Պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանում Հայաստանի տարածքում ադրբեջանական զինուժի կողմից ճանապարհներ և բունկեր կառուցելու մասին նախկին օմբուդսմենի հայտարարությունը։
Ադրբեջանական սեպտեմբերյան հարձակումից երկու ամիս անց էլ ռազմական գերատեսչությունը չի հայտնում, թե հայկական կողմը քանի դիրք է կորցրել և ինչ ռազմավարական նշանակություն ունեին դրանք։ Հայտնի է միայն, որ անցած երկու տարվա ընթացքում Հայաստանի տարածքից մոտ 130 քառակուսի կիլոմետր տարածք է օկուպացվել։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Սեպտեմբերյան դեպքերից 2 ամիս անց էլ որոշ բնակիչներ դեռ չեն վերադարձել ՋերմուկՆոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից երկու տարի անց խաղաղ չէ ո՛չ Արցախում, ո՛չ ՀայաստանումԱդրբեջանը հրադադարի եռակողմ հայտարարության օրը կրակ է բացել Հայաստանի ուղղությամբԱդրբեջանցի զինվորները շարունակում են մնալ Ջերմուկի մատույցներում. Վայոց Ձորի մարզպետՆախկին օմբուդսմեն Արման Թաթոյանը երեկ ներկայացրել է իր ղեկավարած հիմնադրամի փաստահավաք զեկույցը։ Քարտեզագետներից, իրավաբաններից և պատմաբաներից բաղկացած մասնագիտական խումբը Սյունիքում և Վայոց Ձորի մարզում արձանագրել է, որ ադրբեջանցիներն այս օրերին ակտիվորեն ամրացման աշխատանքներ են իրականացնում, ճանապարհներ և անգամ բունկեր են կառուցում՝ թիրախի տակ պահելով մի շարք համայնքներ, նաև Տաթևի և Ջերմուկի ՀԷԿ-երը, Կապանի պոչամբարը։
Ըստ Արման Թաթոյանի, եթե այս օբյեկտների հետ որևէ բան պատահի, ապա հետևանքներն աղետալի են լինելու։ Փաստահավաք աշխատանքների ընթացքում արված լուսանկարները, ըստ Թաթոյանի, փաստում են, որ ադրբեջանցիները Ջերմուկի հարևանությամբ գտնվող Արջիսարում են, որտեղից էլ դիտարկում են քաղաքը. - «Հիմա դուք տեսնում եք Արջիսարի հատվածը։ Մենք կարմիր գծով ցույց ենք տվել ուղիղ տեսանելիությունը, թե այդ դիրքերից, իրենց դիրքերից Ջերմուկ քաղաքը գտնվում է անմիջական, ուղիղ տեսանելիության ներքո»։
Թաթոյանը նաև լուսանկարներ ներկայացրեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում՝ Ջերմուկի անմիջական հարևանությամբ, ադրբեջանցիները արդեն 10-12 մետր լայնությամբ բետոնե ճանապարհ են կառուցել. - «Սա, օրինակ, Ջերմուկի անմիջական հարևանությամբ, մեր երկրի օկուպացված տարածքներում ադրբեջանական զինված ուժերի կողմից կառուցված ճանապարհ է։ Սա այսպես կոչված բետոնե ճանապարհ է, մենք ուսումնասիրել ենք մանրամասն, թե ինչպես են նրանք այս ճանապարհը կառուցում։ Նրանք, մասնավորապես, հանքերից կամ տարբեր տեղերից բերում են քարեր, մանրացնում են, լցնում են այդ քարերը այս ճանապարհներին, հետո ենթադրենք ցեմենտով կամ որևէ այլ նյութով խառնում են, որպեսզի ձմռան համար նաև պատրաստ լինեն ճանապարհները։ Այսինքն՝ նրանք պատրաստվում են ակնհայտորեն ձմռանը, և այս ճանապարհները, մեր ուսումնասիրությամբ, մոտավորապես 10-12 մետր լայնություն ունեն»։
«Ներքին Հանդը վերածվել է ուրվական գյուղի»
Նախկին օմբուդսմենը նաև ներկայացրեց Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակը։ «Թաթոյան հիմնադրամի» կատարած ուսումնասիրությունների համաձայն, Ներքին Հանդ գյուղում միայն ադրբեջանցիները շուրջ 10 դիրք են տեղակայել, որոնցից մեկը գյուղի դպրոցին այնքան մոտ է, որ ըստ Թաթոյանի, իրենց այցելության ժամանակ, լսելի են եղել ադրբեջանցիների ձայները։ Դպրոցը, բնականաբար, չի գործում։
Ադրբեջանցի զինվորները նաև անարգել մոտենում են Ներքին Հանդի գերեզմանատանը, ինչի հետևանքով գյուղի բնակիչներն իրենց հարազատների շիրիմներին այցելելու հնարավորություն այլևս չունեն։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պրծել ա էս գյուղը». ադրբեջանցիները փակել են Ներքին Հանդի խմելու ջուրը«Գյուղում այլևս ընտանիքներ չկան, նախկինի ակտիվ և կենսուրախ համայնքից Ներքին Հանդը վերածվել է ուրվական գյուղի», - փաստել է նախկին օմբուդսմենը։ - «Տեսեք, սա Ներքին Հանդի դպրոցն է ներքևում, գյուղի արխիվն ու վարչական շենքը անմիջապես դպրոցի վերևում է գտնվում։ Դուք պատկերացրեք, մենք այդ պահին գտնվում էինք դպրոցի մոտ, ադրբեջանական զինծառայողները ըստ երևույթին գոռգոռում էին, չգիտեմ ինչ էին անում, բայց բարձր էին խոսում, և մենք նրանց ձայները ակնհայտ լսում էինք։ Եվ հենց անմիջապես դպրոցի դիմաց, սարի վրա լրացուցիչ դիրք են դրել, որ էլի ամբողջությամբ վերահսկում են այս տարածքը»։
Հաշվի առնելով ադրբեջանական զինուժի քայլերը ու այն, թե ինչ տեմպերով են նրանք Հայաստանի ինքնիշխան տարածքում ավելացնում իրենց դիրքերը՝ նախկին օմբուդսմենն ասում է, որ ադրբեջանցիները հեռանալու մտադրություն չունեն. - «Ադրբեջանական զինված ծառայողները, որ այսքան դիրքեր են դրել մեր տարածքում, միայն էդ փոքր Ներքին Հանդում մինչև տասը զինված դիրք կա, եթե ոչ ավել։ Ամեն դիրքում էլ՝ չգիտեմ...քսան զինծառայող։ Էլ չասեմ, որ օկուպացված տարածքներում մանավանդ, օրինակ, Ջերմուկում արդեն վառելափայտ էլ են անգամ էնտեղ տարել։ Որովհետև պատրաստվում են ձմեռվան, չեն պատրաստվում էնտեղից դուրս գալ։ Այս պայմաններում, այսքան զինված ուժեր ունենալու դեպքում, դուք կարծում եք, ինչ-որ մի միամիտ կարծում է, որ նրանք խաղաղության են պատրաստվո՞ւմ»։
Վայոց ձորի մարզպետը տեղյակ չէ, որ Ջերմուկի մոտակայքում ադրբեջանցիները ճանապարհներ ու նաև բունկեր են կառուցում։ Այդ հարցին, ըստ Արարատ Գրիգորյանի, պետք է պատասխանի Պաշտպանության նախարարությունը։
«Մեր տեսածը շատ քիչ է», - ասաց Վայոց Ձորի մարզպետը, ով անցած շաբաթ «Ազատության» հետ զրույցում հաստատել էր, որ սեպտեմբերի 13-ից հետո Հայաստանի ինքիշխան տարածք ներխուժած ադրբեջանցի զինվորները հետ չեն գնացել և շարունակում են մնալ Ջերմուկի մատույցներում։