Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հաստատում է դիրքային կորուստները, սակայն հրաժարվում է կոնկրետ թվեր հրապարակել: Խորհրդարանում հաջորդ տարվա բյուջեի քննարկմանը մասնակցող ԶՈւ ԳՇ պետը չխոսեց նաև կորսված դիրքերի ռազմավարական նշանակությունից:
«Դիրքային կորուստներ ունեցել ենք Ներքին Հանդի ուղղությամբ, Ջերմուկի ուղղությամբ, Իշխանասարի ուղղությամբ, Կուտականի ուղղությամբ: Իսկ քանակական դիրքային՝ եթե կոնկրետ համարում են ջոկի դիրք, եթե համարում են դասակի հենակետ, վաշտի հենակետ, դրանք տարբեր նշանակության կառույցներ են և տերմինաբանությամբ կոնկրետ 50 թիվ ենք կորցրել, թե 60 թիվ ենք կորցրել, թե 70, ես հստակ չեմ կարող պատասխանել և չեմ կարող մեկնաբանել, թե անձինք, ովքեր ներկայացնում են համապատասխան թվեր, ինչ ի նկատի ունեն», - լրագրողներին ասաց բարձրաստիճան զինվորականը։
Ասրյանը պնդում է, թե ադրբեջանական ուժերը Ջերմուկից հետ են քաշվել, մինչդեռ Ջերմուկի բնակիչները «Ազատությանը» հայտնեցին, որ այսօրվա տվյալներով էլ ադրբեջանցիները դեռ բլուրի վրա են:
«Հակառակորդի ստորաբաժանումները տալով համապատասխան կորուստներ, հետ են քաշվել, և ներկա դրությամբ մենք Ջերմուկի ուղղությամբ ունենք գծագրված առաջնագիծ, որն ապահովում է Ջերմուկ քաղաքի անվտանգությունը: Նաև սեպտեմբերի 16-ից հետո, ես ևս երկու անգամ այցելություն եմ ունեցել Ջերմուկի ուղղություն, այնտեղ ամեն ինչ համակարգված է և իրադրությունը հարաբերական կայուն է», - ընդգծեց նա:
Անդրադառնալով հայտարարությունը, որ վերջին մեկ տարում Ադրբեջանը գրավել է 127 քառակուսի կմ տարածք, Ասրյանն ասաց. «Եթե ես այս հարցին հարաբերական պատասխան տամ, ձեր կողմից հնչելու է, որ Գլխավոր շտաբի պետը ճիշտ չի պատասխանում: Կա հաշվարկի տարբեր մեթոդներ, եթե հաշվարկները կատարվում են հակառակորդի առաջնագծից մեր համապատասխան խորություններում, որտեղ հակառակորդը հաջողություններ է ունեցել օկուպացնել մեր ինքնիշխան տարածքից, ապա դա կազմում է մոտ 130 և որոշակի ավելի տարածք, այսինքն՝ 127 շեշտված թիվը մոտիկ թիվ է այդ տարածքներին: Եթե մենք հաշվում ենք այդ տարածքների կորուստները անմիջապես մեր առաջնագծից խորությամբ, ապա այդ թիվն ավելի քիչ է կազմում»:
Խորհրդարանի Պաշտպանության հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը Սանկտ Պետերբուրգում ՀԱՊԿ խորհրդարանների Պաշտպանության հանձնաժողովների խորհրդակցության ժամանակ էր ասել, որ անցած մեկ տարում Ադրբեջանը 127 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել։ Այս թիվը պաշտոնապես առաջին անգամ էր հրապարակվում։