Մատչելիության հղումներ

Արևմտյան NASAMS և Aspide զենիթահրթիռային համակարգերը հասել են Ուկրաինա


NASAMS տեսակի ՀՕՊ համակարգ, արխիվ, Նիդերլանդներ, 19 մարտի, 2014թ.
NASAMS տեսակի ՀՕՊ համակարգ, արխիվ, Նիդերլանդներ, 19 մարտի, 2014թ.

Արևմտյան NASAMS և Aspide զենիթահրթիռային համակարգերը ժամանել են Ուկրաինա: Երկրի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը, շնորհակալություն հայտնելով Նորվեգիային, Իսպանիային և Միացյալ Նահանգներին, հայտարարել է, թե այդ համակարգերը զգալիորեն կամրապնդեն Ուկրաինայի անվտանգությունը՝ երկինքը դարձնելով ավելի ապահով:

Մինչ այդ ռուսական հարվածներից Ուկրաինայի էներգետիկ ենթակառուվածքները զգալիորեն վնասվել են, և այսօր՝ ձմռան շեմին, 4.5 միլիոն ուկրաինացի զրկված է էլեկտրաէներգիայից, ջեռուցումից կամ ջրից։ Առավել բարդ է վիճակը մայրաքաղաքում, իշխանությունները նախօրեին չեն բացառել բնակչության տարհանումը երեք միլիոնանոց քաղաքից:

Կիևի քաղաքապետը կիրակի երեկոյան հորդորել է բնակիչներին խուճապի չմատնվել, հավելելով, թե քաղաքի իշխանությունները ամեն ինչ անում են վատագույն սցենարից՝ տարհանումից խուսափելու համար․ «Մենք ամեն ինչ անում ենք, որ դա տեղի չունենա, բայց եկեք անկեղծ լինենք, մեր թշնամիներն էլ ամեն ինչ անում են, որ քաղաքը մնա առանց ջեռուցման, էլեկտրականության, ջրամատակարարման, և ընդհանրապես բոլորս մահանանք, սա է իրենց խնդիրը»։

Մինչ այդ, ութ ամսից ավելի տևող պատերազմի վերջը չի երևում։ Ամերիկյան The Wall Street Journalը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնում է, որ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը վերջին ամիսներին գաղտնի բանակցություններ է վարել նախագահ Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Յուրի Ուշակովի և Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ։ Թերթի դիվանագիտական անանուն աղբյուրները հայտնել են, որ բանակցությունները նպատակ են ունեցել «նվազեցնել Ուկրաինայի շուրջ ավելի լայն կոնֆլիկտի վտանգը և նախազգուշացնել Մոսկվային միջուկային կամ այլ զենքերի կիրառման անթույլատրելիության մասին»։ Ամերիկյան և ռուսական իշխանությունները, սակայն, այս տեղեկությունները չեն մեկնաբանել։

Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօ միայն ասել է, թե Մոսկվան շարունակում է բաց մնալ բանակցությունների համար, սակայն դրանք հնարավոր չեն Կիևի կոշտ դիրքորոշման պատճառով։ Առայժմ կողմերը ընդարձակում են ռազմական հնարավորությունները․ ուկաինական կողմը հայտնում է, որ ռուսները շարունակում են առաջխաղացման փորձերը Լուգանսկի և Դոնեցկի շրջաններում։ Ռուսական կողմի հաղորդմամբ էլ՝ ուկրաինական հարձակման հետևանքով օկուպացված Խերսոնը մնացել է առանց էլեկտրականության։

Միաժամանակ ռուսական օկուպացիոն իշխանությունները շարունակում են տարհանել խաղաղ բնակչությանը՝ պատրաստվելով քաղաքի համար առաջիկայում սպասվող ծանր մարտերին։

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը երեկ ասել է, թե Ուկրաինայի պատերազմում Խերսոնի համար ակնկալվող կռիվը վճռական նշանակություն կունենա՝ սպասվող բախումը համեմատելով Երկրորդ աշխարհամարտում Ստալինգրադի ճակատամարտի հետ:

Նոր աղմկահարույց փաստեր են ի հայտ գալիս ռուսական բանակի կորուստների մասին։ Երեկ ռուսական իշխանամետ մի շարք տելեգրամյան ալիքներ հաղորդել էին, որ Դոնեցկի մարզի Պավլովկայի շրջանում մարտերին մասնակցող 155-րդ ծովային բրիգադի զինծառայողները նամակ են գրել Պրիմորսկի երկրամասի ղեկավար Օլեգ Կոժեմյակոյին՝ բողոքելով մարդկանց ու տեխնիկայի մեծ և «անօգուտ» կորուստներից: Նամակի հեղինակները հաղորդել էին երեք օրում 300 սպանվածների, վիրավորների ու անհետ կորածների մասին ու նաև այս ամենի համար պատասխանատու գեներալների անուններ տվել։ Նահանգապետը հանձնարարել էր ստուգել տեղեկություններն ու իր քննությունը սկսել:

«Մենք ստացել ենք մեծ կորուստների, հրամանատարների որոշումների մասին հաղորդագրությունը։ Կապվել ենք Պավլովսկում տեղակայված հրամանատարության հետ։ Այո, կորուստներ կան, ծանր մարտեր են ընթանում։ Բայց հաղորդագրությունում նշված կորուստները հեռու են իրականությունից: Ամեն դեպքում մենք ուղարկել ենք նյութեր ռազմական դատախազություն», - ասել է նա։

Ընդ որում, սա վերջին մի քանի օրում մոբիլիզացվածների հետ կապված արդեն երկրորդ լայն արձագանք ստացած սկանդալն է։ Ավելի վաղ Վորոնեժի շրջանի մոբիլիզացվածների հարազատներն էին դիմել մարզի նահանգապետին և պահանջել շաբաթներ առաջ զորակոչվածներին դուրս հանել առաջնագծից։ «Վյորստկա»-ը հրատարակությունը հայտնել էր, որ մի քանի օր առաջ հրամանատարությունը պարզապես լքել էր մոբիլիզացվածների՝ Լուգանսկի մարզի Սվատովոյի մոտ ինտենսիվ ռմբակոծության տակ հայտնված ստորաբաժանումը։ Չճշտված տվյալներով՝ շուրջ 500 մարդ է զոհվել։

XS
SM
MD
LG