Սպառնալիքներ, մեղադրանքներ, պահանջներ, դժգոհություններ, ռազմատենչ հայտարարություններ Հայաստանի հասցեին` Ադրբեջանի նախագահի կողմից:
Իլհամ Ալիևը այսօր`44-օրյա պատերազմում տարած հաղթանակի առթիվ ելույթի մեծ մասը նվիրել է Հայաստանին՝ միայն այդ անվանումն արտաբերելով 36 անգամ։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Հայաստանն ու Ադրբեջանը պատրաստվում են 2 ամսից խաղաղության պայմանագիր կնքելԻնչպես անցած երկու տարիներին, այս անգամ էլ Ադրբեջանի նախագահը հաղթական միջոցառմանը ներկայացել էր զինվորական համազգեստով, ելույթ էր ունենում բռունցքը վեր պարզած՝ այն է՛լ ավելի սեղմում և ավելի վեր պարզում՝ հատկապես հարևան Հայաստանի մասին խոսելիս։
Ոչ միայն Հայաստանից, այլև ոչ ոքից չի վախենում Ադրբեջանը, հայտարարում էր Ալիևը և հավելում՝ «եթե վախեցող լինեին` 44-օրյա պատերազմը չէին սկսի», և «Հայաստանը պետք է իմանա ՝ Ադրբեջանի բանակը հիմա ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ»։
«Ինչպես կառուցվածքային բարեփոխումները, այնպես էլ նոր կազմավորումների ստեղծումը, միևնույն ժամանակ, առկա կազմավորումների թվի ավելացումը, դրանց զենք-զինամթերքով մատակարարումները, նոր տեխնիկական հագեցվածությունը իրականացվում են ամենաբարձր մակարդակով։ Ադրբեջանական բանակն այժմ ավելի ուժեղ է, քան երկու տարի առաջ էր, և դա պետք է իմանան բոլորը՝ Հայաստանը և յուրաքանչյուր ոք», - ասել է Իլհամ Ալիևը։
Թեև Բաքուն շարունակ հայտարարում է, թե պատրաստ է խաղաղության, սակայն այսօր երկրի առաջնորդը պնդել է, թե շարունակում են հսկայական գումարներ ծախսել բանակի վրա: Ալիևի խոսքով` ստիպված են, քանի որ նույնիսկ պատերազմում պարտվելուց հետո Հայաստանից վտանգ են տեսնում։
«Հայաստանում ռևանշիստական ուժերը գլուխ են բարձրացնում և Բաքուն պետք է պատրաստ լինի ետ մղելու թշնամական գործողությունները», - Ադրբեջանի նախագահը հաջորդ տարվա ռազմական ռեկորդային հատկացումները այսպես է բացատրել:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արյունալի մարտեր, փխրուն հրադադար հայ-ադրբեջանական սահմանինՄինչ Արևմուտքը դատապարտում է սեպտեմբերյան հարձակումն ու պահանջում դուրս բերել զորքերը Հայաստանի տարածքից, Ալիևը հրապարակավ հպարտացել է, թե այժմ ադրբեջանա-հայկական սահմանի հիմնական ռազմավարական բարձունքները գտնվում են Բաքվի վերահսկողության տակ, և որ Հայաստանը պետք է հասկանա՝ ինչ է դա նշանակում։
Ադրբեջանի առաջնորդը պարզաբանեց՝ դա նշանակում է, որ ռազմավարական այդ բարձունքների դիտակետում են Կապանը, Գորիսը, Սևանա լիճը, ինչպես նաև հայկական զինուժի դիրքերի մեծ մասը։
«Այդ իրողությունները Բաքուն ստեղծել է մի քանի պատճառով, այդ թվում՝ Հայաստանի կողմից միջազգային պարտավորությունների չկատարման պատճառով», - պնդեց Ալիևը` կրկին բարձրացնելով «Զանգեզուրի միջանցքի» հարցը և կրկին այն կապելով Լաչինի միջանցքի հետ:
«Երկու տարի է՝ մենք ձեռք չենք տալիս Լաչինի ճանապարհով Հայաստանից Ղարաբաղ և հակառակ ուղղությամբ երթևեկող մեքենաներին։ Մենք պարտավորություն ենք վերցրել և կատարում ենք այն։ Հայաստանը նույնպես պարտավորություն է ստանձնել, որպեսզի ճանապարհային կապ լինի Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև։ Անցել է երկու տարի, չկա տեխնիկա-տնտեսական հիմնավորում, գործողություն, երկաթգիծ, ճանապարհ։ Որքա՞ն պետք է սպասենք»։
Թե երբ և ինչ փաստաթղթերով է պաշտոնական Երևանը «Զանգեզուրի միջանցքի» իրականացման շուրջ պարտավորություն ստանձնել, Իլհամ Ալիևը չի հստակեցրել։ Պաշտոնական Երևանը հակադարձում է` 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի և Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ ընդունված որևէ հայտարարությունում «Զանգեզուրի միջանցքի» մասին որևէ խոսք չկա։
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Խաղաղապահների մանդատը երկարացնելու մեր առաջարկը մերժվել է»․ ՓաշինյանԱդրբեջանի առաջնորդն իր ելույթում շարունակաբար պնդում էր՝ Հայաստանը պետք է դասեր քաղի վերջին երկու տարվա իրադարձություններից՝ 44-օրյա պատերազմից, Փառուխի դեպքերից, սեպտեմբերյան բախումներից. «Նրանք պետք է հասկանան՝ կրակի հետ խաղալը թանկ կնստի իրենց վրա»։
Հպանցիկ անդրադառնալով Արցախում տեղակայված ռուս խաղաղապահներին, Ալիևն ընդգծել է՝ նրանք այնտեղ ժամանակավոր են տեղակայված, և եթե հայկական կողմը ինչ-որ մեկի վրա հույս դնի, նոր ողբերգության կբախվի։ Ադրբեջանի ղեկավարն ակնարկել է՝ Երևանը թող հույսեր չկապի նաև Իրանի հետ, «որն ի պաշտպանություն Հայաստանի՝ զորավարժություններ է իրականացնում»։
«Չենք վախենում», - արձագանքել է Ալիևը՝ շեշտելով, որ Ադրբեջանին զսպում է ոչ թե Հայաստանի ինչ-որ հովանավորի հայտարարություն, այլ Բաքվի «սեփական քաղաքականությունը»:
Հերթական անգամ հայտարարելով, որ Ադրբեջանի համբերությունն անսահման չէ, Իլհամ Ալիևն այսօր կրկին պահանջ է ներկայացրել Հայաստանի իշխանություններին` դուրս բերել զորքը Լեռնային Ղարաբաղից, հակառակ դեպքում սպառնացել՝ Ադրբեջանը համապատասխան քայլեր կձեռնարկի։