վերջին օրերին դարձյալ խոսել էր Երևանի կողմից մերժվող «Զանգեզուրի միջանցքի» մասին, սպառնալիքներ, մեղադրանքներ հնչեցրել, պահանջներ ներկայացրել, ռազմատենչ հայտարարություններ արել Հայաստանի հասցեին:

Նիկոլ Փաշինյանն էլ Իլհամ Ալիևին մեղադրել էր Հայաստանն Ադրբեջանին կապող Լաչինի միջանցքը փակելու, Ղարաբաղի հայությանը շրջափակելու և նրան ցեղասպանության ենթարկելու հիմքեր ստեղծելու, Հայաստանի տարածքի նկատմամբ նկրտումների մեջ՝ ադրբեջանական կողմի քայլերը համեմատելով ահաբեկչական «Ալ Քաիդա»-ի հետ։