ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը CNN-ին ասել է, որ Խերսոնից ռուսական զորքերի մասնակի դուրսբերումը վկայում է Ուկրաինային Հյուսիսատլանտյան դաշինքի աջակցության հաջողության մասին:
«Սա ցույց է տալիս Ուկրաինայի զինված ուժերի քաջությունն ու վճռականությունը, ինչպես նաև մեր մշտական աջակցության կարևորությունը», - ասել է Ստոլտենբերգը:
Ուկրաինայի իշխանությունները, սակայն, չեն հավատում Խերսոնը թողնելու մասին ռուսական կողմի հայտարարություններին: Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը հորդորում է ուկրաինացիներին ժամանակից շուտ չուրախանալ Խերսոնից ռուսների հեռանալու կապակցությամբ:
«Ուկրաինան նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանն առանց կռվի կլքի Խերսոնը: Ռուսական զորախմբի զգալի մասը մնում է քաղաքում, լրացուցիչ ռեզերվներ են բերվում տարածաշրջան: Ուկրաինան ազատագրում է տարածքներ՝ հիմնվելով հետախուզական տվյալների, այլ ոչ թե կազմակերպված հեռուստատեսային հայտարարությունների վրա», - գրել է Պոդոլյակը:
Երեկ երեկոյան Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հրահանգել է զինուժը դուրս բերել ուկրաինական Խերսոնից, որը Մոսկվան օկուպացրել էր պատերազմի սկզբում, ապա բռնակցել հանրաքվեով:
Ուկրաինայում տեղակայված ռուսական զորքի հրամանատար գեներալ Սերգեյ Սուրովիկինը Սերգեյ Շոյգուին առաջարկել է ռուսական ստորաբաժանումները Խերսոնի շրջանում Դնեպրի ձախ ափ տեղափոխել, և Շոյգուն ընդունել է առաջարկը:
«Շարունակեք զորքերի դուրսբերումը և ձեռնարկեք բոլոր միջոցառումները՝ ապահովելու համար անձնակազմի, զենքի և տեխնիկայի անվտանգ տեղափոխումը Դնեպրի մյուս ափ», - ասել է Ռուսաստանի պաշտպանության նախարարը:
Սուրովիկինն իր առաջարկը պատճառաբանել է Դնեպրի աջ ափին բանակի մատակարարման դժվարություններով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսաստանի պաշտպանության նախարարը հրահանգել է զինուժը դուրս բերել ԽերսոնիցՍա գործնականում նշանակում է հանձնել Խերսոնը: Եթե Դնեպրի աջ ափից, այդ թվում՝ Խերսոն քաղաքից դուրս գալու մասին Մոսկվայի հայտարարություններն իրական են, կստացվի, որ Ռուսաստանը նահանջել է փետրվարից զավթած տարածքի գրեթե կեսից արդեն:
Խերսոն քաղաքը, ի դեպ, միակ մարզկենտրոնն էր, որը ռուսները կարողացել էին գրավել այս պատերազմի ընթացքում:
Մինչ Ռուսաստանի պաշտպանության նախարարը Խերսոնից նահանջելու հրաման էր տալիս, ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը կրկին հայտարարում էր, որ Մոսկվան պատրաստ է Կիևի հետ բանակցություններին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զախարովա. «Մոսկվան չի հրաժարվել Կիևի հետ բանակցություններից, դրանք կվարի՝ հաշվի առնելով ի հայտ եկած իրողությունները»«Մենք դեռ բաց ենք բանակցությունների համար, մենք երբեք չենք հրաժարվել դրանցից: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարել՝ իհարկե, հաշվի առնելով այն իրողությունները, որոնք այսօր առկա են», - հայտարարել է Մարիա Զախարովան:
Ուկրաինայի նախագահի ադմինիստրացիայի ներկայացուցիչ Միխայիլ Պոդոլյակը, սակայն, երեկ ավելի վաղ հայտարարել էր, թե ուկրաինացիների կողմից Խերսոնի կամ մեկ այլ կարևոր քաղաքի ազատագրումը Մոսկվայի հետ բանակցություններ սկսելու մեկնարկային կետ չի լինի: Նրա խոսքով՝ Ռուսաստանը չի առաջարկում իրական խաղաղության բանակցային գործընթաց, այլ մտադիր է օգտագործել զինադադարը նոր հարձակման նախապատրաստվելու համար:
«Նախագահ Զելենսկին հստակ նշում է՝ եթե նրանք լքեն Ուկրաինայի տարածքը, դրանից հետո, իհարկե, հնարավոր է բանակցային գործընթաց: Սա է մեր բազային սկզբունքը», - ասել է Պոդոլյակը «Ազատության» "Настоящее Время" ծրագրին տված հարցազրույցում: