Մատչելիության հղումներ

Թեհրանում մեկնարկել են Փաշինյան-Ռաիսի բանակցությունները


Փաշինյան-Ռաիսի հանդիպում Նյու Յորքում, 22-ը սեպտեմբերի, 2022թ․
Փաշինյան-Ռաիսի հանդիպում Նյու Յորքում, 22-ը սեպտեմբերի, 2022թ․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Թեհրան՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի հրավերով, փոխանցում է IRNA գործակալությունը։

Ըստ իրանական MEHR-ի՝ «Սաադաբադում» մեկնարկել են Փաշինյան-Ռաիսի բանակցությունները։

Իրանական լրատվամիջոցները հայտնում են, որ կքննարկվեն երկկողմ և տարածաշրջանային հարցեր, կստորագրվեն համագործակցության փաստաթղթեր։ Երկու երկրների ղեկավարները հանդես կգան մամուլի ասուլիսով։ Իրանական պետական լրատվամիջոցների փոխանցմամբ, Փաշինյանը կհանդիպի Իրանի մի շարք այլ պաշտոնյաների հետ։

«Կարևոր է Իրանի հետ հարաբերությունների սերտացումը»

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը հատկապես հայ-ադրբեջանական հարաբերությունների լարվածության ֆոնին կարևոր է համարում հարևան Իրանի հետ հարաբերությունների սերտացումն ու ընգծում՝ սա Հայաստանի համար լավ հնարավորություն է նաև անվտանգության ռիսկերը կառավարելու առումով։

«Նկատի ունեմ այն ռիսկերը, որ, մասնավորապես, պայմանավորված են Սյունիքի հանդեպ հնարավոր հավակնություններով, որ ունի Ադրբեջանը, էլ չեմ խոսում իհարկե այլ կարևոր արդեն երկարաժամկետ ռազմավարական ուղղություններով Իրանի հետ աշխատանքի անհրաժեշտությունը», - ասաց Բադալյանը։

Մոտ երկու շաբաթ առաջ Հայաստանում էր Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, նա Կապանում մասնակցեց Իրանի գլխավոր հյուպատոսության բացմանը։

21-ը հոկտեմբերի, 2022թ․
21-ը հոկտեմբերի, 2022թ․

Իրանցի բարձրաստիճան դիվանագետը վերահաստատեց՝ Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում պատմական սահմանների փոփոխությունը։ Հայաստանում եվրամիության դիտորդական առաքելության տեղակայման ֆոնին նա նաև շեշտեց, որ Իրանը դեմ է տարածաշրջանում օտարերկրյա ներկայությանը։

Քաղաքական մեկնաբանը կարծում է, որ պաշտոնական Երևանը պետք է Թեհրանի հետ բանակցություններն այնպես վարի, որ Հայաստան-Արևմուտք հարաբերությունները չդառնան Իրանի հետ հարաբերությունների պատանդ, ոչ էլ հակառակը։

Բադալյանի խոսքով՝ Արևմուտքն էլ Իրանի հետ Հայաստանի հարաբերությունների հանդեպ է շատ զգայուն։

Հակոբ Բադալյան
Հակոբ Բադալյան

«Մենք հասկանում ենք, որ էդ թեման Իրանի համար միշտ է եղել զգայուն, և շատ կարևոր է, որպեսզի Հայաստանը Թեհրանի հետ հարաբերության համատեքստում կարողանա հասկանալի և բավական անկեղծ մակարդակում բացատրել, որ Հայաստան-Արևմուտք շփումները չունեն ռեգիոնում աշխարհաքաղաքական փոփոխություն բերելու նպատակ և զուտ պայմանավորված են Հայաստանի անվտանգության այն ռիսկերը կառավարելու, այն մտահոգությունները փարատելու նպատակ, որի մասին հենց Իրանն ինքն էլ խոսում է, որ Հայաստանի անվտանգությունը դա նաև իր անվտանգությունն է», - ասաց Բադալյանը։

Ըստ իրանական աղբյուրների՝ նախատեսվում է նաև հայ-իրական փաստաթղթերի ստորագրում։

Բադլայանը չի բացառում, որ Փաշինյանի այցի ընթացքում նաև ռազմատեխնիկական գործակցության վերաբերյալ քննարկում լինի։

XS
SM
MD
LG